ԱՊԱԿՈԴԱՎՈՐԵԼՈՎ ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵՐԸ

chin

Թոթովախոս, նոր-նոր կյանք «ճանապարհվող» մանկիկի  աշխարհընկալումը սկսվում է՝ մամա, պապա, դուրսիկ, ջուրիկ, տաշիկ (իրականում՝ ճաշիկ) բառերից: Այս զարմանահրաշ շրջանում երեխան կարծես խոսում է 10 լեզվով՝ ամեն անգամ զվարճալի նախադասություններ արտաբերելով, որոնք իմաստը բացի տատիկից ոչ ոք այդպես էլ չի հասկանում: Տատիկը, սերունդներ կրթած պոլիգլոտի վստահությամբ, ապակոդավորում է թոռան թոթվանքը և ի լուր աշխարհի բոլորին հայտարարում, որ երեխան չինարեն է խոսում: Այսպես է ծնվել չինարենի՝ անհասկանալի և բարդ լեզու լինելու, հաճախ մեջբերվող կարծրատիպը: Հիերոգլիֆները  անծայրածիր լեռնաշղթաներ, կրակներ և բրնձի հատիկներ են հիշեցնում: Իրականում,սակայն, ամեն ինչ այլ է: Հատկապես հայերին չինարենը հեշտ է տրվում, քանի որ երկու լեզուների հնչյունային համակարգերը նման են: «Ճամփորդի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսումնական գծով վարիչ Լիլիթ Հակոբյանը: Երիտասարդ մասնագետը  համատեղության կարգով աշխատում է նաև Անդրանիկ Մարգարյանի անվան 29-րդ ավագ դպրոցում, որտեղ չինարեն է դասավանդում:

ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում  հիմնադրված Կոնֆուցիոսի ինստիտուտը գործում է 2008 թվականից: Լիլիթ Հակոբյանը եղել է ինստիտուտի առաջին շրջանավարտներից: Նա այնքան է կատարելագործել չինարենի իմացությունը, որ սկսել է դասավանդել և արդեն 2014 թվականին դարձել է ԵՊՀ-ում չինարենի առաջին դասախոսը:Չինարենն այժմ որպես պարտադիր առարկա դասավանդվում է Ա. Չեխովի անվան թիվ 55  և Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցներում: Նիկոլայ Գոգոլի անվան 35  և Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2-րդ դպրոցներում նույնպես  չինարեն են անցնում: Չինական հիերոգլիֆները սկսել են «ուսումնասիրել» նաև  երեք ԲՈՒՀ-երում՝ Սլավոնականում, ԵՊՀ-ում և Բրյուսովում:«Տասը տարի առաջ չինարենն ինձ հետաքրքրում էր որպես էկզոտիկ լեզու: Այն ժամանակ Հայաստանում չինարենն այդքան էլ տարածված չէր , իսկ այժմ հետաքրքրությունը հետզհետե աճում է:Պատճառներից մեկը երկու երկրների միջև համագործակցության զարգացումն է: Բացի այդ գնալով ընդլայնվում են  Չինաստանի հետ գործարար կապերը, շատացել են Չինաստան մեկնող մարդիկ: Չինարենը դարձել է բիզնես լեզու: Կոնֆուցիուսի ինստիտուտը այժմ ունի մշտական գրանցված 200 ուսանող: Ինստիտուտում դասավանդում են միայն Չինաստանից  ժամանած մասնագետները: Քսանմեկ դասընթացավար կա: Հաղորդակցական լեզուն ռուսերենն ու անգլերենն է: Խմբերը առավելագույնը 12 մասնակից են ունենում: Ընդունելության նվազագույն շեմը յոթ տարեկանն է: Դասընթացները թեպետ վճարովի, բայց բավական մատչելի են՝ ամսական 10-15 հազար դրամ:Մեզ մոտ հնարավոր է նաև անցնել չինարենի որակավորման քննություն, անգլերենի «TOEFL»-ի նման: Կա չինարենի իմացության 6 մակարդակ: 6-րդն ամենաբարձրն է: Անցած տարվա տվյալներով մեզ մոտ 38 մարդ է հանձնել որակավորման քննություն, թեստերը ստուգել են Չինաստանում: Բոլորը դրական արդյունքի են հասել: Նրանց մի մասը՝ օգտվելով տարբեր կրթական ծրագրերից մեկնել է Չինաստան ուսումը շարունակելու:

Բա՞րդ է չինարեն սովորելը: Կարծում եմ՝ ոչ: Իհարկե, բարդ լեզու է, բայց 1տարվա ընթացքում հնարավոր է առաջին կամ երկրորդ մակարդակով հանձնել որակավորման թեստը: Մեզ՝ հայերիս համար առավել ևս հեշտ է չինարենը սովորել, քանի որ երկու լեզուների հնչյունային համակարգերը նման են: Հայերենը բավական հարմար է օտար լեզուներ սովորելու համար: Մեր չինացի դասընթացավարները զարմանում են, երբ տեսնում են, որ մենք 3-4 լեզվի ենք տիրապետում»,- նշում է կենսունակ ու ժպտերես մասնագետը:

 

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register