ԱՆՆԱՅԻ ՄԵԿՆՄԱՆ ԱՌԹԻՎ

anna

Կլեման Մարոն ծնվել է բանաստեղծ Ժան Մարոյի ընտանիքում, ուսումն ստացել է Փարիզում, վանականների կոլեժում, ուսումնասիրել է դասական լեզուներ, գրականություն, մասնավորապես իտալական վերածննդի դարաշրջանի գրողներին։ Մարոն ապրել է Ֆրանցիսկ Առաջին թագավորի քրոջ՝ Մարգարիտա Նավարացու պալատում, եղել նրա գրական խմբակի աչքի ընկնող մասնակիցներից մեկը, հետո փոխադրվել է արքայական պալատ։ Պավիայի ճակատամարտում վիրավորվել է Ֆրանցիսկ թագավորի հետ գերի է ընկել։ Ֆրանսիացի բանաստեղծին, չնայած Մարգարիտա Նավարացու և Ֆրանցիսկ Առաջին թագավորի հովանավորությանը կղերականները դատապարտել են որպես հերետիկոսի և ինկվիզիցիայի բանտը նետել։ Բանտից ազատվելուց հետո էլ Կլեման Մարոյին հանգիստ չեն տալիս։ Մարոն ստիպված փախուստի է դիմում, թափառում է իտալական և շվեյցարական քաղաքում։ Մահանում է Թուրինում, որպես աքսորական։

 

ԿԼԵՄԱՆ ՄԱՐՈ (1496-1544)

 Աննա՛, ասացե՛ք, այդ ո՞ւր եք մեկնում

Եվ ուղի չընկած՝ հայտնեցե՛ք, թե ես

Ինչպե՞ս թաքցընեմ աչքերիս միգում

Սիրտն այս նահատակ,սիրտն այս սիրակեզ:

Մի՛ հայտնեք ոչինչ: Ես գիտեմ՝ ինչպե՜ս,

Դուք կվերցընեք սիրտն այս սգալի,

Կտանեք ձեզ հետ, որ նա չտխրի

Ձեր տեսքից հեռու՝ այս երկրի ցրտում.

Եվ քանի որ մարդ անսիրտ չի ապրի,

Կթողնեք ձերն ինձ և…ցտեսությո՜ւն:

 

 ԻՄ ՄԱՍԻՆ

 Ինչ որ էի, այն չեմ երբեք

Եվ չեմ հիշում՝ էի՜ արդյոք:

Գարունըս լուրթ, ամառըս շեկ

Լուսամուտից թռան անհոգ:

Սե՛ր, դու՝ իմ տեր, տիկնա՛նց տիկին,

Քե՛զ պաշտեցի, աստվածուհի՛:

Թե ծնվեի կրկին-կրկին,

Ա՛հ, դեռ ինչպե՜ս  կպաշտեի:

 

Թարգմանությունը՝ Ա. Ալիքյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register