ԱՄԵՆԱՀԱՆԴՈւԳՆ ՓԱԽՈւՍՏՆԵՐԸ «ՍՈՎԵՏԻՑ»

3

 Խորհրդային միությունն աշխարհին հայտնի էր որպես փակ պետություն, որից դուրս գալն անասելի բարդ էր: «Օձն իր պորտով, հավքն իր թևքով» այնտեղից փրկվել չէին հանդգնի: Սառը պատերազմի տարիներին  հատկապես՝ ԽՍՀՄ սահմանները խիստ հսկողության տակ էին առնված. սովետն իր քաղաքացիներին արտերկրյա միջամտություններից պաշտպանում էր, այսպես կոչված, «երկաթե վարագույրի» միջոցով:

Արտերկրյա վիզա ստանալն  այդ ժամանակահատվածում անչափ բարդ էր: Արտերկիր մեկնողների հնարավոր փախուստն ու «դասակարգային թշնամիների» հետ վերջիններիս «անհարկի», «չհավատարմագրված» շփումը բացառելու համար՝ ուղեկցում էին հատուկ ծառայության աշխատակիցները: Վստահաբար շատերդ եք առիթ ունեցել լսելու, թե ինչպես է ինչ-որ մեկը առանձնակի պարծանքով պատմում՝ խորհրդային տարիներին արևմտյան  այս կամ այն երկիր մեկնելու մասին:

Չվերադարձողների հանդեպ օրենքը շատ դաժան էր. նրանք հայտարարվում էին հայրենիքի դավաճան, տեղի էր ունենում ունեցվածքի ամբողջական բռնագանձում, բռնվելու դեպքում էլ` 10 -ամյա կալանքից մինչև գնդակահարություն` կախված նրանից, թե ով էր փախուստի դիմողը, ինչ պաշտոն էր զբաղեցնում և ինչ հանգամանքներում էր հանդգնել կտրել «երկաթե վարագույրը»: Օգտվելով արտերկրում մրցաշարերի մասնակցելու հնարավորությունից՝ այդ տարիներին առավել հաճախ փախուստի են դիմել մարզիկները: Շատ են  եղել նաև արտերկիր այցելելու արտոնագիր ունեցող հատուկ ծառայությունների աշխատակիցները: Նրանց զգալի մասը միանշանակ օտարերկրյա հատուկ ծառայությունների, մի մասն էլ` «կրկնակի գործակալներ» են եղել, որոնք, իբր ԽՍՀՄ-ից փախուստի դիմելով` հաջողությամբ  ներդրվել են  ԱՄՆ-ում կամ այլ երկրներում:

Փախուստի դիմածների մեջ շատ են եղել գրողները, գիտնականներն ու արվեստագետները: Ամենաուշագրավ դեպքերից մեկը տեղի է ունեցել 1967 թվականին, երբ Իոսիֆ Ստալինի դուստրը` Սվետլանա Ալելուևան մեկնել է Հնդկաստան, որտեղ էլ Միացյալ Նահանգների դեսպանատնից քաղաքական ապաստան է խնդրել:

Յուրաքանչյուր փախուստ յուրովի է եղել` մանրամասն ծրագրված կամ հանպատրաստից իրականացված,  կամքի ուժի մեծագույն լարումով կամ մեծամասշտաբ հանցագործության ուղեկցությամբ: Ստորև մենք առանձնացրել ենք ամենաուշագրավ, ժամանակին հանրային մեծ հնչեղություն ստացած դեպքերից մի քանիսը:

Վիկտոր Բելենկո – 1976 թվականին «ՄիԳ-25» կործանիչը (գաղտնի սարքավորումներով հանդերձ) վայրէջք է կատարել Ճապոնիայում: 29-ամյա օդաչու Բելենկոն ԱՄՆ դեսպանատնից քաղաքական ապաստան է խնդրել: ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից  ինքնաթիռի չբացահայտման նպատակով, օդաչուն սավառնել է ծովի մակերևույթից ընդամենը 30 մետր բարձրության վրա: 1976 թվականին Բելենկոն տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ ապրում է մինչ այժմ: Խորհրդային ինքնաթիռների ուսումնասիրման առումով՝ նրա փախուստը հսկայական օգուտ է տվել ԱՄՆ-ի ավիացիային: ԽՍՀՄ հատուկ ծառայությունները նրա սպանության մասին լուրեր են տարածել, որպեսզի  այդ կերպ այլ օդաչուների մոտ «սպանեն» փախուստի գաղափարը:

5

Ստանիսլավ Կուրիլով – 1974 թվականի դեկտեմբերի 8-ին Վլադիվոստոկից խորհրդային մարդատար շոգենավն ուղևորվել է դեպի հասարակած` Ֆիլիպինների ուղղությամբ: Ծրագիրը կոչվել է «Ձմռանից` ամառ» ( նկատի է առնվել՝ հյուսիսային կիսագնդում ձմեռ, հարավայինում ամառ լինելու հանգամանքը): Շոգենավը որևէ երկրի նավահանգիստ մտնելու ծրագիր չի ունեցել, այդ իսկ պատճառով էլ ուղևորները վիզայի խնդիր չեն ունեցել: Շարքային քաղաքացիները հնարավորություն են ունեցել մասնակցել նման  ուղևորության: Շոգենավի այս ճանապարհորդության ժամանակ է տեղի ունեցել ամենահամարձակ փախուստներից մեկը: Դեկտեմբերի 13-ի գիշերը, օվկիանոսագետ Կուրիլովը, հաշվարկելով շոգենավի հետագիծը, ցատկել է ջուրը և ավելի քան երկու օր՝ մինչև ցամաքին հասնելը՝ լողալով կտրել 100 կմ տարածք: Նրա նոր հանգրվանը եղել է ֆիլիպինյան Սիարգաո կղզին: Ավելի ուշ օվկիանոսագետը տեղափոխվել է Կանադա, որտեղ էլ ստացել է քաղաքացիություն և աշխատել իր մասնագիտությամբ: Փախուստի ժամանակ Կուրիլովի բախտը մի քանի տեսանկյունից բերել է. այդ ժամանակ եղել է անարև եղանակ, ճանապարհին հանդուգն օվկիանոսագետը չի հանդիպել շնաձկների, էներգատար փախուստի ժամանակ նա չի կորցրել ընտրած ուղղությունը, Ֆիլիպինները «կարգազանցին» հետ չեն հանձնել ԽՍՀՄ-ին:

8

Պավել Յաշկինյանց և ընկերներ – Օրջոնիկիձե (ներկայիս Վլադիկավկազ) քաղաքում 1988 թվականի դեկտեմբերի 1-ին Յաշկինյանցը և ընկերները(Վլադիմիր Մուրավլյովը, Գերման Վիշնյակոըվ, Վլադիմիր Անաստասովը և Տոֆիկ Ջաֆարովը) առևանգել են դպրոցական ավագ դասարանի աշակերտներով ավտոբուսը: Պատանդներին բաց թողնելու դիմաց նրանք պահանջել և ստացել են ինքնաթիռ և 2 միլիոն դոլար գումար: Դպրոցականներից կազմված պատնեշի կիրառմամբ առևանգիչները ներխուժել են ինքնաթիռ: Բաց թողնելով երեխաներին` ինքնաթիռի անձնակազմի հետ նրանք ուղևորվել են Իսրայել, որն այդ պահին ԽՍՀՄ-ի հետ հանցագործների վերադարձման ծրագիր չուներ: Յաշկինյանցը և ընկերները մտադիր են եղել 1 միլիոն դոլարով կաշառել Իսրայելին և ճողոպրել ՀԱՀ: Այնուամենայնիվ, իսրայելական իրավապահները ձերբակալել են և ԽՍՀՄ խնդրանքով նրանց վերադարձրել հայրենիք` պայմանով, որ գնդակահարություն չի կիրառվելու: Յաշկինյանցը և ընկերները դատապարտվել են 14-15 տարվա ազատազրկման:

6

Կոնրադ Շուման – 1961 թվականին 19-ամյա գերմանացի զինվորը Արևելյան Գերմանիայից փախել է Արևմտյան Գերմանիա: Իհարկե, նման փախուստներ Բեռլինում մեկ անգամ չէ որ եղել են, սակայն Կոնրադի փախուստը նշանավոր է դարձել մի շարք հանգամանքներով. նրա պարտականությունն է եղել հսկել տարածքը: Փախուստը ֆիքսել է տարածքում գտնվող ֆոտոլրագրողը: Հենց այդ կերպ էլ Կոնրադի` փշալարի վրայից  ցատկելու լուսանկարը հայտնվել է արևմտյան բոլոր խոշոր լրատվամիջոցներում: Փշալարի երկայնքով  այդ տարիներին ընթացել  է Բեռլինի պատի կառուցումը:

7

Հ.Գ. Թող տպավորություն չստեղծվի, թե փախուստներ են եղել միայն ԽՍՀՄ-ից դեպի արևմտյան երկրներ: Շատ են եղել նաև հակառակ ճամբար ուղևորվածները: Այնուհանդերձ, հարկ է նշել, որ Սառը պատերազմի տարիներին տեղեկատվության սղության պայմաններում (իսկ ավելի ճիշտ` երկուստեք մանիպուլյացիոն և քարոզչական հոդվածներով, հրապարակումներով հագեցած հասարակություններում) թե՛ ԽՍՀՄ քաղաքացիները, թե՛ արտերկրացիները առանձնապես հստակ գաղափար չեն ունեցել միմյանց մասին, և մարդիկ փախուստից հետո հայտնվել են իրենց պատկերացրածից բավական հեռու իրականությունում:

Ժողովեց՝ Գարեգին Ալեքսանյանը 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register