ՄԵՂՎԱՊԱՀ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ

mexvapah

Հայաստանի 2014 թվականի շախմատի չեմպիոն Տիգրան Քոթանջյանն այս պահին «ընդհատակում»  է: Այս տարվա առաջնությանը  նա  այդպես էլ չմասնակցեց: «Ճամփորդ»-ի  հետ զրույցում 34-ամյա շախմատիստն անդրադարձել է շատերի համար անհասկանալի իր պասիվությանն ու  վերջին շրջանի «ստվերային»  գործունեությանը: Պարզվում է, որ Տիգրանը շախմատի պարապմունքներ դասավանդելուց զատ, նաև մեղվապահությամբ է զբաղվում: Իր փեթակների և մեղուների մասին խոսելիս, նրա աչքերը փայլում են: Միանգամից  զգացվում է, թե որքան թանկ են այդ ժրաջան միջատները նրա համար:

– Հիշո՞ւմ եք շախմատում Ձեր առաջին քայլերը:

 – Շախմատ խաղալ  ինձ պապիկս է սովորեցրել: Շախմատի տուն սկսել եմ հաճախել 9 տարեկանից: Մայրս ուզում էր, որ լողի հաճախեի, իսկ ես չէի ուզում: Ու որպեսզի ոչ ոք չնեղանար ու բոլոր կողմերն էլ գոհ լինեին՝ սկսեցի հաճախել թե՛ լողի, թե՛ շախմատի: Մոտ 4 տարի զբաղվեցի լողով: Բացարձակապես հաջողություններ չունեի, իսկ շախմատում ամեն ինչ այլ էր, սիրով էի մասնակցում պարապմունքներին:Հետո արդեն, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ընդունվելուց հետո, պարզ էր, որ պրոֆեսիոնալ շախմատիստ դառնալու ճանապարհին եմ: 1999 թվականին դարձա Հայաստանի 18 տարեկանների առաջնության հաղթող:

– Որո՞նք եք համարում Ձեր ամենանշանակալի հաջողությունները շախմատում:

 –  Ամենանշանակալի հաջողությունը Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելն էր: Սակայն կարող եմ նշել նաև Դուբայի բաց առաջնությունում (2009) և «Աերոֆլոտ օփենի» (2011) B մրցաշարում տարածս հաղթանակները:

– Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո սկսել էլ ավելի սակավ մասնակցել մրցումներին: Դա ինչ-որ բանով  պայմանավորվա՞ծ  է:

 – Մոտիվացիան է նվազել: Ինձ համար ակնհայտ է, որ աշխարհի չեմպիոնի կոչման համար չեմ կարող պայքարել, իսկ ՀՀ չեմպիոն արդեն դարձել եմ: Բնականաբար հարց է ծագում՝ ինչի  համար պայքարել:

– Այսինքն՝ բարձրագույն խմբի վերջին առաջնությանը մասնակցելու հրավեր ունեիք, բայց մերժեցի՞ք:

 – Ոչ, նախավերջին(2015) առաջնությանը մասնակցելու հրավեր կար, որտեղ խաղացել եմ, իսկ վերջին առաջնությանը մասնակցելու հրավեր չունեի: Ինձ առաջարկեցին խաղալ առաջին խմբում, իսկ ես կարծում եմ, որ բարձրագույն խմբի հաղթողը չպետք է հանդես գա առաջին խմբում, այդ իսկ պատճառով էլ մերժեցի: Քիչ խաղալու պատճառով վարկանիշս ընկել է, եթե բարձրացնեմ ու տեղ ունենամ բարձրագույն խմբի առաջնությունում, հնարավոր է և խաղամ:

– Հետաքրքիր է, ուսումնասիրե՞լ եք «հարաբերական դադարում» հայտնված այլ շախմատիստների փորձը:

 – Յուրաքանչուրը յուրովի է լուծում այս հարցը: Ոմանք պարզապես շարունակում են խաղալ՝ համարելով, որ դա նրանց կյանքի կոչումն է: Ոմանք փորձում են ուժերն այլ ոլորտում: Երկու տարբերակն էլ ընդունելի է: Գիտեք՝ ինչպես ցանկացած մարզաձևում, շախմատում ևս սերնդափոխություն է տեղի ունենում: Ոչ ոքի համար թերևս գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստը կամ թենիսիստը 32-33 տարեկանից հետո ավարտում է մարզական կարիերան: Իսկ այ, երբ շախմատիստը չի խաղում այդ տարիքում՝ արդեն զարմանալի է: Վստահ եմ՝ շախմատում ևս տարիքը մեծ դեր ունի, պարզապես շախմատում դա այնքան էլ վառ չի երևում, ինչպես մյուս մարզաձևերում:

– Նույն ֆուտբոլիստները հաճախ մարզական կարիերայի ավարտից հետո չկարողանալով ադապտացվել այլ ոլորտներում՝ դառնում են մարզիչներ, գործակալներ, վերլուծաբաններ:  Ապագայում Ձեզ որպես  ուսուցիչ տեսնո՞ւմ  եք:

 – Այժմ էլ աշակերտներ ունեմ: Պարապում եմ և՛ մարզադպրոցում և՛անհատապես: Բայց չեմ կարող ասել, թե կյանքս առանց շախմատի չեմ պատկերացնում: Տևական ժամանակ  է, ինչ մեղվաբուծությամբ եմ զբաղվում:

– Եթե գաղտնիք չէ՝ երբվանի՞ց , և ումի՞ց եք սովորել:  

– Մոտ 5 տարի առաջ: Ումից որ փեթակները գնել եմ, նա էլ սովորեցրել է: Շատ լավ ուսուցիչ էր: Կարծում եմ, որ մեղվաբուծությունն արդար աշխատանք է: Ինչպես կվարվես մեղուների հետ, նույնատիպ պատասխան էլ նրանցից կստանաս: Իմ պատկերացմամբ մեղուները իդեալական միջատներ են և նրանցից շատ բան կա սովորելու: Նույնիսկ վարկած կա, որ մեղուները այլմոլորակայիններ են(ժպտում է, –խմբ.):

– Քանի՞ փեթակ ունեք: Անձա՞մբ եք հետևում «գործարանի» աշխատանքին:

– Ներկա պահին  25 փեթակ ունեմ: Անձամբ եմ հետևում , որ ժամանակին տեղափոխվեն: Գարնանը պետք է տաք վայրում լինեն: Հունիսից պետք է փեթակները լեռներ բարձրացնել: Անընդատ սովորում եմ, այս գործում շատ են նրբությունները:

– Իսկ մեղրը վաճառո՞ւմ եք, թե՞ հարազատների և ընկերների համար է:

 – 25 փեթակից կարող ես 400-500 կգ մեղր ստանալ ու վաճառել, բայց եկամուտ չես ստանա: Եթե 80 փեթակ ունենաս, եկամուտ էլ կլինի:

– Եղե՞լ է, որ մեղուների  պատճառով  մրցման չմասնակցեք:

 – Այո, մեկ անգամ եղել է: Հրաժարվեցի Աբու Դաբիի բաց առաջնությանը մասնակցելուց,քանի որ հունիս ամսին էր, իսկ ես պետք է փեթակները տեղափոխեի:

Զրուցեց՝ Գարեգին Ալեքսանյանը

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register