ԵՐԲԵՔ ՄԻ՛ ԱՍԵՔ՝ ԵՐԲԵՔ…

zaruhi

Մասնագիտությամբ  լրագրող, «disability   info» եռամյա կայքի հիմնադիր  և խմբագիր:  Մարդ, ով ապրում է իր սիրելի քաղաքում, ում գործունեությունը նվիրված է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների բարձրաձայնմանը, ով հավատում է, որ կյանքը հնարավոր է ավելի լավը դարձնել փոքր, բայց ամենօրյա քայլերի, ներդրած ջանքերի  ու միասնական  պայքարի շնորհիվ: Մարդ, ով իր մասնագիտությունն  օգտագործում է որպես գործիք՝  ի  շահ հաշմանդամություն  ունեցող  մարդկանց: «Ճամփորդ»-ը հաշմանդամության ն առնչվող խնդիրների մասին  զրույցել է  Զարուհի Բաթոյանի հետ :

 

– Ինչպե՞ս  ծնվեց կայքի  ստեղծման  գաղափարը: Ե՞րբ  այն  լույս  աշխարհ  եկավ:

– Լինելով լրագրող՝ մեծապես եմ կարևորում լրատվության դերը, այն իրոք շատ հզոր զենք է: Մշտապես այն համոզմանն եմ եղել, որ ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից: Մարդկանց տեղեկատվություն տրամադրելու ցանկություն, տեղեկատվական հարթակ ստեղծելու  միտք փայփայում էի վաղուց: Ըստ իս, որքան էլ ակտիվ լինեն հայկական լրատվամիջոցները, տեղեկատվական  բացն, այնուամենայնիվ զգացվում է: Միշտ երազում էի ստեղծել այնպիսի կայք, որը  մշտապես տեղեկատվական  նյութեր  կտրամադրեր  ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց, այլև նրանց, ովքեր պարզապես ցանկանում են  գտնել իրենց  հուզող հարցերի   պատասխանները: Օրինակ՝ ի՞նչ է հաշմանդամությունը, ի՞նչ է հարմարեցված միջավայրը, ի՞նչ  է «Դաունի համախտանիշը», ինչի՞ կարիք ունեն տեսողության խնդիր ունեցող անձիք… 2013թ. ստեղծվեց կայքը, դրանից հետո արդեն որոշեցինք  ստեղծել համանուն կազմակերպություն: Դրանից զատ, ստեղծեցինք  նաև կայք՝ հաշմանդամություն ունեցող  երեխաների ծնողների համար, ովքեր ևս  տրամադրում են  անհրաժեշտ նյութեր: Ունենք  տարբեր  մարզերի ներկայացուցիչներից կազմված  հիմնական աշխատակազմ , սակայն անհրաժեշտության դեպքում նաև բազմաթիվ կամավորներ են օգնության հասնում:

 – Էլ ինչ  գործառույթ  է իրականացնում  կայքը: Բարեգործական  միջոցառումներ կազմակերպո՞ւմ է:

– Նման բաների կարիքը չկա: Երբ հաշմանդամություն  ունեցող  մարդը նկարում է,  ցուցահանդես  է բացում, դրանով զարմացնելն  այլևս  հնարավոր չէ: 5-6 տարի առաջ դա գուցեև հետաքրքիր լիներ: Մենք բարեգործությամբ չենք  զբաղվում: Զարգացման ծրագրերի մասին ենք  ինֆորմացիա տրամադրում. այսինքն մենք փորձում ենք խթանել և բարձրաձայնել ծրագերի մասին, որոնք ուղղված են անձի զարգացմանն ու արժանապատիվ  ապրելու իրավունքի կյանքի կոչմանը: Մենք  դասախոսություններ  ենք   կարդում,  սեմինարներ կազմակերպում, ուղեցույցներ մշակում, հետազոտություններ իրականացնում: Իսկ եթե լինում են միջոցառումներ, ապա դրանք լինում են կրթական բնույթի՝ ուղղված իրազեկության բարձրացմանն ու շահերի պաշտպանությանը:

– Կցանկանայի խոսեինք քայլելու հետ կապված  խնդիրներ  ունեցող  մարդկանց  մասին: Ի՞նչ հարմարություններ են ստեղծված  նրանց համար, և  ի՞նչ անհարմարություններ կան նրանց կյանքում:

– Հարմարությունները  սկսվում  և վերջանում են  Երևանում  կառուցված ոչ մեծաթիվ  թեքահարթակներով: Իսկ Հայաստանը միայն Երևանը չէ,այնպես,չէ: Ասենք, Երևանում էլ շարունակում են կառուցել նոր շենքեր,հյուրանոցներ, խանութներ, որոնք  չունեն թեքահարթակներ, իսկ ունենալու  դեպքում էլ անհարմար են: Սանհանգույցներն  են  անհարմար, վերելակները, տրանսպորտը: Շենքերից միայն  մի քանիսն են քայլելու հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց պահանջներին համապատասխան կառուցվել:Դրանցում կա  հատուկ  հեռախոսահամար, որով զանգահարելու դեպքում պետք է մոտենան, սակայն ես քանիցս փորձել եմ կապնվել նրանց հետ, իսկ  հեռախոսահամարն  անջատված էր: Բերեմ մեկ այլ օրինակ: Նորաբաց ռեստորանում կառուցված թեքահարթակի անհարմարությունը շինարարները պայմանավորեցին  «ժամանակավոր» լինելու հանգամանքով: Ինչու՞ կառուցել ժամանակավոր և հետո ուղղել, եթե կարելի է միանգամից կառուցել լավը:

– Կրթություն: Ներառական կրթության ներդրմանն  ինչպես եք վերաբերում:

– Ներառական կրթությունն արդեն պետական քաղաքականության բաղադրիչ է և դա լավագույն միջոցն է տոլերանտ հասարակություն ունենալու համար: Միասին սովորող մարդիկ՝  սովորում են ապրել միասին: Երեխան փոքր տարիքից ձեռք է բերում տարբեր ընկերներ, և հետագայում խնդիրներ չեն լինում:  Շատերն այն համոզմանն են, որ աուտիզմով, լսողության, տեսողության հետ կապված  խնդիրներ  ունեցող  երեխաները  չեն կարող  սովորել միասին, սակայն դա այդպես չէ: Կարող են, եթե ուսուցիչը, հմուտ  մանկավարժը տիրապետում է երեխայակենտրոն դասավանդման մեթոդներին, ունի իրեն օգնող ուսուցիչ, դպրոցում կա  բազմամասնագիտական  թիմ: Ուսումնական ծրագրի մշակման հարցում էական է նաև ծնողի օգնությունն ուսուցչին

– Աշխատանք:

– Սա Հայաստանում  ամենամեծ խնդիրն է: Լավ աշխատանքի համար անհրաժեշտ է լավ կրթություն: Լավ աշխատանք ասելով՝ նկատի չունենք միայն բժշկի, իրավաբանի, քաղաքագետի աշխատանքը: Մարդ կարող է լավ խոհարար լինել, բայց  այստեղ

հաշմանդամություն  ունեցող  անձանց  համար չկա միջին  մասնագիտական կրթություն  ստանալու հնարավորություն: Եթե  մարդ որակյալ  կրթություն չի ստանում, ապա աշխատանքի մասին խոսք լինել չի կարող: Գործատուն ուրախ կլինի ունենալ լավ մասնագետ, սակայն շատ հաճախ ձևավորված սխալ կարծրատիպերը խանգարում են  աշխատանքի  վերցնել հաշմանդամություն ունեցող  մարդկանց: Չպետք է մարդուն աշխատանք տրամադրել միայն նրա համար, որ նա հաշմանդամություն ունեցող է և ճիշտ  հակառակը: Առաջնայինը որակյալ կրթությունն է, իսկ դրա համար հատուկ պայմաններ են անհրաժեշտ, մարդ ինքն էլ պետք է իր վրա աշխատի: Նաև այստեղ կա պետության աջակցության խնդիրը:  Հաճախ են ասում, որ պետությունն օգնում է գործատուներին, ֆինանսավորում, սակայն դա այդպես չէ:

– Ձգտում:

– Կրկին կախված է մարդու տեսակից: Եթե ցանկանում ես հասնել որևէ բանի,դու պետք է ձգտես և, ցավոք, անես ավելին, քան մյուսները, որովհետև քեզ համար ավելի դժվար է,   քան՝ մյուսների: Կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, նույնիսկ  ամեն  օր:  Հայաստանում աղքատների մեջ  շատ են հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր նույնիսկ տարրական  կենսապայմաններ  չունեն: Դա ստիպում է մտածել օգնության ու նպաստների մասին: Ակնհայտ է, որ այս մարդիկ  չեն կարող մտածել, օրինակ, կարիերայի մասին: Սա փակ շրջան է, քանի որ մյուս կողմից էլ միայն կրթությունը կարող  է մարդուն դուրս բերել այս վիճակից, միայն որակյալ կրթության շնորհիվ մարդը կարող է լինել մրցունակ քաղաքացի և հոգալ իր կարիքները: Սա վերաբերում  է բոլորին, բայց  հաշմանդամություն  ունեցող մարդկանց համար հատկապես, սա պետք է լինի առաջնային:

– Եվ որպես վերջաբան՝ ձեր խոսքը:

– Ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ բոլոր մարդիկ բարի են և լավն են կամենում, իսկ եթե ինչ-որ բան այն չեն անում, ապա դա հատուկ՝ միտումով  չեն անում: Ի սկզբանե նրանք միշտ լավն են ցանկանում: Ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ պետք չէ հաշմանդամություն ունեցող  անձանց  համարել «երկրորդ   սորտի»  մարդիկ, պետք չէ նրանց մասին հիշել միայն ամենավերջին պահին… Իսկ նրանց հարցում  չսխալվելու, արդյունավետ գործելու  լավագույն տարբերակը՝  աշխատանքում այն մարդկանց ներգրավումն է՝  ում համար աշխատում ենք: Այլ կերպ՝ եթե մենք ցանկանում ենք  հաշմանդամություն  ունեցող մարդկանց համար արդյունավետ  ծրագիր իրականացնել, մենք պետք է դա անենք նրանց հետ: Ինչպես իրենք են ասում. «Ոչինչ մեզ համար՝ առանց մեզ»:

 

Հարցազրույցը՝ Գոյի

Լուսանկարը՝ Գարեգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register