ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲՌՈՒՆՑՔԸ

nruncq

1988-ի փետրվարի տասներկուսից մարդիկ լուռ կամ զրուցելով, հետաքրքրված, կամ էլ մտահոգ տրամադրությամբ հավաքվում էին Արցախի կենտրոնում՝ Ղարաբաղի ու Հայաստանի վերամիավորումը պահանջելով: Հետո միայն հանրահավաքները պիտի առօրյա դառնային, հետո պիտի պատերազմ լիներ, հետո պիտի բարոյականի փոխարեն շոշափելի հաղթանակ տանեինք՝ մնալով «բարոյական խաղաղության» մեջ  ու մտովի երազելով հանգիստ օրերի և վերջնական լուծումների մասին:

Բայց այդ օրը մարդիկ լուռ, գուցե քթի տակ խոսելով, անշտապ, կամ էլ  ոտքերով ասֆալտն արագ-արագ չափելով, հավաքվում ու լցնում էին ազատ տարածությունը՝ առանց հասկանալու, որ հայաստանյան  նորագույն պատմության ամենավառ ու կարևոր  փուլի հիմքը դրեցին:

Օդում արդեն թևածում էր տագնապը, թե գուցե պատերազմ կլինի, շատերը տագնապից ավելի սուր անկախության հոտն էին բռնել ու վախից ավելի բարձր էին կանգնել՝ հասկանալով, որ անկախության գինը անգամ պատերազմով պետք է վճարել, իսկ հողերը տալու մասին խոսք լինել չի կարող. Ղարաբաղը մերն է:

Բոլորիս հոգու մեջ արցախյան պայքարի մի-մի բռունցք դեռ մնացել է: Անգամ անկախության սերնդի մեջ՝ շնորհիվ պատմությունների, արխիվների, տանը՝ ծնողներից մնացած պաստառների ծվենների, ձեռագիր ու քրքրված նամակների, լուսանկարների ու  հուզմունքի, որով լցվում է օդը, երբ անցյալի կադրերն ենք տեսնում:

Բռունցք արած բղավել ենք՝  մի-ա-ցում, չենք տալու, բղավել ենք՝ ազատություն, բայց արի ու տես, որ այսօր բռունցք չենք դառնում՝ ունեցածը պաշտպանելու համար: Տպավորություն է, թե երբեմն մոռանում ենք՝ ինչ գնով, ինչ պայմաններում տրվեց մեզ հաղթանակն իր հարաբերական խաղաղությամբ:

88-ին մարդիկ, նախքան հանրահավաքը սկսելը, տարբեր թեմաներից էին գուցե զրուցում, բայց  հետո բոլորը նույնն էին վանկարկում՝ ուշադրություն չդարձնելով օդին, որը լարվածությունից  էլեկտրական էր դարձել: Այսօր մենք շանթարգելներ ենք կառուցել մեզ համար՝ հանդարտ ու ապահով կյանքի տեսքով,  ու այս խաղաղ պայմաններում չենք կարողանում  լռեցնել անձնական թեմաներն ու հանրային շահ ներկայացնող թեման վանկարկել միասին : Մենք լռեցրել ենք մեր ներքին բռունցքը ու չենք թողնում, որ այն ավելի լավը դարձնի այն հողը, որի համար կռիվ են տվել դեռ մեր ծնողները: Քանի որ սովորել ենք հարաբերական խաղաղությանը՝ աչք փակելով նրա վրա, որ ամեն պահի սա կարող է ավարտվել: Որովհետև հարմար է Երևանում նստել ու մտածել, թե Ղարաբաղի սահմանին պատերազմ չէ: Պատերազմ է: Ու ամեն օր զոհեր ունենք: Զոհերն էլ շատանում են, որովհետև երիտասարդ տղաների մարմինները հողում թաղելու համար ուժ գտնում ենք, բայց բռունցքը բարձրացնելու ու  պայքարելու համար՝ ոչ: Երևանից սահմանը չի երևում, բայց հեռավոր ու փոքրիկ գյուղերում օդը դեռ էլեկտրական է, այնտեղ հարմարավետության շանթարգելներ չկան: Այնտեղ դեռ առանց կրակոցի օր են երազում:

Հաղթել ենք պատերազմը: Բայց արյան գնով հաղթանակը նաև արյան հպարտության գնով պահպանել է պետք: Ի՞նչ արժեք կունենա մեր հաղթանակը, եթե  չապացուցենք մեզ, որ մեր հողն ավելի լավն ենք դարձրել, որ մեր ծնողների՝ օրերով ասֆալտներին քնելը, բղավոցներից ձայները կտրվելն ու տարիներով սովին ու մթությանը դիմանալը անհիմն չի եղել, որովհետև հիմա կարողացել ենք լուսավոր Հայաստան ու Արցախ կառուցել:

Լավ է, որ հիմա հնարավորություն ունենք մի բաժակ տաք սուրճով  գրելու այս հոդվածը, լավ է, որ  դուք ավտոբուսում կամ մետրոյում, տանը, կամ աշխատավայրում  թերթում եք թերթն ու աչքերով վազում այս տողերով: Բայց պետք չէ մոռանալ, որ մեր ներսում պայքարի բռունցք կա, և պատերազմ հաղթելը գործի կեսն է: Պետք է նաև ապացուցել, որ այդ հաղթանակը ինքնանպատակ չէր:

1988-ի փետրվարի տասներկուսին  մարդիկ  համախմբվում էին Արցախում, հետո Հայաստանում՝ հանրահավաքի համար:  Բռունցքով կտրում էին օդում տարածված վախի կապերը՝ մեզ սովորեցնելով, որ կարևոր չէ՝ ինչ տրամադրությամբ ես տնից դուրս եկել, ինչ ես խոսել ընթացքում, ինչ արագությամբ ես քայլել, կարևոր է՝ ուր ես շարժվում: 1988-ի փետրվարի 12-ին սկսված շարժումը դեռ չի ավարտվել, և չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ արցախյան խնդիրը դիվանագետների սեղանին գործիք է մեր դեմ, մեզ համար էլ՝ մրմռացող սպի:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register