1+1=1. ԿԱՄ ԱՅՐ ՈՒ ԿԻՆ՝ ՄԵԿ ՄԱՐՄԻՆ…

  • 1+1=1. ԿԱՄ ԱՅՐ ՈՒ ԿԻՆ՝ ՄԵԿ ՄԱՐՄԻՆ…
  • 1+1=1. ԿԱՄ ԱՅՐ ՈՒ ԿԻՆ՝ ՄԵԿ ՄԱՐՄԻՆ…
  • 1+1=1. ԿԱՄ ԱՅՐ ՈՒ ԿԻՆ՝ ՄԵԿ ՄԱՐՄԻՆ…

ՏՈԿԻՈՆ  ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԱՎՈՐԵԼ ՆԱԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԵՐԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ…

Սպորտ, պար, ուժ և արվեստ,  ռիթմի պահպանում, շնչառության ու ճկուն մարմնի լիարժեք կառավարում: Սրանք՝ սպորտային պարերին տրված  հիմնական բնութագրականերն են:  90-ականներին հեռուստատեսությամբ հաճախ էին ցուցադրում սպորտային պարերի միջազգային մրցույթներ: Շատերի համար դրանք ընդամենը  իրենց գեղեցկությամբ, սահունությամբ ու համաչահանդիսատեսին գրավող  պարային համարներ էին: Այսօր արդեն՝ սպորտային պարերը հավակնում են դառնալ մարզաձև և 2020 թվականին ներկայացած լինել Տոկիոյում անցկացվելիք   32-րդ ամառային օլիմպիական խաղերին: Սպորտային պարերի  ներկայի ու ապագայի մասին է  Հայաստանի Սպորտային պարերի  ֆեդերացիայի նախագահ, պարուսույց, միջազգային կարգի մրցավար Գևորգ Մարկոսյանի հետ զրույցը:

Գևորգ Մարկոսյանը  պարել սկսել է 7 տարեկանից: ժողովրդական պարերում հմտանալուց հետո, 1990-ականներից սկսել է զբաղվել նաև սպորտային պարերով: 1995 թվականին հիմնել է  մինչ օրս գործող «Մատադոր» ակումբը: Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի հիմնադրման օրվանից եղել է կառույցում՝ որպես փոխնախագահ: Վերջին 5 տարիներին՝ կառույցի ղեկավարն է:

– Ե՞րբ է ստեղծվել Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան:

 – Հայաստանի Սպորտային պարերի ֆեդերացիան ստեղծվել է 1996 թվականին: Այդ ժամանակ  ֆեդերացիայի կազմում ընդամենը  5-6 ակումբ էր գործում: Այժմ արդեն՝ Հայաստանի ողջ տարածքում գործում է սպորտային պարերի մոտ 30 ակումբ: Նրանց հիմնական մասը Երևանում է, սակայն ակումբներ կան նաև Վանաձորում, Գյումրիում:  Պրոֆեսիոնալ մարզիկները մասնակցում են Հայաստանի առաջնությանը, իրավունք ստանում մասնակցելու  միջազգային մրցույթների:

90-ականներից հետո ոլորտում նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել: Ակումբների քանակն ավելանալուց բացի, նաև մասնագետներն են որակապես աճել. ամեն տարի կազմակերպում ենք որակավորման դասեր, սեմինարներ, հրավիրվում ենք արտերկրյա մասնագետների, փորձի փոխանակում ենք իրականացնում: Սեմինարները լինում եմ թե՛ մարզիկների, թե՛ մրցավարների,և  թե՛ պարուսույցների համար: Մեր մարզիկները մասնակցում են միջազգային մրցույթների, ինչը նույնպես մեծ փորձառություն է:

– Տարիքային ինչ սահմանափակումներ կան:

 -Սովորաբար երեխաներին ընդունում ենք  4-5 տարեկանից: Ճիշտ է, սկզբնական շրջանում ծանրաբեռնվածությունը մեծ չէ, այն ավելացնում ենք աստիճանաբար՝ տարիքային աճին զուգահեռ: Որպես այդպիսին, մեր մարզաձևում տարիքային սահմանափակում չկա , բայց մեծահասակների համար սահմանված կարգը՝  19-35 տարիքային միջակայքում է:Իսկ մինչև 19 տարեկանը գոյություն ունեն՝ «Երեխա 1»,  «Երեխա 2», «Պատանի 1», «Պատանի 2» և «Երիտասարդ» կարգեր, իսկ  35-ից հետո արդեն  հնարավոր է պարել «սինյոր» կարգում: Սրանք տարիքային կարգերն են, գործում են  նաև որակավորման կարգեր:

– Սպորտային պարերը դեռևս  օլիմպիական մարզաձև չեն: Ունե ՞ք  արդյոք պետական ֆինանսավորում:

 – Իրավացի եք, սպորտային պարերն առայժմ օլիմպիական մարզաձև չեն, սակայն արդեն այս տարի Ռիո դե  Ժանեյրոյի օլիմպիական խաղերում սպորտային պարերի ցուցադրական ելույթներ են լինելու, որից հետո 2020 թվականին Տոկիոյի օլիմպիական խաղերում մարզաձևը պաշտոնապես ներկայացվելու է: Մինչ այժմ չունենք պետական ֆինանսավորում, ինչն ամենացավոտ հարցերից է, չնայած բազմիցս դիմել ենք: Հուսով ենք, որ օլիմպիական մարզաձևերի ընտանիքում ընդգրկվելուց հետո կլինի նաև պետբյուջեից  ֆինանսավորում և մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը նկատելիորեն կաճի: Մինչ այժմ միջազգային բոլոր մրցումներին մասնակցությունը կազմակերպել ենք ներքին ուժերով:

– Հաջողություններ կա՞ն միջազգային ասպարեզում:

 – Միջազգային  մրցույթներում ունեցել ենք լուրջ հաջողություններ: Արևելյան Եվրոպայի  2-3-րդ  մրցանակակիրներ ունենք: Դուստրս՝ Թագուհի Մարկոսյանը, անցյալ տարի  Վոլգոգրադում միջազգային մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց: Իտալիայում անցկացված միջազգային խոշոր մրցաշարում 13-րդ տեղն ենք զբաղեցրել: Նշածս բոլոր ցուցանիշներն էլ Հայաստանի համար պատվաբեր են:

– Իսկ ի՞նչ մրցումներ են կազմակերպվում Հայաստանում:

– Ամեն տարի անցկացվում է Հայաստանի պաշտոնական առաջնությունը: Դրանից բացի կազմակերպվում են մի քանի «բաց» առաջնություններ, որոնց մասնակցում են նաև արտերկրից ժամանող մասնակիցներ: Պաշտոնական առաջնությունում հաղթողները իրավունք են ստանում Հայաստանը ներկայացնել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Այս տարվա հաղթողը՝ Կարեն Գևորգյան- Թագուհի Մարկոսյան զույգն է: Այս զույգը անցած տարի Վիեննայում մասնակցելով աշխարհի  առաջնությանը. 133 մասնակիցների ցանկում զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը: Մրցույթին  մասնակցում էին աշխարհի ուժեղագույն մարզիկները՝ սպորտային պարերի առաջատարներ՝  Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից:

– Սպորտային պարերն ի՞նչ ծրագրեր ունեն:

 – Սպորտային պարերը երկու ծրագիր ունեն՝ լատինամերիկյան և եվրոպական: Յուրաքանչյուրն ունի 5-ական պար: «Դանդաղ վալս»,«Տանգո»,«Վիեննական վալս»,«Դանդաղ Ֆոքստրոտ» և «Քուիքստեփ»: Սրանք են եվրոպական պարերը: Լատինաամերիկյանը՝  «Չա-չա-ն, «Ջայֆ»-ը, «Ռումբա»-ն, «Սամբա»-ն և  «Պասադոբլ»-ն են:

– Ո՞ր ծրագիրն է Հայաստանում առավելապես տարածված:

 – Միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի շատ տարածված է լատինաամերիկյան ձևը: Եվրոպականն ավելի զուսպ է, իսկ լատինաամերիկյանն՝ ավելի կրքոտ: Մեր առաջատար զույգը առայժմ միայն լատինաամերիկյան պարերում է հանդես գալիս:

– Միջազգային մրցելույթներում հագուստի և երաժշտության ընտրությունը մե՞ծ դեր ունի:

 – Հագուստը մենք ենք ընտրում՝ ոճաբանների օգնությամբ: Հաջողության համար հագուստն,իհարկե,իր  դերակատարությունն ունի, սակայն առաջնայինը տեխնիկան է: Երաժշտությունը կազմակերպիչներն են ընտրում, սակայն կան միջազգային ստանդարտներ և մենք նախապես գիտենք՝ ինչ ռիթմի երաժշտություն է լինելու:

– Ի՞նչ ծանրաբեռնվածությամբ են պարապում մարզիկները:

– Մրցելույթների ժամանակ պարերը սկսվում են առավոտյան ու շարունակվում մինչև ուշ երեկո : Մարզիկները տարբեր փուլեր են հաղթահարում: Այդ իսկ պատճառով էլ ամենօրյա  պարապունքները պարտադիր են: Նույնիսկ 1.5 րոպեանոց պարը մեծ էներգիա է խլում: Պարապունքները միօրինակ չեն լինում: Դրանցում ընդգրկված են  ֆիզիկական, շնչառական, հոգեբանական վարժություններ: Մեր պարերում այս բանաձևն է գործում՝ «1+1=1», այսինքն՝ զույգը գործում է որպես  մի ամբողջություն, որպես մեկ օրգանիզմ՝ փոխլրացնելով  միմյանց:

– Հայաստանում որտե՞ղ են պատրաստում սպորտային պարերի մասնագետներ:

 – Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում կա մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոն, որտեղ էլ պատրաստվում են համապատասխան մասնագետներ: Ինքս դասավանդում եմ:

– Հայտնի է, որ Դուք նաև միջազգային կարգի մրցավար եք: Հայաստանն ունի՞ այլ մրցավարներ: Որտե՞ղ են որակավորվում  սպորտային պարերի մրցավարները:

 – Հայաստանն ունի միջազգային 7 կարգի մրցավար: Սակայն մրցավարներից միայն երկուսն ունեն բարձր կարգ, ինչն էլ նրանց հնարավորություն է ընձեռում աշխատել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: Հայաստանում չկան համապատասխան դասեր: Ուսուցումը արտերկրում է կատարվում:

– Ի՞նչ է հարկավոր Հայաստանում սպորտային պարերի զարգացման համար:

 – Ֆինանսական աջակցություն և մարզաձևի պրոպագանդա: Գումարներն անհրաժեշտ են, որ ավելի հաճախ սեմինարներ, միջազգային մրցույթներ կազմակերպենք: Նաև մասնակցենք արտերկրում կազմակերպվող միջոցառումներին: Մնացած առումներով քիչ թե շատ գոհացուցիչ վիճակ է՝ մասնագետներ ունենք, պայմաններ ստեղծելը մեծ խնդիր չէ՝ անհրաժեշտ է պարային դահլիճ, մանրահատակ ու հայելիներ:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register