ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ

1

Մենք շատ ենք սիրում խոսել պետության,  պետականության և ընդհանրապես պետական մտածողության մասին,  և մեր տեսակերները հաճախ հընթացս են ձևավորվում, որովհետև ոչ միայն մեր անձնական տարիքն ու փորձն են քիչ, այլև՝ հենց պետությունն է մեր պես երիտասարդ,  տեղ-տեղ՝ անփորձ ու հաճախ նոր իրավիճակներ ապրող։

Եվ մեզ համար պետությունն ընկալելի է նաև խորհրդանիշերով՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, գրված ու չգրված օրենքներով։ Այսքանով հանդերձ,  պարզվում է,  մենք Պետական խորհրդանիշերի օր էլ ունենք և այդ օրը հենց այսօր է։

«ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:

Սակայն առայսօր այս գեղեցիկ խորհրդանշական օրը հանրային հնչեղություն ու մեծ ընկալում չի գտնում,  չնայած վերջին ամիսների իրադարձությունները,  կարծում եմ,  մեր վերաբերմունքն այս հարցում էլ կփոխեն։ Իսկ ինչն ենք ուզում փոխել՝ ըստ իս,  Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտակցված հպարտություն, հարգանք ու  պատկառանք պետք է ունենա  պետական  խորհրդանիշերի հանդեպ։

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերն են դրոշը, զինանշանը և օրհներգը: Մենք հրապարակ ենք դուրս գալիս եռագույներով,  մենք եռագույն ենք ծածանում մեր հաղթանակների ճանապարհին,  մեր հերոս տղաները հանուն մեր եռագույնի են նահատակվում, բայց մենք՝ թիկունքում ապրողներս մեր եռագույնն ավելի սիրելու տեղ ունենք,  խոստովանենք։ Այն, որ մեր դրոշը Հայաստանի առաջին Հանրապետության դրոշի կրկնությունն է, արդեն իսկ մեզ պարտավորեցնում է հավելյալ սիրո ու հոգածության, որ մենք այլևս պետություն չթվագրենք, այլ վաղվա ու հաջորդ ժամանակների համար կայացած, ուժեղ Հայաստանի Հանրապետություն ունենանք։

Հայաստանի Հանրապետության զինանշանի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են  Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Մեր զինանշանն էլ հավելյալ ասելիք ունի՝ օդ ու ջրի պես մեզ միասնականություն է  պետք՝ ուժեղ պետություն դառնալու  համար։ Մեր խորհրդանիշերից ամենաչարչկվածը օրհներգն  է․ Հայաստանի ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և Առաջին Հանրապետության օրհներգի չնչին փոփոխություներով տարբերակն է։ Իսկ հիմքում Միքայել Նալբանդյանի Իտալացի աղջկա հայտնի երգն է։ Անցած տարիներին նոր օրհներգ ստեղծելու արդարացի փորձեր եղել են, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք։

Իմ  կարծիքով օրհներգի մեջ անսպառ չափաբաժնով հենց օրհնություն, սեր,  հպարտություն և ուժ պետք է լինի, այն Տերունական աղոթքի պես բոլորի հոգում  պիտի ներկա  լինի։ Հենց ամենը եղավ՝ մեր օրհներգը անգիր կհնչի բոլորի շուրթերին և ոչ թե տողատակերից ողբ ու լաց կթափվի։ Վստահ եմ, որ հայ միտքն այսօր կարող է և պետք է նոր ու որակապես կայուն,  խոսուն   օրհներգ ստեղծի։

Մինչ այդ՝ շնորհավոր  մեր տոնը, մեր խորհրդանիշերն անպակաս լինեն մեզնից ու մեր այցեքարտը լինեն ամենուր։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register