ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ԽԱ՞ Չ, ԹԵ՞ ԽՐԱԽՃԱՆՔ

111

Ո՞վ չի երազել իշխանություն ունենալու մասին։ Շատերը գուցեև անկեղծ չբարձրաձայնեն, բայց մենք բոլորս էլ ձգտում ենք որոշակի իշխանության։ Եվ իրականում ունենք այդ իշխանությունը, գուցե դա այն իշխանությունը չի, որը պատկերացնում ենք, բայց այն կա։ «Իշխանություն» ասելով՝ միանգամից պատկերացնում ենք երկրի նախագահ ու թագավոր լինել, հազարավոր մարդկանց կառավարել և այլն։ Բայց չէ՞ որ մենք նաև իշխում ենք մեր աշխատանքով, օրինակ, լավ կարած կոշիկը ևս իշխանություն է՝ այն ոտքերի հանդեպ, որոնք վստահում են քեզ ու կրում ստեղծածդ։

Ընտանիքում սիրված լինելը ևս իշխանություն է, նշանակում է՝ լսելի ես, ընկալելի ես, քեզ հարգում են ու հետդ հաշվի են նստում։ Իրականում, իշխանությունը մի կողմից շատ դրական կողմեր ունի, նշանակում է, որ քեզ սիրում ու  վստահում են, հավատում են, դու ընտրված ես օգնելու, փոխելու, աջակցելու։ Որ ոլորտում էլ լինես, ինչ էլ որ անես, որոշակի չափով իշխանություն ունենալը մարդկային ու բնական ցանկություն է, ու այս կամ այն կերպ միշտ էլ տեղ ունենում է մարդու կյանքում։ Ուրիշ հարց, որ  սիրում ենք մի իշխանությունը մյուսով փոխարինել, ասենք՝ քեզ պետք չի տանը որոշիչ ձայն ունենալու իշխանությունը, ուզում ես աշխարհում որոշիչ ձայն լինել։ Դե, այս դեպքում պետք է ավելի շատ աշխատել ու համենայն դեպս լուրջ «արդարացում» գտնել՝ նման իշխանության ձգտելու համար։ Եթե այն ինքնանպատակ է՝ իմաստ չունի։ Սա դրական կողմն է։

Մյուս կողմից, իշխանությունը փորձություն է մարդու համար, որովհետև քո իսկ կամքով ընդունում ես, որ պատասխանատու ես այս կամ այն հարցի համար՝ կոշիկից մինչև պետություն։ Եվ որքան ավելի լայն են իշխանությանդ սահմանները, այնքան  մեծանում է պատասխանատվությունը։ Սա ունի լավ կողմ, ունենում ես ավելի շատ ռեսուրսներ՝ ցանկալի փոփոխություններ իրականացնելու, մարդկանց օգնելու համար։ Բայց վատ կողմը կրկին նույն ռեսուրսների մեջ է, կողքիդ հայտնվում են մարդիկ, որոնք հետդ են՝ ուղղակի քծնելու ու  որոշակի օգուտ քաղելու համար։Եվ ցանկացած իշխանության պետք է պատրաստված գալ, սա է ամենը։ Գալ աշխատելու, ոչ թե՝ ճահճանալու համար, փորձել դառնալ այն փոփոխությունը, որը ցանկանում ենք տեսնել աշխարհում։Ցավոք, իշխանության հասած ու նաև իշխանությունից  խուսափող մարդիկ տեսնում են միայն այս պտղի կա՛մ քաղցր, կամ էլ՝ դառը կողմը։ Մինչդեռ իշխանությունը, հավանաբար, կիսաքաղցր է, համեմված դրականով ու բացասականով։

Սա հավանաբար այն կարևոր օրենքն է, որ պետք է հիշի ցանկացած մարդ՝ ներընտանեկան, թե պետական իշխանություն ստանալուց առաջ, հետո ու ընթացքում․ մեր բոլոր քայլերը պետք է ծառայեն աշխարհն ավելի հարմար ու լավը դարձնելուն, բայց մեր բոլոր որոշումները մշտապես կիսաքաղցր են լինելու, հենց դրա համար կարևոր է մշտապես պահել բալանսը։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register