ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՂՐԻ ԴԱՌՆՈւԹՅՈւՆԸ

1

Շնողում բնակվող Ալիխանյանների ընտանիքը մի քանի տասնամյակ է, զբաղվում է մեղվապահությամբ: Այն Ալիխանյանների համար եկամտի հիմնական աղբյուրն է: Լևոն Ալիխանյանն այս գերդաստանի երրորդ սերունդն է, ով գյուղում ապրելով, նախընտրել է զբաղվել ոչ թե գյուղատնտեսությամբ, այլ մեղվապահությամբ: Ասում է՝ ցանկացած գործով զբաղվելիս պետք է սիրով անես, որ հաջողության հասնես:

Մեղավաբուծության նրբություններն Ալիխանյանները փոխանցում են սերնդեսերունդ: Փորձառու մեղվապահն այսօր էլ իր զավակներին ու թոռներին է հաղորդում այն, ինչն ստացել է իր պապերից ու սեփական փորձառության ընթացքում:

«Մինչև վերջերս մեր ստացած մեղրն այնքան արագ էր վաճառվում, որ ձմռանն արդեն չէինք ունենում»,- ասում է զրուցակիցս: Վերջին տարիներին, սակայն, վաճառքի ծավալները կրճատվել են ոչ միայն շնողցի մեղվապահի, այլև տարածաշրջանի բոլոր մեղվապահների մոտ: Ասում են՝ պատճառը մարդկանց ֆինանսական վիճակի վատթարացումն է:

«Ճիշտ է, սա չփչացող ապրանք է, բայց նախընտրելի է, որ տարվանը տվյալ տարին վաճառեմ: Մինչև անցած տարի ես տարեվերջին այլևս մեղր չեմ ունեցել, բայց անցած տարվանից սկսել է մնալ: Մեղրը մի քիչ թանկարժեք է որպես դեղամիջոց, սննդատեսակ, մարդիկ դժվարանում են մեծ քանակությամբ գնել, բայց նաև պետք չի մոռանալ, որ այն այնքա՜ն օգտակար է»,- նշում է Լ. Ալիխանյանը:
Մի քանի տասնյակ փեթակներ ունեցող մեղվապահն ամեն տարի սեփական մեղրը ստուգման է ներկայացնում լաբորատորիաներում, որպեսզի հաճախորդներին կարողանա վստահորեն ասել՝ մեղրը բնական է:

«Ես ինքս չեմ կարող որոշել մեղրի իսկական լինել-չլինելը, իմ փորձով հանդերձ ես չեմ կարող հստակ ասել՝ դա բնական է, թե՝ ոչ, որովհետև երբեմն այնքան հմտորեն են մեղրը «սարքում», որ «ֆալշը» չեմ կարողանում հասկանալ: Միայն լաբորատոր հետազոտության արդյունքում դա պարզ կլինի»:

Մեղրի իրացման հարցը հուզում է հայաստանյան բազմաթիվ մեղվապահների: Խնդրի լուծումը նրանց մեծ մասը տեսնում է մեղրի մեծաքանակ արտահանման հնարավորությունների ընձեռնման մեջ:

Լ. Ալիխանյանն ասում է՝ մի քանի անգամ փորձել է արտահանել իր մեղրը, սակայն ինչ-ինչ խնդիրներ են առաջացել: Վստահ է՝ եվրոպական շուկայում հայկական մեղրն իր բարձրորակության արդյունքում մեծ հաջողություններ է գրանցելու:

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register