ՉԻՆԱՍՏԱՆԸ՜ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԵՌՈՒ  ՈՒ ՆՈՐ ԴՐԱՑԻՆԵՐ

1

Տնտեսության  արգելակման համար մեր երկրում առաջին հայացքից բոլոր պայմաններն առկա են. շրջափակում, բնական պաշարների բացակայություն, հասարակական քաղցկեղի համարում ունեցող կոռուպցիա, արտագաղթ, ներդրումների սղություն, գործազրկություն և այսպես շարունակ: Բոլոր այս գործոններին տրվելու դեպքում կարելի է ձեռքերը թափ տալ,  մի կողմ քաշվել ու պարզապես գոյութուն քարշ տալ և՛ որպես երկիր, և՛ որպես ժողովուրդ: Սակայն դա ամենահեշտ տարբերակն է: Իրական ելքը՝ ելք փնտրելու ու այն գտնելու մեջ է:

Տնտեսութան զարգացման համար կարևոր է ճիշտ ու վստահելի  գործընկերների առկայությունը: Մեր երկրի համար սա հատկապես կարևոր է, որովհետև հարևան չորս երկրից երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի  հետ սահմանները փակ են, հարաբերությունները՝ զրոյից էլ այն կողմ՝ չկամ-թշնամական: Վրաստանի ու Իրանի հետ բարիդրացիական տնտեսական հարաբերություններ ունենք, սակայն արտաքին կապերի առումով միայն այդքանը բավարար չէ:

Իսկ միգուցե այն, ինչ մեզ խանգարում է, կարող է և օգնե՞լ: Ստեղծված պայմաններում Հայաստանն արդեն քառորդ դար՝ ապրում է և կապեր զարգացնում նաև հեռավոր բարեկամների հետ: Այս առումով  Չինաստանի օրինակը շատ խոսուն է:

Ակտիվ զարգացող ու հեռանկարային հարաբերություններ ունենք մեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող, մեկ միլիարդ երեք հարյուր միլիոնին մոտ բնակչություն  ունեցող Չինաստանի հետ: Երկիր, որ հետաքրքրված է երեք միլիոն բնակիչ ունեցող Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ:

Չինաստանը մոտենում է Հայաստանին

Օրեր առաջ քաղաքական վերին ատյաններում կրկին հայ-չինական կապերի ամրապնդման  հարցն էր քննարկվում. տարվա ընթացքում բազմաթիվ համաժողովներ, ցուցահանդեսներ են լինում, որոնք հնարավորություն են տալիս ջերմացնել հայ-չինական հարբերությունները, իսկ այսօրվա  օրակարգում մեր երկրի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական մասնակցությունից բացի, Հայաստանը, աշխարհագրական դիրքով և տարածաշրջանային համագործակցությամբ պայմանավորված,  կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ՝  նաև երրորդ երկրներ մուտք գործելու տեսանկյունից: Հիշեցնենք, Հաաստանը ԵԱՏՄ անդամ է և կարող է հենց այս ճանապարհով դուռ բացել Չինաստանի համար դեպի այլ տարածաշրջաններ: Երևանում հոկտեմբերին Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովն էր գումարվել:

Հայ-չինական առևտուր

Մեկ գոտի և մեկ ուղի» բաց, տնտեսական-դիվանագիտական նախաձեռնության շրջանակներում Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները բավականին ամրապնդվել են: Երկկողմ առևտրի ծավալը 2015 թվականին հասել է 330 մլն ԱՄՆ դոլարի՝ տարեկան 13.9 % աճով:

Չինական կառավարությունը համագործակցության այս խոշոր նախաձեռնությամբ ձգտում է «Մետաքսի ճանապարհով»  խաղաղություն ու փոխշահավետություն տարածել: «Մեկ գոտի և մեկ ուղի»՝ քաղաքականության, առևտրի, տարադրամի շրջանառության, ենթակառուցվածքի, մշակույթի և այլ ոլորտներում փոխանակման և համագործակցության միջոցով՝ հիմնվելով փոխադարձ բանակցությունների և փոխըմբռնման  սկզբունքների  վրա:

Չինաստանը տնտեսական հսկա է և ներմուծվող ու արտահանվող ապրանքների առևտրով շարունակում է առաջատար լինել: 2015 թվականին առցանց մանրածախ վաճառքի ծավալը  պահպանել է առաջին տեղն աշխարհում, սպառողական ապրանքների մանրածախ վաճառքի ընդհանուր ծավալն ու ծառայությունների ոլորտում ներկրման և արտահանման ծավալը իրենց կայուն երկրորդ տեղն են զբաղեցրել աշխարհում: Օտարերկրյա ներդրումները (126.27 մլդ. ԱՄՆ դոլար) զբաղեցրել են առաջին հորիզոնականը զարգացող երկրների շարքում 24 տարի անընդմեջ, իսկ արտերկրյա ներդրումները (118.02 մլդ. ԱՄՆ դոլար)՝  աշխարհում երրորդն են եղել :

Ավելի քան 60 երկիր դրական  են արձագանքել այս նախաձեռնությանը, իսկ որոշ երկրներ իրականացրել են ռազմավարական միավորումներ Չինաստանի հետ և առաջ են քաշել համագործակցության կոնկրետ գաղափարներ:«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը Չինաստանի «մեներգը»  չէ,  այն բոլոր երկրներից կազմված «երգչախումբ»  է. սա տնտեսական վերլուծաբանների գնահատականն է:

Չինաստանն աշխարհի տարբեր ծագերում, ինչպես օրինակ Պակիստանում, Շրի Լանկայում, Բելառուսում, Թաիլանդում, Եգիպտոսում, Քենիայում և այլուր, հիմնել է 75 արտերկրյա տնտեսական և առևտրային համագործակցության գոտիներ:

Չինաստանից Հայաստան արտահանումների ծավալը կազմել է 114 մլն ԱՄՆ  դոլար՝ տարեկան նվազելով 7.5 %-ով, մինչ Հայաստանից կատարված ներկրումները Չինաստան կազմել են 217 մլն ԱՄՆ  դոլար՝ տարեկան ավելանալով 29.5 %-ով:

2009 թվականից Չինաստանը Հայաստանի երկրորդ ամենամեծ գործընկերն է: Չինաստանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են՝ բջջային և ֆիքսված կապի սարքավորումները, համակարգիչները, պողպատը, կաշին, մորթեղենն ու կահույքը: Իսկ Հայաստանից հիմնականում  Չինաստան է արտահանվում պղինձ և պղնձի խտանյութ, ալկոհոլային և ադամանդե արտադրանք և այլն:

Չինական ընկերությունները Հայաստանում ակտիվ  մասնակցում են ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրերին:

Մայրաքաղաք Երևանում երթևեկում են Չինաստանի տրամադրած հանրային ավտոբուսներն ու շտապօգնության ավտոմեքենաները: Տեխնոլոգիաների առաջատար երկիր Չինաստանում հայկական  «Նաիրիտի» արտադրությունն է գործում:  Ժամանակակից աշխարհում գլխավոր կապիտալը մարդու միտքն է, որն էլ օգնում է հաղթահարել սահմաններն ու տարածությունը: Հուսանք, որ հայ-չինական բարեկամությունը կշարունակի իր դրական ազդեցությունը թողնել Հայաստանի վրա:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register