ՋԻՆՍԻ ԵՎ ՄՈՒՐՃ ՈՒ ՄԱՆԳԱՂԻ ՍԵՐՈՒՆԴԸ…

jins

  «ԼԱՎ ԷՐ, ԱՊՐՈՒՄ ԷԻՆՔ…»

 Ես ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի առաջ եմ ծնվել: Գիտակցական կյանքիս ընթացքում  երբեմնի խոշոր պետության մասին միմյանցից  ծայրահեղորեն տարբերվող երկու կարծիք եմ լսել: Առաջին «ճամբարում» հիմնականում աշխատասեր, գուցե իրենց լավագույն տարիները ԽՍՀՄ-ում անցկացրած մարդիկ էին, որոնք  գովաբանում էին(են) Խորհրդային միությունը:

«Մարդը չէր կարող չաշխատել, նրա համար բոլոր հնարավորությունները ստեղծում էին: Բոլորն աշխատում էին (ինչպես հետագայում էր պարզվում, նաև՝ գողանում): Ցերեկային կինոսեանսների ժամանակ պետական անվտանգության կոմիտեի աշխատողները մտնում էին, ստուգում փաստաթղթերը և փորձում պարզել, թե ինչու այնտեղ գտնվողներն այդ ժամին աշխատանքի կամ ուսման վայրում չեն: Ամենահասարակ բանվորն իսկ հանգստավայր մեկնելու հնարավորություն ուներ. ապրում էինք: Իսկ այժմ՝ գոյատևում»:

Ահա ԽՍՀՄ-ի մասին շատերից լսած ընդհանրական միտքը:

Գյումրեցի ընկերս՝ Արմենակը, մեկ անգամ բնութագրելով մի երիտասարդի, այսպիսի բան ասաց. «Օրինակ՝  եթե նրան ամսական 200 դոլար աշխատավարձով աշխատանք առաջարկես , նա երբեք չի համաձայնվի, իսկ եթե դու նրան առաջարկես ամսական 100 դոլար աշխատավարձ և աչք-ունքով հասկացնես, որ ևս 100 դոլար նա կարող է վաստակել «կողքից», նա ակնթարթորեն կհամաձայնվի»:

Առաջին հայացքից այս ֆանտաստիկ միտքը պրոյեկտելով ԽՍՀՄ-ում վարակի նման համատարած  դարձած գողության վրա, հասկացա, որ մարդկանց իսկապես ցնցել, ապշեցրել և ցավոք անդառնալիորեն կուրացրել է «կողմնակի եկամուտ» կոչվածը: Ասում են՝ տեքստիլ ֆաբրիկայում աշխատողների 90 տոկոսը  գողացել են ու որպես արդարացում  հավելում՝ «Դե, չէին կարող չգողանալ, բոլորն էին տանում: Գործարանից դուրս գալուց, իհարկե, ստուգում էին, բայց ամեն մեկը մի 8-10 «մայկա» հագած դուրս էր գալիս: Մի ուրիշ տեղ էլ երշիկ էին տանում, մեկ այլ տեղ՝ պղինձ, երկաթ և շինարարական նյութեր»:

Անցած տարվա դեկտեմբերի 7-ին, «Թվապատում» մեդիա կոնֆերանսի ժամանակ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը, ներկայացրեց «Լրատուն» մեդիա թանգարանը և «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» հետազոտությունը: Պարզվում է, որ աղետի գոտում շենքերի մեծ մասը չեն համապատասխանել սահմանված նորմերին և դրանք սեյսմակայուն չեն եղել: Համատարած թալանի ժամանակ շինարարները նույնպես գողացել են, մինչդեռ  նրանց ազնվության դեպքում մենք կարող էինք նաև այդքան զոհ չունենալ: Իսկ այդքան սիրված ԽՍՀՄ-ն էլ գուցե չփլուզվեր, եթե կաթնատու կովի նման չկթեին նրան:

ԽՍՀՄ-ում որևէ լավ բան չկար

Ահա երկրորդ հակադիր կարծիքը, որ տարիների ընթացքում սկսեցի լսել առավելապես ստեղծագործ մարդկանցից: Խոսքի ազատություն չկար, չէիր կարող գտնել և կարդալ քո ուզած  գրքերը, արտերկիր չէիր կարող մեկնել, քաղաքական ընտրության, ազատ ստեղծագործելու հնարավորություն չունեիր: Հենց այս մտքերն է, որ սարսափեցնում է ԽՍՀՄ-ի մասին մտածելիս: Չկա ընտրություն, ընտրությունը մեկն է:

Վերջերս էլ «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հաջողությունների մասին, նկատեց, որ ԱՄՆ-ում հաջողության են հասել և ԽՍՀՄ-ի հետ մրցավազքում հաղթել են իրենց քաղաքացիներին ազատ ստեղծագործելու հնարավորություն տալով, իսկ հետո նաև՝  անընդհատ ամենահաջող գաղափարներն օգտագործելով: ԽՍՀՄ-ում, ընդհակառակը, ամեն մի ոլորտում պետության դերը անչափ մեծ էր, նույնիսկ նախանշված էր, թե մարդը երբ պետք է արթնանա:

Ջինսի սերունդը

ԽՍՀՄ-ի մասին  մտորման  տեղիք տվեց վրացի գրողի՝ Դաթո Տուրաշվիլու «Ջինսի սերունդ» (թարգմանական մեկ այլ տարբերակով՝ «Փախուստ ԽՍՀՄ-ից») վիպակը: 2008 թվականին լույս տեսած գիրքը Վրաստանում մեծ ժողովրդականություն է վայելում, թարգմանվել է մի շարք լեզուներով և լավ վաճառվել Արևմուտքում: «Ջինսի սերունդը» պատմում է 1983 թվականին Թբիլիսիում ապրող մի խումբ երիտասարդների մասին, որոնք ջինսերով և արևմուտքով կլանված, ինչպես նաև ԽՍՀՄ-ում տիրող անարդարությունից ճնշված, որոշում են ինքնաթիռ առևանգել և, «պատռելով երկաթե վարագույրը», ստիպել օդաչուին վայրէջք կատարել Թուրքիայում, այնուհետև փախչել Ամերիկա: Գիրքը հենված է իրական փաստերի վրա: Կարդալուց հետո անորոշության զգացում է առաջանում: Նախ այն  գլխավորապես գրված է արևմտյան ընթերցողների համար, ովքեր ԽՍՀՄ-ի մասին առանձնապես  գաղափար չունեն և գիտեն միայն տրաֆարետային՝ Ռուսաստան, Ստալին, Գորբաչով-ի մասին: Ասես ողջ գիրքն ուղեցույց լինի, ամեն էջում նկարագրում է, թե որքան վատն էր տխրահռչակ ԽՍՀՄ-ը: Ըստ հեղինակի՝ հատուկ ջոկատայինները կրակ են բացել ինքնաթիռի վրա՝ վնաս հասցնելով և սպանելով անմեղ մարդկանց: Հեղինակը ցանկացել է ընդգծել, որ ԽՍՀՄ իշխանությունների համար իր քաղաքացիները գրոշի արժեք իսկ չեն ունեցել: Դաթո Տուրաշվիլին իր վեպում անդրադառնում է  նաև գնդակահարման պրոցեսին , ու այն տպավորությունն է ստեղծվում, թե 1937 թվականի դեպքեր են նկարագրվում, փորած փոս, ծոծարակին արձակված գնդակ: Երիտասարդների խումբը, որ որոշել էր աղմուկով ծլկել ԽՍՀՄ-ից, հիմնականում ստեղծագործողներ են եղել: Սակայն, որքան ինձ է հայտնի, արդեն 80-ականների սկզբներին որոշ ջանք թափելով հնարավոր էր արտերկիր մեկնել որպես տուրիստ, այդ դեպքում ինչո՞ւ են ջահելները առևանգում ինքնաթիռ և վտանգում այդքան մարդու կյանք: Գուցե նրանց նպատակը փառաբանված Արևմուտքին հանձնվելն էր…Ով գիտե…

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register