ԴԱ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՀԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԵՏ

3

«Ասին՝ Դուք չեք կարող այս աշխատանքն անել, Դուք հաշմանդամ եք…»

Մելինե  Ղազարյանը թենիսիստուհի է: Մեկ տարուց ավելի է զբաղվում է պրոֆեսիոնալ սեղանի թենիսով: Կարճ ժամանակամիջոցում հասցրել է բազմաթիվ հաջողությունների հասնել, մասնակցել հանրապետական մրցաշարերի ու զբաղեցնել 1-ին պատվավոր  տեղը:

«Սեղանի թենիսով փոքրուց եմ զբաղվել, բայց սիրողական մակարդակում: 1 տարի առաջ որոշեցի պրոֆեսիոնալ պարապմունքների հաճախել, մասնակցել մրցումների… Հաճելի էր հաղթողի կոչմանն արժանանալը»,- ասում է Մելինեն ու ցույց տալիս պատին փակցված պատվոգրերն ու մեդալները: Մելինեն ի ծնե աջ ձեռքի հաշմանդամություն ունի: Ասում է՝ ֆիզիկական «տարբերության» պատճառով մանկուց  արժանացել է ոչ միայն հասակակիցների, այլև մեծերի  տարօրինակ հայացքներին ու խտրական վերաբերմունքին:

Հայաստանում մարդկանց գերակշիռ մասը հաշմանդամներին ճիշտ չի ընկալում, նրանց հանդեպ վերաբերմունքի, հասարակական  ընկալման լուրջ խնդիր կա,- ասում է նա ու հավելում,- եվրոպական երկրներում մարդկանց ընկալումը բոլորովին ուրիշ  է, հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդունում են հավասարի պես»:

Մելինեն ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Աշխատանք գտնելու ցանկությունը նրան ստիպել է թակել շատ գործատուների դռներ, սակայն ամեն անգամ նույն խնդրին է բախվել: «Գործատուները չեն ցանկանում հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի վերցնել, մտածում են, որ դա՝ լրացուցիչ խնդիրներ կարող է առաջացնել իրենց համար, օրինակ՝ ֆինանսական առումով՝ միջավայրը հարմարեցնելու, մատչելի դարձնելու խնդիր կա,- նշում է նա,- ցավոք, այսօր շատ գործատուներ ոչ թե դիմորդի մասնագիտական կարողություններին են նայում, այլ ֆիզիկական խնդիրներ ունենալ-չունենալուն»:

Երկարատև փնտրտուքներից հետո Մելինեին հաջողվել է աշխատանք գտնել, այն էլ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպված աշխատանքի տոնավաճառներին մասնակցելու  շնորհիվ: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Մելինեն կրկին գործազուրկ է:

Պար, երգ, հասարակական ակտիվ գործունեություն… Սրանք Տիգրանուհի Մինասյանի սիրելի զբաղմունքներն են: Սակայն Տիգրանուհու հանդեպ նույնպես հասարակությունը տարբերակված վերաբերմունք է դրսևորում: Խտրական վերաբերմունքի մասին խոսելիս Տիգրանուհին մտովի վերադառնում է դպրոց: «Ֆիզկուլտուրայի դասերին բոլորը մարզադահլիճ էին գնում, իսկ ես մենակ նստում էի բուֆետում, որովհետև ուսուցիչներս իմ փոխարեն որոշել էին, որ ես չեմ կարող մարզանք անել: Ոչ ոք չէր հարցրել՝ կարող եմ ես մարզվել, թե՞ ոչ, ուզո՞ւմ եմ մարզվել, թե՞ ոչ»,- ասում է նա:

Տիգրանուհու մոտ ծննդյան պահին ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված: Տեղաշարժման դժվարությունները դպրոցում նրան զրկել են սպորտով զբաղվելու հնարավորությունից, իսկ ավելի հասուն տարիքում՝ ցանկալի աշխատանքն էլ դարձրել երազանք: «Ամառային ճամբարում ջոկատավար աշխատելու հայտարարություն տեսա: Որոշեցի դիմել՝ բարձրագույն կրթությունն ունեի, բազմաթիվ սեմինարների էի մասնակցել և ցանկանում էի փորձս ու հմտություններս նոր աշխատանքում կիրառել: Աշխատանքային կենսագրությունս շատ էին հավանել, բայց երբ կանչեցին հարցազրույցի, պատասխանատուն ասաց՝ Դուք չեք կարող այս աշխատանքն անել, Դուք հաշմանդամ եք,- հիշում է Տիգրանուհին ու սրտնեղում,- բայց չէ՞ որ ջոկատավարը միայն ակտիվ ֆիզիկական խաղեր կազմակերպելու համար չէ, ես կարող էի նաև երեխաների մշակութային կյանքը կազմակերպել»:

Ամեն օր ու ամեն քայլափոխի հանդիպող  խտրականության դեմ պայքարի միջոցը Տիգրանուհու համար՝ առօրյան սիրելի աշխատանքն է: 2006թ.-ից նա  «Փարոս» կամերային երգչախմբի կազմում է, ու նաև նրա ձայնով են պայմանավորված «Փարոս»-ի հաջողությունները՝ Բրատիսլավայի, Ռիգայի, Սոչիի մրցույթներում: 2014թ.-ից Տիգրանուհին սկսել է նաև պարով զբաղվել, մասնակցել պարային ներկայացումների:

Երաժշտությունն ու պարը շատ բան են փոխել իր կյանքում, դրանք հոգուս ազատությանն ավելացրել են նաև մարմնիս ազատությունը,- ասում է նա ու ավելացնում,- մարդը կարող է շատ բանի հասնել՝ անկախ հաշմանդամություն ունենալ չունենալուց, կարևորը չկոտրվելն է»:

Իսկ սիրելի մարզաձևով զբաղվելու պլանները դեռ առջևում են:

 

Տաթևիկ Սարգսյան

Լուսանկարը՝ Մելինե Ղազարյանի և Տիգրանուհի Մինասյանի անձնական արխիվից

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register