ՄՈւՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 40 ՕՐԸ

Musaler

Բոլորիս հայտնի քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը կատարվեց Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում երիտթուրքերի կողմից նախօրոք մշակված ծրագրով։ Բռնի տեղահանությունների և ջարդերի կողքին սակայն կային պայքարողներ` ինքնապաշտպանական մարտեր կազմակերպողներ Զեյթունում, Վան-Վասպուրականում, Մուսա լեռան վրա և այլուր։

Կարևոր նշանակություն է ունեցել Մուսա լեռն իր աշխարագրական դիրքով, քանի որ գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Եվ այստեղ շրջակա ավելի քան վեց գյուղերից մուսալեռցիները հավաքվեցին պայքարելու, որ չլքեն իրենց նախնիների հողը։ Պայքարը հաջողությամբ էր պսակվում, սակայն դժվարություններ կային սնունդի ու հիվանդությունների հետ կապված։ Ի վերջո քաջ մուսալեռցիները չհանձնվեցին։ Նրանք մեծ սավանների վրա պաստառներ պատրաստեցին “Քրիստոնյաները վտանգի մեջ են” գրությամբ, որը նկատելով` ֆրանսիական նավերը օգնության հասան նրանց։ Նրանք ողջ մնացին։ Տեղափոխվեցին Ֆրանսիա։ Հետո մի մասը եկան Հայաստան ու հիմնեցին Մուսա լեռ գյուղը։ Այս ամենը հիմք է հանդիսացել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործության  համար, չնայած մուսալեռցիներն ավելի շատ էին մնացել լեռան վրա:

Նրանք չբնաջնջվեցին և պահպանեցին իրենց հետ նաև իրենց մշակույթը։ Հենց երաժշտության մեջ էլ արտացոլված է մուսալեռցիների անկոտրում ոգին։ Նրանք միշտ և ամենուր հիշում են իրենց պատմական անցյալն ու տարվա մեջ մեկ անգամ հավաքվում հարգելու իրենց նախնիների հիշատակն ու տոնելու հերոսամարտի օրը։

Սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի մոտ կաթսաներով հարիսա է եփվում։ Այն պատրաստվում է ամբողջ գիշեր` ազգային երգերի ներքո։ Հարիսան պատմական անցյալ ունի։ Թե՛ ուրախ, և թե՛ տխուր առիթների անպակաս կերակուրն էր այն։ Բայց Մուսա լեռից ընդամենը 14 ընտանիք պատիվ ունի հարիսա պատրաստելու, և այդ ավանդույթը ժառանգաբար փոխանցվում է հորից որդուն։ Այս տարի նույնպես հավաքվել էին մուսալեռցիները և խորհրդանշական 102 կաթսա հարիսա էին եփել` հերոսամարտի 102 ամյակը նշելու համար։

Միջոցառման անպակաս մասն էին կազմում երգն ու երաժշտությունը։Իսկ երաժիշտներին առաջնորդում էր մի մուսալեռցի, ով իր 1885թ.ից պահած կոպալը զարկելով աշխարհին զգուշացնում էր, որ հայը եղել է, կա ու կլինի…

“Հրացանը ձեռքիս կմեռնեմ այստեղ, բայց գաղթական չեմ դառնա” … հատված Մուսալեռցու երդումից…

Արև Մախսուդյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register