ԻՐԱՔՅԱՆ ՔՈւՐԴԻՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Gevorg-Meliqyan-1

Սեպտեմբերի 25 -ին Իրաքյան Քուրդիստանում անցկացվեց անկախության հանրաքվե: Ինչո՞վ է պայմանավորված այդ նախաձեռնությունը և ինչ է խոստանում այն տարածաշրջանին և ի մասնավորի՝ Հայաստանին: Այս և հարակից այլ խնդիրների շուրջ է զրույցը՝ քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հետ:

 – Պարո՛ն Մելիքյան, ինչո՞ւ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն որոշվեց անցկացնել հենց հիմա:

 – Իրաքյան Քուրդիստանի ինքնավարություն ունեցող հատվածը պատրաստվում է ընտրությունների: Իշխող կուսակցության համար շատ կարևոր է, որ արդեն այժմվանից ազգային ալիքի վրա ձևավորվի այն ընտրազանգվածը, որն իրենց պետք է ձայն տա, որովհետև Բարզանիի կողմից ղեկավարվող կուսակցության հետ կապված ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Շատ կարևոր է այժմվանից սկսել այդ շարժումը, հատկապես որ, ամենայն հավանականությամբ, հանրաքվեն «այո»-ով կավարտվի: Պաշտոնական Բաղդադն արդեն հայտարարել է, որ չի ճանաչելու հանրաքվեի արդյունքները: Չեն ճանաչելու մի շարք այլ երկրներ ևս: Միակ բացառությունը թերևս լինի Իսրայելը, որը, հնարավոր է և՝ ձեռնպահ մնա:

 – Հայաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լինի այս հարցում: Լեռնային Ղարաբաղի, Արևմտյան Հայաստանում ապրող հայերի անվտանգության հետ կապված վտանգներ չկա՞ն արդյոք: Թուրքիայի դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Թուրքիան սկսի իրեն վիրավոր գազանի նման պահել…

– Չեմ կարծում: Խոսքն իրաքյան քրդերի մասին է, ոչ թե թուրքական: Դրանք տարբեր բաներ են և պետք չէ դրանց միանշանակ վերաբերվել: Նույն Թուրքիայում բոլոր քրդերը չէ, որ ուզում են անկախություն ունենալ. գյուղացիները, ֆերմերներն ուզում են տնտեսապես լավ ապրել. նրանց անջատողականություն կամ անկախություն պետք չէ: Իհարկե, քրդերը վաղուցվանից երազել են ունենալ իրենց պետությունը, որում ենթադրել են նաև այն տարածքը, որը մենք կոչում ենք Արևմտյան Հայաստան, և՛ Իրանի, և՛ Իրաքի, և՛ Թուրքիայի Արևելյան հատվածում:

Հայաստանում հնարավոր զարգացումների հանդեպ կա էյֆորիկ մոտեցում, բայց դա ավելի շատ գծային ու պարզունակ մոտեցում է: Թե Թուրքիան ինչ մոտեցում կցուցաբերի այդ նախաձեռնության հանդեպ, մեծապես կախված կլինի Իրաքյան Քուրդիստանի պահվածքից: Անկախության հանրաքվեի դրական ելքի դեպքում անգամ Թուրքիան ոչինչ չի ձեռնարկի, որովհետև դա ոչինչ չի նշանակում: Թուրքիան կարող է խիստ որոշակի քայլեր ձեռնարկել, երբ շարժումն սկսի այլ ընթացք ստանալ, երբ թուրքաբնակ քրդերը ակնկալելով Միացյալ նահանգների աջակցությունը՝ սկսեն Իրաքյան քրդերին միանալու հավակնություն դրսևորել… Այդ դեպքում շատ հետաքրքիր բան կստացվի: Չի բացառվում, որ այդ դեպքում Թուրքիան ու Իրանը կոալիցիա կազմեն: Սա ռումբ է տարածաշրջանում, որի մասին Հայաստանը շատ էմոցիոնալ պատկերացում ունի:

Խոսքը առավելապես գլոբալ խաղացողներին է վերաբերում, զարգացումների, որոնք տարածաշրջանում անվտանգության սպառնալիքներ կարող են ստեղծել: Հայաստանը պետք է արդյունավետ չեզոքություն պահպանի, այսինքն՝ չպաշտպանի կողմերից որևէ մեկին, չդատապարտի որևէ կողմի և ոչ էլ հայտարարի, թե «Մենք կողմնակից ենք, ողջունում ենք, ընդունում ենք հանրաքվեի արդյունքները»: Այլ բան է, եթե Ղարաբաղը փորձի այս հարցում ինքնուրույնություն դրսևորել և ուղերձով հանդես գա՝ շեշտելով, որ կողմ է ազգերի ինքնորոշմանը, կամ որ իրենք էլ են պայքարում դրա համար, և քրդերի հարցը հնչեցվի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից, բայց ոչ երբեք՝ Հայաստանի:

– Խոշոր խաղացողներն ի՞նչ շահեր ունեն այստեղ:

– Առաջին հերթին՝ նավթ: Եթե խոսքն ԱՄՆ-ի մասին է, ապա տարածաշրջանում վերահսկողություն՝ Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի նկատմամբ: Ոչ թե շահ, այլ անվտանգության և ռազմավարական երաշխիքներ: Դա հատկապես կաևոր է, քանի որ Ռուսաստանն արդեն ներսում է,իսկ հավելյալ անկայուն գոտին կարող է հանգեցնել ռուսական կողմի ուժեղացմանը, ինչը ցանկալի չէ ԱՄՆ-ի համար: Գլոբալ խնդիրը նավթն է, և եթե այդ տարածաշրջանը խզի հարաբերությունները Բաղդադի հետ, լուրջ խնդիրներ են առաջանալու: Իրաքյան Քուրդիստանն անկախություն կարող է ձեռք բերել միայն պատերազմի միջոցով, ինչն իրենք էլ շատ լավ հասկանում են: Նրանք այնքան համարձակ չեն, որ ամեն գնով հասնեն դրան: Հանրաքվեն կանցկացնեն, բայց դա ավելի շատ՝ Բաղդադի վրա գործադրվելիք հոգեբանական ճնշում կլինի: Դամոկլյան սրի նման Բաղդադի և Թուրքիայի գլխին անընդհատ կախված պետք է լինի այդ հարցը, գիտակցությունը, որ հնարավոր է մի օր կորցնեն այդ տարածքները: Բայց գլոբալ առումով ավելի շատ իշխանությունների համար կարևորը վերընտրվելն է, որ նավթը վաճառեն, գումարը դնեն բանկերում, այսինքն՝ որևէ խնդիր չունենան, չընկնեն սանկցիաների տակ և այլն: Իսկ մնացած հարցերը՝ պատմական արդարություն, անկախություն, ընդամենը շիրմա՝ քողածածկույթ են, իրական խնդիրը միանգամայն այլ տեղ է:

Հարցազրույցը վարեցին՝

Տաթևիկ Սարգսյանն ու Գարեգին Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register