ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐԸ

karidnal

Ազգովի հավեսի ենք ընկել․ խաղաղ անհնազանդությունները մեր ուզած ձևով էինք անում, վարչապետին մենք ընտրեցինք, հիմա էլ տուն ու գործ թողած՝ նախարարությունների ղեկավարների ենք ընտրում, հենց ընտրում, ոչ թե՝ միայն առաջարկում ու քննարկում։ Սա, իհարկե, վարչապետի աշխատանքն է, բայց դե հո մենք էլ անմասն չե՞նք մնա, արդեն սովորել ենք, որ ամեն հարցում կարող ենք լսելի լինել, ու հիմա փորձում ենք միասին գուշակել, թե ով կզբաղեցնի այս կամ այն պաշտոնը։

Քննարկումները հետաքրքիր են՝ ոչ միայն անունների, այլ, հատկապես, հիմնավորումների առումով․ մեկին ուզում են պաշտոնում տեսնել, որովհետև բարի է, մյուսին, որովհետև բարետես է, երրորդն իսկապես խելացի է ու, օբյեկտիվորեն, ավելի արժանի  ու պատրաստ՝ որևէ գերատեսչություն կատարելու։ Իհարկե, առաջարկները հիմնականում սիրողական են, սա հասկանում են նաև քննարկողները, բայց քննարկումներ էլ կան, որոնք բավականին մոտ է իրականությանը։

Հանրությունը քննարկում է այն մարդկանց նշանակումը, որոնց անուններն ավելի ակտիվ են շրջանառվում, ու իրենք էլ ներքին համակրանք ունեն։ Բայց այս բոլոր «հայտնի» անուններից, ցանկացած նախարարությունում կան մարդիկ, որոնք «գորշ կարդինալ» են, բայց՝ սպիտակ խաղացող։ Մարդիկ են, որոնք ամենալավը գիտեն ոլորտի  կառուցվածքը, տիրապետում են ինֆորմացիային, հաճախ հենց իրենց են դիմում՝ խորհրդի համար։ Թե պետք լինի՝ դարակից հերթական քաղվածքը կտան, կամ էլ՝ մեխն ու մուրճը։ Իսկ հետաքրքիր չի՞ լինի՝ հենց փնտրել-գտնել այս մարդկանց, ու հենց իրենց բերել «առաջին շարք»։ Եթե հիմնական գործը հենց իրենք են անում՝ թող իրենք էլ զբաղեցնեն այն պաշտոնները, որոնց արժանի են։

Մենք մտածողություն ենք փորձում փոխել, և որոշել ենք, որ այսուհետ ինքներս է՛լ ավելի լավ պիտի աշխատենք, ու նաև պիտի ընտրենք իսկապես աշխատող մարդկանց։ Տարածված անունների հակառակ կողմում կան աշխատող մարդիկ, որոնք սպասում են, թե երբ իրենց աշխատանքը կգնահատվի։ Հրաշալի կլինի, եթե  հիմա այդ մարդկանց հնարավորություն ընձեռվի՝ օգտագործելու իրենց ողջ ներուժը՝ երկիրն ավելի բարեկարգ ու «բարեկիրթ» դարձնելու առմամբ։ Որովհետև ուղղակի բարձրագոչ անուններով մեզ այլևս չես խաբի, հիմա քայլեր անելու ժամանակն է։

Հետաքրքիր կլինի ծանոթանալ նոր մասնագետների հետ, որոնք այսքան ժամանակ հրաշալի տիրապետել են իրենց ոլորտներին, բայց ինչ-ինչ պատճառներով մնացել ստվերում։ Վստահ եմ, ժողովուրդը նրանց կընդունի մեծ սիրով ու հավատով, ու նախարարությունները ևս կդառնան շատ ավելի «մտերմիկ» ու հասանելի մարդկանց համար։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register