ՏՂԱՄԱՐԴՈւ ՍԻՐՏԸ ԳԵՐԵԼՈւ 10 ՄԻՋՈՑ

4

Շատ կանանց՝ անկախ տարիքից, արտաքինից, սոցիալական կարգավիճակից հուզում է միևնույն հարցը՝ ինչպե՞ս անել, որ Երազանքի տամարդը սիրահարվի ու ամուսնության առաջարկ անի: Հարցումներից հետո պարզեցինք, որ կան փորձված մեթոդներ, որոնք որոշակի ազդեցություն կարող են ունենալ Երազանքի տղամարդու սիրտը նվաճելու հարցում:

1. Ձեր քիթը ձեր առաջին թշնամին է: Եթե դուք «հայու գենի» աղջիկ եք, ապա անպայման պետք է ժառանգած լինեք հայերիս բնորոշ մեծ քիթը: Վիրահատեք այն՝ ձեռք բերելով հնարավորինս փոքր քիթ: Բազմաթիվ աղջիկներ փաստում են՝ գեղեցիկ քիթը հաջող ամուսնության ամենակարևոր պայմաններից է:

2. Լցրեք շուրթերը, կուրծքը, ինչու՞ ոչ՝ հետույքը, մարմնի այլ մասեր… Ժամանակակից միջոցները հնարավորություն են տալիս անգամ ուղեղը լցնել: Փորձեք քայլել ժամանակին համընթաց և բաց չթողնել թրենդները:

3. Հագեք հնարավորինս կարճ, բաց, կիպ գրկող հագուստ: Այո՛, տղաները սիրում են ոչ միայն ստամքոսով, այլև՝ աչքերով: Ուրեմն ինչու՞ չստիպել տղաներին ձեր աչքերի մաքրությունից ու խորությունից առաջ նկատել ձեր մարմնի բաց մասերը:

4. Հագեք 12 սանտիմետրանոց կրունկներ: Չէ՛, 6 սանտիմետրանոցն այնքան էլ էֆեկտիվ չէ, և հնարավոր է՝ չհասնեք ցանկալի արդյունքի: Մեզ պետք է, որ կոշիկների բարձրությունն ունենա կայծակնային ազդեցություն և միանգամից նրան «կապի Ձեզ»:

5. Որքան հնարավոր է շատ շպարվեք, հատկապես ամռանը: Օգտագործեք սևաներկ, սուրմա, դիմափոշի, շրթներկ, մատիտներ, եզրագծեք շուրթերը, աչքերը՝ որքան հնարավոր է շատ, որքան հնարավոր է հաստ… Էլ ի՞նչ գեղեցկություն, եթե ընդգծված շուրթերը բնականից 2 անգամ ավելի մեծ չեն երևում:

6. Օծանելիք օգտագործեք: Նա պետք է պարզապես խենթանա ձեր հոտի համար: Ընդ որում, միայն Նա չէ, այլ ամբողջ փողոցը, սրճարանը, ձեզ հետ երթևեկող մարդկանց խումբը…

7. Մի՛ զբաղվեք սպորտով: Դա ժամանակի և ֆինանսական միջոցների անիմաստ կորուստ է: Ինչու՞ կոփել ու մարզել մարմինը, եթե կարելի է մի «շորիկ» ավել գնել կամ մի անգամ ավել գնալ պարելու:

8. Թողեք Ձեր բոլոր հետաքրքություններն ու անցկացրեք ժամանակը սոցիալական ցանցերում՝ ուրիշների կյանքին հետևելով: Տեսնելով, թե ինչպես են ամուսնանում ձեր ընկերուհիները, շատ հնարավոր է՝ ձեր բախտն էլ բացվի:

9. Ապրեք որքան հնարավոր է անհետաքրքիր կյանքով. գնացեք աշխատանքի, հետո՝ վաղուց ծանոթ վայրերը, լիցքաթափվեք՝ վաղուց ծանոթ մարդկանց հետ, գնացեք տուն: Ոչ մի հոբբի ձեզ չպետք է շեղի «ճիշտ ուղուց»:

10. Եվ վերջապես, շարունակեք ապրել ու հավատալ, որ Նա գալու ու ներկելու է ձեր կյանքը՝ վառ, գունավոր ներկերով, որովհետև ձեզ պես փոքր քթով, հաստ մեյքափով, 12 սանտիմետրանոց կրունկներով, գործի-տուն-գործի ճանապարհից չշեղվող աղջիկն արժանի է լավագույնին:

Հ.Գ. Եթե դուք դեռ չեք վիրահատել ձեր քիթը, ուրեմն դեռ ինչ-որ հույս կա: Կարդացեք վերոնշյալ կետերն ու արեք ճիշտ հակառակը:

Երջանկություն ձեզ՝ անկախ կոշիկների բարձրությունից ու քթի մեծությունից:

Տաթևիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register