ԵՍ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԳԱՄ, ԵՐԲ ՆՈՐԻՑ ԴԺՎԱՐ ԼԻՆԻ

papik

1988-ին սկսված Ղաբաղյան շարժումը վերածվեց լայնածավալ պատերազմի, որում Արցախի ինքնապաշտպանությունն ապահովում էին միայն անձնվեր հայորդիներից կազմված  կամավորական ջոկատները: Չկար կանոնավոր բանակ, չկային համապատասխան սպառազինությամբ բանակային ստորաբաժանումներ, կռվում էին ով ինչպես կարողանում էր, ով ինչով կարողանում էր:

Սակայն որքան էլ անձնվիրաբար կամավորները մաքառեին թշնամու  դեմ, պատերազմի հենց առաջին օրերից էլ պարզ դարձավ, որ Արցախյան ազատամարտում վճռորոշ հաղթանակի համար անհրաժեշտ է կանոնավոր բանակ: Իսկ բանակ ստեղծելու համար պետք էին համապատասխան մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը կծառայեցնեին ազգային բանակի ստեղծման բարդ և աշխատատար գործին: Այդ նվիրյալներից էր ԼՂՀ Պաշտպանության Բանակի ստեղծման ակունքներում կանգնած՝ գեներալ Քրիստափոր Իվանյանը, ով 1992-ին կամավոր եկավ Ղարաբաղ:

Քրիստափոր Իվանյանի կենսագրությունը ուղնուծուծով ռազմական գործչի կենսագրություն է: Ծնվել է 1920-ի դեկտեմբերի 20-ին, Թբիլիսիում, զինվորականի ընտանիքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 18 տարեկանում ընդունվել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը, այնուհետև՝ 1940-ին այն ավարտելով, ծառայության է անցել Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգում, որպես դասակի հրամանատար: 1941-ի ապրիլին Իվանյանը նշանակվում է Մոլդովայում տեղաբաշխված 9-րդ բանակի 30-րդ հրաձգային դիվիզիայում, որպես մարտկոցի հրամանատար, որտեղ էլ հենց հունիսի 22-ին, առաջիններից մեկը, իր վրա է ընդունում գերմանական զորքերի ներխուժումը ԽՍՀՄ:

Սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, որը դիմավորելով որպես լեյտենանտ, իր ցուցաբերած քաջության, ռազմական գիտելիքների, խիզախ ու բանիմաց գործողությունների շնորհիվ Իվանյանն ավարտում է որպես փոխգնդապետ, զորամիավորման հրետանու հրամանատար: Ռազմի դաշտում նա վիրավորվել է 8 անգամ, քաջության ու մարտական ծառայությունների համար  պարգևատրվել  ԽՍՀՄ բազմաթիվ շքանշաններով և մեդալներով:

Պատերազմի ավարտից հետո Իվանյանը սովորում է Մոսկվայի Ֆրունզեի անվան զոինվորական ակադեմիայում (1946- 49 թ.թ.), իսկ 1951-ին, 31 տարեկանում, նրան արդեն շնորհվում է գնդապետի կոչում: 1968 թվականին նա նշանակվում է 14-րդ բանակի հրթիռահրետանային ուժերի հրամանատար, իսկ 1970 թվականին նրան շնորհվում է հրետանու գեներալ-մայորի, ապա 1978-ին՝ գեներալ-լեյտենենատի  կոչում:

1992-ին 72-ամյա Քրիստափոր Իվանյանը թողնում է Սանկտ Պետերբուրգի հանգիստ և խաղաղ կյանքը, ժամանում է Արցախ և լծվում բանակաշինության ծանր աշխատանքին:  Նա եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի 1-ին տեղակալ, բրիգադի և առանձին ուղղության հրամանատար, ՀՀ Պաշտպանության  նախարարի 1-ին տեղակալ, ԼՂՀ ՊԲ դիվիզիայի հրամանատար։

Պատերազմի տարիներին Իվանյանը միշտ մարտական դիրքերում էր, իր գիտելիքներն ու փորձը փոխանցում էր երիտասարդ սպաներին, գեներալ-լեյտենանտը անձամբ էր ուսուցանում նաև շարքային զինվորներին, նրանց հետ էր կիսում առաջնագծի դժվար կյանքը:

Իր համեստ և պարզ բնավորության շնորհիվ Իվանյանը  վաստակել էր ԼՂՀ Պաշտպանության Բանակի բարձրաստիճան ռազմական գործիչների սերն ու ակնածանքը: Նրա մասին հուշներում ԼՂՀ զինված ուժերի հրամանատարները, ովքեր պատերազմի տարիներին  առիթ ու պատիվ են ունեցել աշխատել  Քրիստափոր Իվանյանի հետ, շեշտում են ոչ միայն նրա ռազմական խորը գիտելիքները, ռազմի ու բանակաշինության արվեստին ամբողջությամբ տիրապետելու անվիճելի փաստը, այլև նշում են Իվանյան մարդու գեղեցիկ հատկանիշները, գործին անմնացորդ նվիրվելը և այլն:

Քրիստափոր Իվանյանը արժանացել է  ՀՀ և ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանների, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալի։

1997 թվականին Իվանյանը հեռացավ Արցախից, ցանկացած պահի կրկին վերադառնալու պատրաստակամությամբ:

«Մեկ է, երբ նորից դժվար լինի, ես անպայման կգամ»,- հեռանալիս ասել էր նա:

Քրիստափոր Իվանյանը մահացավ 1999 թվականի օգոստոսի 30-ին, Սանկտ Պետերբուրգում:  2000 թվականի նրան ետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը:

Այսօր Քրիստափոր Իվանյանի անունն են կրում ԼՂՀ Ասկերանի շրջանի գյուղերից մեկը, Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը, Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական – սպորտային քոլեջը։ Նրա  մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար:

 

Մերուժան Սարուխանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register