ՁՆԵՄԱՐԴՈւԿԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՋԵՐՄՈւԿՈւՄ

1

Ամբողջ աշխարհում փառատոները տուրիզմի զարգացման և տվյալ երկրի մշակույթը ճանաչելու լավագույն միջոցներից են: Հայաստանում արդեն ավանդական դարձած գինու, խորովածի, տոլմայի և այլ «ամառային» փառատոների կողքին անցկացվում են նաև «ձմեռային» փառատոներ: «Ձնեմարդուկ 2018՝ ձնե արվեստի փառատոնը» փետրվարի 17-18-ին առողջարանային քաղաք Ջերմուկում համախմբեց մարզի ու հանրապետության տարբեր համայնքներից ժամանած հյուրերին, զարմացրեց ոչ միայն ձյունառատ տեղումներով, այլև ձնե արվեստի իսկական ստեղծագործություններով, ազգային երգ ու պարով և բարձր տրամադրությամբ:

Մայրաքաղաք Երևանում ձյանը կարոտած ու մեզ կիսով չափ աֆրիկացի զգացող «քաղաքացիներս» Ջերմուկում հնարավորություն ունեցանք ոչ միայն տեսնելու, թե ինչպես են պրոֆեսիոնալ քանդակագործները ձյունից արձաններ պատրաստում, այլև մասնակցել քանդակման աշխատանքներին և սրտի ուզածի չափով «խանգարել» նրանց: Մեր մտքի թռիչքն ու երևակայությունն արագ ընդունեցին ձյունե արձանների տեսք ու շարվեցին Ջերմուկի ճեմուղիներում: Աքաղաղ, ասպետ, Սիս ու Մասիս, մանկական սահուղի, ազգերի միասնությունը խորհրդանշող ծառ՝ ձյունե արձաններն ամենատարբեր թեմաներով էին:

Փառատոնի ամենահետաքրքիր մասը, սակայն, դեռ առջևում էր: Ջերմուկի ճոպանուղին այդ օրը բոլորին սպասարկում էր անվճար: Կարող էիր բարձրանալ 2850 մետր բարձրություն ունեցող Շիշ լեռն ու սրտիդ ուզածի չափ ցրտահարվել ճանապարհին, նայել վերևից բացվող տեսարանին և մառախուղի պատճառով ոչինչ չտեսնել, մտնել մոտակա ռեստորանը մի բաժակ տաքություն խմելու ակնկալի­­­­քով․․․ Խմել երազված թեյն ու դահուկներով սահել  ներքև: Դրա՜յվ:

4

Ներքևում արդեն ազգային երգ ու պար էր, խարույկ և, իհարկե, էքստրիմ: Փառատոնի մասնակիցների ադրենալինի բարձր մակարդակն ապահովում էին զոռբինգի տղաները: Մեկ անգամ զոռբինգի ազդեցությունը զգացողը հաջորդող ողջ կյանքում զոռբինգի գնդակից 1 կմ հեռավորության վրա է քայլում: Ես էլ բացառություն չեմ: Հեռվից լուսանկարում եմ գնդակի ներսում գտնվող «մոլորյալներին», ու անցնում առաջ: Այո, խենթություններ կան, որոնք մեկ անգամից ավել չարժե փորձել:

Հայաստանի սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հեծանվորդները փառատոնի օրերին բարձունքում էին: Փետրվարի 18-ին նրանք էլ էին այցելել Ջերմուկ՝ մասնակցելու ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ 8 սիրողական հեծանվասպորտի մրցաշարին: Հակառակ ձյանն ու քամուն, նրանք հեծանիվով հաղթահարեցին 15 կմ ճանապարհը: Առաջին յոթ հաջողակներն արժանացան մրցանակների ֆեդերացիայի կողմից, մյուսները բավարարվեցին մեր հիացական հայացքներով ու շնորհավորանքներով:

2

«Ձնեմարդուկ 2018՝ ձնե արվեստի փառատոնը» կազմակերպել էին «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ու «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ-ը՝ Ջերմուկի համայնքապետարանի աջակցությամբ: Կազմակերպիչները Հայաստանում ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու և «Ձնեմարդուկը» միջազգային ասպարեզ դուրս բերելու նպատակ ունեն:

Փառատոնի երկու օրերը հագեցած էին ամենատարբեր միջոցառումներով, զգացողությունները բազմազան էին ու անմոռանալի: Դրանց մասին պատմել չենք ուզում: Առաջիկայում բազմաթիվ փառատոներ կան Հայաստանի տարբեր համայնքներում: Ուզում ենք, որ դուք ևս համալրեք ձեր հիշողություններն ու կիսվեք մեզ հետ դրանցով:

3

Տաթևիկ Սարգսյան  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register