ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ

kamavor

Անվճար աշխատանք

Արևմտյան երկրներում աշխատանքի դիմելիս մեծ առավելություն են տալիս  հատկապես կամավորական աշխատանքի փորձառություն ունեցողներին: Այդպիսին չունեցողների այսպես կոչված CV-ն` անձնական թերթիկը  լիարժեք չի համարվում: Օրինակ Ֆրանսիայում` կամավորությունը խրախուսվում և օժանդակվում է պետական մակարդակով: Կամավորությունը թոշակի անցնելուց հետո հասարակության հետ ակտիվ կապը պահպանելու  հրաշալի միջոց, որոշ դեպքերում նաև՝ երկրներ և մշակույթներ բացահայտելու տարբերակ է դիտարկվում: Կամավորական աշխատանքն ամենևին էլ երիտասարդների մենաշնորհը չի համարվում: Աշխատանքային հարուստ կենսափորձ ունեցող մարդիկ նույնպես  կարող են զբաղվել կամավորական աշխատանքներով: Սա՝ արտասահմանում: Հայաստանում կամավորական աշխատանքը գլխավորապս ասոցացվում է պատերազմական իրավիճակների կամ բնական աղետների հետ: Իրականում,սակայն, կամավորների աշխատանքը էական նշանակություն ունի  նաև խաղաղ պայմաններում: «Հայ կամավորների միությունը» 16 տարեկան է: Կազմակերպության ջանքերով մինչ այժմ 43 երկրից շուրջ 600 կամավոր է ժամանել մեր երկիր: Անցած տարվա 35-ի փոխարեն, այս տարի սպասվում է մոտ 65 կամավորի ժամանում: Կազմակերպությունը  պատրաստ է դիտարկել 21-ից բարձր արտերկրացիների, ինչպես նաև 32 տարեկանից բարձր սփյուռքահայերի դիմումները: Մինչ 32 տարեկան սփյուռքահայերին ընդունում է  «Birthright Armenia»(«Դեպի Հայք») կազմակերպությունը: «Հայ կամավորների միության»(ՀԿՄ) գործունեության, կամավորության կարևորության մասին է պատմում կազմակերպության հասարակայնության հետ կապերի համակարգող Տաթև Էլոյանը.

-«Հայ կամավորների միության» առաքելությունը Հայաստանում կամավորության մշակույթի  ձևավորումն ու երկրի զարգմացմանն օժանդակումն է` հենց կամավորների միջոցով: Աշխարհում լայն տարածում գտած կամավորությունը պարտադիր ներառվում է նաև ուսումնական ծրագրերում: Այն դիտարկվում է իբրև կենսափորձի ամբարման հիանալի միջոց : Հայաստանում, ցավոք, կամավորությունն  այնքան  էլ տարածված չէ:

 Ինչո՞վ են զբաղվում հայերը թոշակի անցնելուց հետո

Մեր երկիր ժամանող կամավորների մեջ՝ մեծաթիվ են տարեցները: Մինչ այժմ Հայաստան ժամանած ամենատարեց կամավորը 74-ամյա ամերիկացի Հերբերտ Շիֆն է եղել: Անցած ամառ նա Հայաստանում հնագիտական պեղումների է մասնակցել: Կամավորության հարցում էական դերակատարություն ունի մոտիվացիան: Նույն Հերբերտ Շիֆին հետաքրքրում էր, թե ինչո՞վ են զբաղվում հայերը թոշակի անցնելուց հետո: Ամերիկայում,օրինակ, թոշակառուները, որպեսզի շարունակեն հասարակական ակտիվ կյանքը, զբաղվում են տուրիզմով և կամավորությամբ՝ ուրիշներին փոխանցելով իրենց կուտակած ահռելի փորձը: Իհարկե, երկրների միջև առկա սոցիալական դժվարությունները անհամեմատելի են, բայց  սա  էլ ազգային հոգեկերտվածքի` մենթալիտետի հարց է:

Կամավորություն և տուրիզմ

Անցած տարի առաջին անգամ իրականացրինք «Voluntourism» տասնօրյա ծրագիրը,որն,ըստ էության, կամավորության և տուրիզմի յուրատեսակ համադրություն էր:  Փոքրիկ խումբն ուղևորվում է Հայաստանի հարավ, այցելում տեսարժան վայրեր: Մասնակիցները  ծրագրի 4 օրը տրամադրում են կամավորական աշխատանքների իրականացմանը: Վերջին անգամ 10 հոգանոց կամավորական խումբը Վայոց Ձորի Գոմք գյուղում գյուղացիների հետ միասին  4 օրվա ընթացքում ընտանի կենդանիներին գայլերից պաշտպանող ցանկապատ կառուցեց: Նշված օրերի ընթացքում կամավորական խումբն ապրում էր գյուղացիների տներում, մասնակցում` հողագործական աշխատանքներին:

Հայաստանում ինձ դուր է գալիս

Մինչ 32 տարեկան դիմողները, ծրագրի  համաձայն,Հայաստանում  կարող են աշխատել նվազագույնը մեկ ամիս, 32-ից բարձր տարիք ունեցողները՝ 2 շաբաթ: Սահմանված առավելագույն ժամանակահատվածը մեկ տարին է: Եղել են դեպքեր, երբ կամավորները մեկ տարուց հետո աշխատանքի են անցել Հայաստանում: Կամ էլ` որոշակի դադարից հետո երկրորդ  անգամ են դիմել: Այս պահին ունենք մոտ 10 կամավոր, որոնք մշտական բնակություն են հաստատել Հայաստանում: Ասում են, որ իրենց Հայաստանում լավ են զգում և հեռանալու պատճառ չեն տեսնում: Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է կամավորը ընտրում Հայաստանը: Պատասխանները տարբեր են լինում: Հայաստանում ապրանքների գները, ի տարբերություն իրենց երկրների, ցածր են, նրանց մեծ մասը հետաքրքրված է Կովկասով ու հետխորհրդային տարածքով: «Հայ կամավորների միությունը» տարածաշրջանում նման գործունեություն իրականացնող միակ կազմակերպությունն է:

Հայերենի դասընթացներ, հյուրընակալ ընտանիքներ, էքսկուրսիաներ

«Հայ կամավորների միությունը» կամավորներին որևէ տիպի ֆինանսական օժանդակություն չի ցուցաբերում: Մեր հիմնական օժանդակությունը կազմակերպչական է: Առաջարկում ենք նրանց ապրել «host-familiy»-ում (հյուրընկալ ընտանիքում), ինչի շնորհիվ կամավորն ավելի հեշտ է ծանոթանում տեղական կյանքին, մտերմանում ընտանիքների հետ և կապ պահպանում նաև Հայաստանից գնալուց հետո: Մենք նաև կազմակերպում ենք հայերեն լեզվի անվճար դասընթացներ, քննարկումներ, իսկ ամեն շաբաթվա վերջին կամավորները հնարավորություն են ունենում մասնակցել էքսկուրսիաների: Կամավորի շաբաթական աշխատաժամը կազմում է 40 ժամ, որը նա կարող է «սպառել» համատեղության կարգով մեկ, երկու կամ գուցե երեք տեղ աշխատելով: Պրոֆեսիոնալ կամավորների համար շաբաթական աշխատաժամը 20-25 ժամ է: Համագործակցում  ենք շուրջ 300 կազմակերպությունների հետ: Կամավորը նշում է, թե որ ոլորտում է նախընտրում աշխատել, մենք էլ նրան` առնվազն ընտրության երեք տարբերակ ենք առաջարկում:

Որտեղի՞ց են գալիս

Կամավորներն ամենաշատը գալիս են ԱՄՆ-ից: Ներկա պահին համագործակցում ենք նաև  Ֆրանսիայի հետ: Հարևան երկրներից կամավորներ գրեթե չունենք: Իսկ եվրոպական երկրներից նաև հեծանիվով և մոտոցիկլով եկած  կամավորներ ենք ունեցել: Կարճ ժամանակով եկած  կամավորներն ասում են, որ կուզենային ավելի երկար  մնալ Հայաստանում: Մենք որևէ պայման չենք դնում, որ մարդն աշխատի  բացառապես այն բնագավառում, որը իր հիմնական աշխատանքային ոլորտն  է: Կամավորական աշխատանքի համար ամենակարևորը մարդու ցանկությունն է: Մարդը կարող է հատուկ հմտություններ չունենա, սակայն ցանկանա օգնել, բարի գործ անել:

Ճամփորդը» հանդիպել է «Հայ կամավորների միության» ծրագրի միջոցով Հայաստան ժամանած ֆրանսիացիներ Գաբրիելի և Ռեմիի հետ: Նրանք Հայաստանում աշխատելու են 3 ամիս: Մտադիր են մայիսի վերջին ավտոստոպով և քայլելով Ֆրանսիա վերադառնալ:

Գաբրիելը բանավոր ֆրանսերեն է դասավանդում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, իսկ Ռեմին աշխատում է Երևանի դպրոցներից մեկում, սովորեցնում է  կիթառ նվագել  և երգել: Դրանից բացի օգնում է նաև երաժիշտ Լևոն Իսկենյանի՝ Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլին:

 

-Ինչո՞ւ եք ընտրել Հայաստանը:

Գաբրիել – Մենք չենք ընտրել Հայաստանը, Հայաստանն է մեզ ընտրել(ծիծաղում է):

Ռեմի – Մարսելի մեր կազմակերպությունն է ընտրել, որ մենք կամավորություն անենք Հայաստանում: Մենք շատ գոհ ենք, որ Հայաստանում ենք:

– Ձեզ համար հե՞շտ է Հայաստանում ապրելը:

Գաբրիել – Կամավորի համար Հայաստանում ապրելը բավական հարմար է և հաճելի:

Ռեմի – Դժվար չէ, ավելին, Ֆրանսիայի համեմատ ինձ համար  Հայաստանում ապրելը ավելի հեշտ է: Այստեղ ես չունեմ անշարժ գույք, մշտական բնակության վայր: Բառացիորեն երկու-երեք օրից հետո  ինձ համար ամեն ինչ հարազատ դարձավ:

-Ինչո՞վ է կարևոր կամավորությունը:

Գաբրիել – Մեծ կազմակերպությունները, շուկաները մտքերի, գաղափարների պակաս ունեն այժմ, և անծանոթ երկրներում կամավորության շնորհիվ, մենք կարող ենք լրացնել այդ բացը: Կարող ես ճապոնական սնունդ ուտել Ֆրանսիայում, լսել հայկական երաժշտություն Մարսելում, բայց դրանով դու չես բացահայտի տվյալ երկրի մշակույթը: Առաջին անգամ եմ օտար երկրում կամավորություն անում: Այստեղ իսկապես ներքին կյանքի մաս ես կազմում, օրինակ՝ ապրում ես հայկական ընտանիքի հետ:

Ռեմի Մենք երիտասարդներ ենք: Ես 24 տարեկան եմ, Գաբրիելը՝ 21: Այժմ այն տարիքում ենք, երբ պետք է ակտիվորեն ճամփորդենք: Տարբեր մշակույթներ ուսումնասիրելով՝ կարող ենք ավելի լայնախոհ դառնալ: Մինչ աշխարհի մասին խոսելը, մտածելը, պետք է բացահայտել այդ աշխարհը, շփվել, տեսնել քո աչքերով: Այս առումով կամավորությունը շատ կարևոր է: Նաև պետք է պատրաստ լինել ժամանակ տրամադրելու մարդկանց` առանց գումարի ակնկալիքի: Ոչ թե միայն օգնելու համար, այլ կյանքի մաս լինելու:

-Ինչպե՞ս ընդունեցին ձեզ ձեր աշխատավայրում:

Գաբրիել Առաջին օրերին Ֆրանսիական համալսարանում մարդկանց մոտ զարմանք էի նկատում, քանի որ նրանց տարեկիցն եմ, բայց որոշ ժամանակ անց ամեն ինչ կարգավորվեց: Այժմ նրանք ոչ թե իմ ուսանողներն են, այլ՝ ընկերներս: Վստահաբար կարող եմ ասել, որ հայերը ջերմ ու հյուրընկալ ժողովուրդ են:

Ռեմի Նույնն էլ իմ դեպքում էր: Մեկ ժամ էլ չէր անցել, երբ հասկացանք, որ վստահում ենք միմյանց և կարող ենք աշխատել միասին: Շատ եմ հավանում այնպիսի մարդկանց, որ միանգամից գործի են անցնում, ժամանակ չեն կորցնում:

-Երևանի հանրային ո՞ր վայրերն եք հավանում:

Գաբրիել- Ինձ դուր է գալիս Երրորդ մասը: Հենց այդ թաղամասում եմ ապրում: Շատ է տարբերվում կենտրոնից:

Ռեմի Ես նույնպես Երրորդ մասում եմ ապրում: Յուրհատուկ թաղամաս է, օրինակ՝ մետրոյի կայարանի տարածքը: Շատ հետաքրքիր է: Ինձ նաև դուր է գալիս Օպերայի տարածքը: Ուզում եմ նաև Երևանի բոլոր շատրվանները տեսնել գործարկված վիճակում: Երևանում շատ կան բաց, ազատ տարածքներ՝ նստարաններով, անվճար Wi-Fi-ով: Ճիշտ է Ֆրանսիայում նույնպես կան այսպիսի տարածքներ, բայց այստեղ այլ է: Մի հարցրեք՝ ինչո՞ւ: Չեմ կարող ասել (ժպտում է,-խմբ.):

-«Հայ  կամավորների միությունը» հայերենի դասընթացներ է անցկացնում: Մասնակցո՞ւմ եք:

Գաբրիել  Այո: Դասընթացների ժամանակ մենք խոսում ենք Հայաստանի մշակույթից, պատմությունից: Դասընթացավարը երիտասարդ է: Ընկերական հարաբերությունները նույնպես օգնում են, որ ամեն ինչ դյուրին լինի: Ամենասիրած բառը «ջանն» է:

Ռեմի Սովորում ենք հայերեն, լավ ուսուցիչ ունենք: Կարծում եմ, որ հայերենը յուրօրինակ լեզու է՝ անհամեմատելի ռուսերենի, լատիներենի, ասիական լեզուների հետ: Հայերենը իր այբուբենով, արտասանությամբ(արագորեն արտասանում է Շ,խ,չ,ջ,ճ տառերը)  առանձնահատուկ է: Կարծում եմ՝ չկա լեզու, որի մասին ասես, որ հայերենին մոտ է:

-Մինչ Հայաստան գալը ի՞նչ պատկերացումներ եք ունեցել երկրի մասին:

Գաբրիել- Մինչ գալը Հայաստանի մասին գրեթե տեղեկություններ չեմ ունեցել: Միայն Վիքիպեդիայի մեկ էջ եմ ընթերցել: Վավերագրական ֆիլմեր, լուսանկարներ չեմ դիտել: Ավելի հետաքրքիր է ուսումնասիրել, բացահայտել սեփական աչքերով:

Ռեմի Ես միայն մեկ վավերագրական ֆիլմ եմ դիտել Հայաստանի մասին: Հետո մտածեցի, որ լավ կլինի որևէ բան չակնկալեմ: Երբ ճամփորդում ես, մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ: Երբեմն դա դառնում է հիասթափության պատճառ: Մենք պարզապես դրա ժամանակը չունենք, ուզում ենք բացել աչքերը, միտքը ու ապրել:

 

 

 

 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register