ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈւԹՅՈւՆԸ

2

Հայերը զգացմունքային ազգ են. պարզ ապացույց հենց շատ օգտագործվող «ցավդ տանեմ» խոսքը՝ այնքան զգացմունքային ու հոգատար, որ պատրաստ են ուրիշի խնդիրներներն ու ցավն իրենց վրա վերցնելու և ուրիշի խնդիրը, փաստորեն, սեփականի նման վերապրելու, իրենցով անելու։

Եվ բոլոր հարցերում ենք այսպես, հենց դրա համար էլ բնական է, որ այսքան զգացմունքային ազգը պետք է հակված լինի տագնապային խանգարումների, անհանգստությունների, դեպրեսիաների, և երբեմն անգամ՝ ինքնասպանությունների, քանի որ չնայած նրան, որ շատ կամային ու ամուր մարդիկ են ապրում այս երկրում, բայց և այնպես՝ զգացմունքայնությունը կարող է գնալ այլ հունով ու սկսել վնասել հենց զգացմունքներ ունեցող մարդուն։

Սովորաբար հոգեբանի կամ հոգեթերապևտի դիմելիս՝ դեպրեսիաների, ընկճվածության կամ այլ խնդիրների դեպքում, մասնագետները նույն հարցն են տալիս․ «Ընտանիք ունե՞ք, իսկ աշխատա՞նք, ինչո՞վ եք սովորաբար զբաղվում»։ Այս հարցը պարզ է հնչում, բայց շատ կարևոր է, քանի որ  ընտանիք ունենալը ենթադրում է որոշակի սոցիալական կապեր ու «պարտավորություններ»՝ սիրո ու հոգատարության տեսքով, աշխատանքն էլ կյանքի որոշակի գրաֆիկ է թելադրում: Հենց սրանք էլ օգնում են շատ չտրվել ներքին բացասական զգացմունքներին, և դրա համար զբաղվածություն ունեցող մարդիկ ավելի քիչ են հակված վատատեսական մտքերի կամ դեպրեսիա ունենալու։

Հայաստանում, իհարկե, ինքնասպանությունները մեծ թվերի չեն հասնում, բայց և այնպես, այսքան փոքր երկրի համար ամեն մի մարդու կորուստն էլ մեծ է, քանի որ տպավորություն է, թե Հայաստանը միասին ապրող բարեկամների մի մեծ տուն է, և  Հայաստանի նման փոքր երկրի համար թվերն, իրականում,  քիչ չեն։
Ինքնասպանությունների հիմնական մասի պատճառը հոգեկան-հոգեբանական առողջության խնդիրներն են։ Մենք սովոր ենք կարծել, թե հոգեբանական խնդիրները «անլուրջ» են․ դե ի՞նչ է դեպրեսիան, ուղղակի տրամադրության անկում։ Բայց արի ու տես, որ այն ուղղակի տրամադրության անկում չէ, այլ լուրջ հոգեկան խնդիր, որը ինքնասպանությունների հիմնական պատճառն է։

Հայաստանում հոգեկան առողջությանը լուրջ մոտենալու խնդիր կա։ Սա չի նշանակում առօրյա խնդիրները, տրամադրության անկումները այս կամ այն խնդրին վերագրել, նշանակում է ուղղակի հետևողական լինել նաև սեփական առողջության նկատմամբ։ Հասկանալ, որ մտքերը, զգացմունքները մեր մարմնի մասն են, և ինչպես մարմինը կարող է հիվանդանալ, այնպես էլ հոգին, մտքերը, կարող են որոշ ժամանակ վատառողջ լինել, և պետք չէ  նախանշանները «ականջի հետև գցել», այլ պետք է դրանց ժամանակ տրամադրել ու աշխատել իրենց հետ։

ԱՄՆ-ում տարատեսակ հետազոտություններ են անում՝ ինքնասպանությունների հետ կապված, ըստ դրանց, որքան էլ զարմանալի թվա, ֆինանսկան խնդիրներն առաջնային տեղում չեն՝ ինքնասպանությունների դիմելու պատճառաբանությունների մեջ։ Հայաստանում հիմնական պատճառ են հանդիսանում՝ ասում են, բայց եթե ավելի լայն մտածենք, առողջ հոգեբանությամբ մարդիկ մինչև վերջին րոպեն փորձում են դրական մտածել, լուծումներ փնտրել ու  չդիմել «կյանքի հետ անհամատեղելի քայլերի»։

Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր հոգու ու մտքերի մասին։ Այդ մտքերն են նաև օգնում ձևավորել մեր մարմնի առողջությունը, օգնում են մեզ դրական մտածել, և ապագայի նկատմամբ պայծառ հույս ունենալ։

Եկեք սովորենք աշխատել հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների՝ եթե դրա կարիքն ունենք, չմտածելով հանրության արձագանքի ու կարծիքների մասին։ Չէ՞ որ, ի վերջո, հանրային կարծիքը ոչինչ է, այս դեպքում էլ՝ շատ սխալական՝ իր ծայրահեղական մոտեցումներով։ Կարևորը մեր կյանքն է, որը պետք է ապրենք առողջ ու լուսավոր։ Եվ անգամ անծանոթի ցավը տանելուն պատրաստ մարդիկ, այս փոքրիկ, բայց՝ գեղեցիկ երկրի մարդիկ պարտավոր են երջանիկ լինել, ունենալ առողջ մտքեր ու կյանք։

Սիրով ձեր՝ Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register