ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

img_9088

1956 թվականի նոյեմբերի 29-ին եթեր հեռարձակվեց  հայկական առաջին   հեռուստահաղորդումը՝ Նառա  Շլեփչյանի անզուգական ձայնով: 60-ամյա հոբելյանն, ըստ իս, հայկական լրատվադաշտի մասին խոսելու հրաշալի առիթ է: 90-ականների լուրերը՝  ցրտի ու սահմանից  եկող  ծանր լուրերի  պատճառով գրվում էին դողացող ձեռքերով: Լրագրողներն աշխատում էին մոմի լույսի տակ, կիսաքաղց ու շորերի մեջ փաթաթված: Սահմանին թշնամու դեմ կռիվ տվողը նրանց որդիները, եղբայրները, ամուսիններն ու հայրերն էին, ինչը չէր խանգարում, սակայն նրանց պրոֆեսիոնալիզմին, լրատվության ապահովման նրանց կոչմանը: Անգամ այն պարագայում, երբ պատերազմական իրավիճակը հարկադրում էր լռել, հայ լրագրողները գտնում էին մարդկանց  չխաբելու տարբերակը՝ չբարձրաձայնելով  պետական գաղտնիքները: Դա   պրոֆեսիոնալիզմի բարձրագույն  դրսևորում էր, երբ պատերազմական   իրավիճակում անգամ, տուրք չտալով  զգացմունքներին, թուլությանը, ցավին ու վշտին  նրանք կարողանում էին մասնագիտորեն վերաբերել  իրենց աշխատանքին: Տպավորություն է, որ հայերը ծնվել են լրագրող դառնալու համար, որովհետև «քարից հաց քամելուց» բացի, նրանք «քարից լուր» էլ են քամել: Փոխվել են ժամանակները, պատերազմը հաղթել ենք: Չնայած  համեմատաբար ավելի խաղաղ  պայմաններին, լարվածությունն այնուամենայնիվ շարունակվում է: Նորագույն  տեխնոլոգիաները մեդիա աշխատակիցների կյանքը անհամեմատ ավելի հեշտացրել են: Մոմերով  լուսավորվող  սենյակների  փոխարեն   մեծ   ու ազատ գրասենյակներում ենք աշխատում, կիսագործուն  ձայնագրիչների փոխարեն վերջին սերնդի տեխնիկան է մեր ձեռքի տակ: Բայց արի ու տե՛ս, որ լրագրողի   աշխատանքը հեշտացնող  նոր տեխնոլոգիաներին զուգահեռ մեծանում  է ստեղծվող, մեդիայում շրջանառվող, ընթերցողներին ապակողմնորոշող  կեղծ լուրերի տեսակարար կշիռը :

Միացյալ նահանգներում վերջերս իրականացված ուսումնասիրությունից պարզվել է, որ բնակչության 62%-ը լրատվությանը հետևում է սոցիալական ցանցերի միջոցով: Այսինքն, վերջիններիս  համար  հավաստի է դիտարկվում այս կամ այն անհատի  սոցցանցային գրառումը, կեղծ  բամբասանքներով հագեցած ու հավաքած «քլիքներով» համարման արժանացած կայքերի տրամադրած տեղեկատվությունը: Մարդիկ ուղղակի չեն տարբերում լրատվական կայքը սոցկայքից: Այդ մարդկանց  44 տոկոսը երիտասարդներ են: Ու դա սարսափելի է, որովհետև  նորագույն սերունդն արդեն բացարձակ չի տարբերում  կեղծ լրատվությունը հավաստիից:

Եվ անգամ  ԱՄՆ-ի պես հզոր երկրում կեղծ լուրերի ուժն այնքան հզոր է, որ դրա շնորհիվ անգամ  նախագահ ընտրեցին: Էլ ի՞նչ  ասել մեզ  նման փոքր, երիտասարդ պետականություն ունեցող երկրների մասին: Մեդիայի նկատմամբ հավատը նվազում   է, որովհետև կայքերի օվիկանոսում  դժվար է գտնել վստահելի լրատվության ցանկալի կղզին: Հենց այս պատճառով էլ տպագիր մամուլը շատ ավելի հավաստի է, քանի որ այն տպելը թանկ է, սխալ տեղեկատվություն հրապարակելու դեպքում էլ հնարավոր  չէ «հետքայլ» կատարել, ի տարբերություն  սոցկայքերի,որոնց  ճնշող  մեծամասնությունում  աշխատում  են ոչ պրոֆեսիոնալներ: Գրեթե նույնն է իրավիճակը հայկական   մեդիադաշտում: Ինչ խոսք, կան նաև թերթեր, որոնք  նույնպես սիրում են բամբասանքներ տարածել ու սենսացիոն լուրեր հրապարակել, բայց դրանք՝ ի տարբերություն կայքերի հատուկենտ են: Նրանց  գործելակերպին հետևելն ավելի հեշտ է: Իսկ կայքերում կեղծ լուրերի վարակ է վխտում. մի կայքն արտատպում է մյուս՝ կասկածելի ծագում ունեցող  մեկ այլ կայքի լուրը: Դա  էլ իր հերթին հասնում է ավելի խոշորներին և  ակնառու սուտը՝ ընթերցողին  է հրամցվում իբրև իսկություն: Դրա  համար եմ ես կարևորում տպագիր  մամուլի դերը, որտեղ լրատվությունը ճշգրտվում է մի քանի աղբյուրներից, անցնում է խմբագրման մի քանի փուլ և հետո է միայն մատուցվում ընթերցողին:Այս տարբերակում սխալվելու հավանականությունը էապես նվազում է, ինչը 21-րդ դարի  մեդիամարդու համար շատ կարևոր է: Տեղեկատվական աշխարհի համար մեկ այլ աղետ է այն, որ սոցցանցերը սկսել են ասոցացվել լրատվական կայքերի հետ:

Երբ ստեղծեցինք «Ճամփորդ»  հիմնադրամը, մեր գլխավոր նպատակներից էր նաև  մեր   օգնությամբ «փրկվել» շատերի  համբավը վնասող, մարդկանց մոտ տագնապ  ու հուսահատություն առաջացնող (օրինակ՝ ապրիլյան դեպքերի ժամանակ) սոցցանցային լրատվությունից: Բացի սրանից, ապատեղեկատվությունը երբեմն նաև  գիտելիքի պակասի հետևանք է: Շուտով  ընտրություններ  են: Դրանց արդյունքը  սերտորեն   կապված է հանրային քաղաքականության  և տնտեսության հետ: Վերջերս շփվելով լրագրողական դաշտի հետ ես նկատում եմ, որ երիտասարդ լրագրողները հատկապես տնտեսական ոլորտում  թերի  գիտելիքներ   ունեն:Ուշադիր լինելու դեպքում նաև կնկատեք,որ իսկապես,տնտեսական   թեմաներով հիմնականում գրում   են մեր ավագ գործընկերները:  Տնտեսությունը հասկանալու  համար տարիք  ու  փորձ  է հարկավոր: Ճկուն այդ  դաշտն  ամբողջովին ընկալելու համար պետք  է մշտապես հետևել  ոլորտի փոփոխություններին: Բայց հնարավոր է դեռ երիտասարդ  տարիքից  լրագրողներին   սովորեցնել  տարրական ու խիստ  անհրաժեշտ նրբություններ: Զարմանում եմ,որ   ժուռնալիստիկայի ֆակուլտետներում  տնտեսագիտություն չեն անցնում: Դրա պակասը ընդհանուր դաշտում խիստ նկատելի է: Բայց կանգնելը, մատ թափ տալն ու առանց որևէ բան ձեռնարկելու բողոքելը  հարիր չէ մեր թիմին: Հենց դրա համար էլ «Ճամփորդ»   հիմնադրամը  վերջերս հանդիպում ունեցավ  «Տնտեսական  լրագրողների   ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ: Նրանց հետ կայացած  ջերմ զրույցի   ու   քննարկման  նպատակը մեկն էր. խնդրել ոլորտի լավագույն մասնագետներին՝ լինել մեր   կողքին, սովորեցնել մեզ` տնտեսության ոլորտին  առնչվող լրագրողներիս, տնտեսական լրագրության  մանրամասները, որպեսզի իրար օգնելով նորից ձեռք բերենք լրատվությանը հետևող մարդկանց վստահությունը, համատեղ ջանքերով  ստվերում թողնենք  կասկածելի լուրերը՝  նոր ճանապարհ   բացելով հավաստի, ստուգված   և տեղեկատվություն ներառող մեդիայի համար:

Մենք կարող ենք միահամուռ ուժերով  հայկական մեդիան մաքրել «անիրազեկություն» կոչվող  աղբից, եթե, իհարկե, մարդկանց սովորեցնենք սոցցանցերը չդիտարկել որպես   լրատվադաշտ, ու տարբերել կեղծ լուրերը իրականներից: Եթե մոմի լույսի տակ մեր ավագ կոլեգաները կարողացել են «քարից» հավաստի տեղեկատվություն  քամել, ապա այսօր մենք ուղղակի պարտավոր ենք էլ ավելի ուշիմ ու նրբանկատ լինել այն բառերի   հանդեպ,   որոնք  հրատարակում   ենք:   Չէ՞ որ հայկական մեդիա   պատմությունը  երկար  կյանք   ու   անցնելիք ճանապարհ ունի, չէ՞ որ տասնամյակներով տպվող թերթեր ունենք և մեր հեռուստատեսությունն արդեն վաթսուն տարեկան է:Շնորհավոր հայկական հեռուստատեսության օրը:

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register