ԲԱՐԻ ՏՆԱԿ

16

Հաշմանդամություն ունեցող մարդիկ հաճախ հայտնվում են լուսանցքից դուրս՝ ամեն քայլափոխի բախվելով խտրականության ու անհավասարության պատնեշին։ Հաշմանդամություն ունենալ-չունենալը երեխայի համար դառնում է ճակատագրական ՝ կանխորոշելով նրա ապագան՝ ծննդյան պահից սկսած։ Ցավոք, միշտ չէ, որ այդ կանխորոշումը երեխայի օգտին է լինում:

Բազմաթիվ ծնողներ, իմանալով երեխայի հաշմանդամության մասին, հրաժարվում են նրանից՝ հանձնելով մանկատուն։ Մինչդեռ ամեն երեխա պետք է լիարժեք, ընտանեկան ջերմությամբ ու սիրով լի մանկություն ունենա։ Կլինեն տնակներ՝ լուսավոր սենյակներով ու մեծ պատշգամբներով, որտեղ կապրեն հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները, կլինի այգի՝ կանաչապատ մարգագետիններով, որտեղ կվազվզեն ու կխաղան հաշմանդամություն ունեցող երեխաները։

Լուսավոր սենյակներում աշխատարաններ կլինեն, որտեղ մանկատան 16-18 տարեկան սաներն ու հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները հուշանվերներ կպատրաստեն ու կվաճառեն բոլոր ցանկացողներին… Կլինի «ԲԱՐԻ ՏՆԱԿ», որտեղ ամեն երեխա կլինի երջանիկ՝ անկախ հաշմանդամություն ունենալ-չունենալու հանգամանքից, որտեղ ոչ մի մայր չի մտածի իր երեխային լքելու մասին:

«Բարի մամա» ՀԿ ջանքերով, Երևանից ոչ հեռու՝ Ջրվեժ համայնքում, արդեն մեկնարկել է «ԲԱՐԻ ՏՆԱԿ»-ի շինարարությունը։ «ԲԱՐԻ ՏՆԱԿ»-ի նպատակները բազմաթիվ են ու լուսավոր՝ մանկատանը բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպել թերապիաներ (ֆիզիոթերապիա, արտ-թերապիա, հոգեբանի և լոգոպեդի ծառայություններ, կինեզիոթերապիա և մի շարք այլ բուժումներ), ստեղծել ապաստան 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող մանկատան սաների համար, որոնք տեղ չունեն գնալու, կազմակերպել կարճատև դասընթացներ այն մայրերի համար, որոնք պատկերացում չունեն, թե ինչպես պետք է խնամել հաշմանդամություն ունեցող իրենց երեխային, տրամադրել ապաստան մայրերին, որոնք ընտանեկան որոշակի խնդիրների պատճառով թեպետ հայտնվել են դրսում,բայց չեն ցանկանում իրենց երեխաներից հրաժարվել և հանձնել մանկատուն:

Աշխատանքով ապահովել հաշմանդամ երեխաներ ունեցող այն կանանց, որոնք չեն հրաժարվել իրենց երեխաներից, իրականացնել Հայաստանում առաջին հոսթելը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար և այլն: «ԲԱՐԻ ՏՆԱԿ»-ի կառուցման համար անհրաժեշտ է 300.000 ԱՄՆ դոլար: Սկզբնական շրջանում գումարը ահռելի էր թվում, բայց սրտացավ մարդկանց շնորհիվ այն ավելի ու ավելի է մոտենում իրականությանը։ Արդեն իսկ գտնվել են հովանավորներ, որոնք զբաղվելու են «ԲԱՐԻ ՏՆԱԿ»-ների կահավորմամբ:

Բազմաթիվ նախաձեռնությունների շնորհիվ հավաքվել է մոտ 18.000 ԱՄՆ դոլար գումար:
Սոցիալական ձեռնարկատիրություն հիմնելու համար կազմակերպիչներն արդեն դիմել են մի քանի դրամաշնորհի: «Միակ խանգարող հանգամանքն այս պահին շինանյութի բացակայությունն է, որի առկայության դեպքում շինարարական աշխատանքներն անընդհատ կշարունակվեն և օր առաջ կմոտեցնեն «ԲԱՐԻ ՏՆԱԿ»-ի կառուցմանը,- նշում է «Բարի մամա» բարեգործական ՀԿ նախագահ Մարինե Ադուլյանը։ Ամեն երեխա պետք է ընտանեկան ջերմությամբ ու սիրով լի լիարժեք մանկություն ունենա ։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է աջակցել , որ հաշմադամություն ունեցող երեխաների մանկությունը բարի լինի՝ «ԲԱՐԻ ՏՆԱԿ»-ի լուսավոր սենյակներում։

Տաթևիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register