ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

11

Արևմուտքում պատանիների մեծ մասն աշխատանքի է անցնում ամառվա արձակուրդային ամիսներին: Կարճաժամկետ աշխատանքը կարևոր ազդեցություն է ունենում պատանիների հետագա կյանքում. ստացվում է մեղմ անցում պատանեկությունից մեծերի կյանք:

Պատանիները մինչ իրենց ուսման ավարտն արդեն իսկ աշխատանքի փորձ են ձեռք բերում, թիմային աշխատանքի համն ու հոտն են իմանում: Ընդ որում, հաճախ պատանիներն աշխատում են ոչ հետագա մասնագիտական ուղղվածությամբ, այլ` սպասարկման ոլորտում. թերթ են բաժանում կամ վճարվող պրակտիկա են ունենում ինչ-որ գործարանում և այլն: Ստորև ներկայացնում ենք այն հիմնական պատճառները, թե ինչու է ամառային աշխատանքը կարևոր պատանիների համար:

Փորձառություն

Աշխատաշուկայում կտրուկ դրված է փորձառության հարցը: Ովքեր փորձ ունեն, ստանում են առավելություն: Պատանի տարիքում աշխատանքը կարևոր կետ է ավելացնում ինքնակենսագրականում: Իսկ եթե կես դրույքով աշխատանքը շարունակվել է նաև ակտիվ ուսման ամիսներին, ապա մեծ առավելություն է, քանզի վկայում է` մարդը կարող է համատեղել աշխատանքը և ուսումը, ինչը հաճախ հեշտ չէ: Բացի այդ, առաջին աշխատանքային փորձառությունից հետո պատանիները սկսում են ավելի արդյունավետ օգտագործել ազատ ժամանակը:

Ֆինանսական կողմը

Միջին խավի յուրաքանչյուր ծնողի համար բարեբախտություն է, եթե պատանի զավակն ապահովում է ծախսվող ֆինանսական ռեսուրսի մի մասը: Միջին խավի ընտանիքի բյուջեի մի զգալի մասը ուղղվում է պատանի զավակի ծախսերին` էլեկտրատեխնիկա, հագուստ, ժամանցի, գրպանի գումար: Երբ պատանիները կես դրույքով աշխատանքի են անցնում, նրանք կարողանում են շատ գնումներ ինքնուրույն անել: Կամ էլ` կուտակել գումար հետագա ուսման համար: Սակայն այստեղ ամենակարևոր փորձառությունը սեփական քրտինքով աշխատած գումարն է… պատանին վերջնականապես իմանում է «փողի ղադրը», թե որքան ջանք է թափվում գումարն աշխատելու համար և սկսում է ողջամտորեն կառավարել իր հետագա կապիտալը:

Պատասխանատվության զգացում և վստահություն

Իհարկե, ծանրաբեռնվածությունը կարող է մեծ լինել, սակայն հատկապես ամառային աշխատանքը չափազանց կարևոր փորձառություն է մեծերի կյանք մուտք գործող պատանու համար: Պատասխանատվություն ստանձնելը շատ կարևոր է, պատանին սկսում է գնահատել իր հնարավորությունները: Աշխատող պատանիների մեծ մասը սկսում է վստահություն զգալ սեփական ուժերի նկատմամբ: ԱՄՆ-ում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո ուսման ընթացքում պատանիները սկսում են ավելի բարձր գնահատականներ ստանալ:

Վիճակը Հայաստանում

Հայաստանում ցավոք այնքան էլ տարածված չէ պատանիների ամառային աշխատանքը: Հատկապես ծնողներն, ամեն կերպ փորձելով իրենց երեխային դժվարություններից զերձ պահել, արջի ծառայություն են մատուցում նրանց: Երիտասարդներից շատերը լավագույն դեպքում միայն 20-22 տարեկան են սկսում աշխատանքային առաջին քայլերն անել: Մյուս կողմից էլ աշխատաշուկան էլ պատանիների համար նպաստավոր պայմաններ չի ապահովում: Ըստ ազգային վիճակագրական ծառայության` աշխատույժի առաջարկի 77 տոկոսը 30 և ավելի բարձր տարիք ունեցողների համար է, իսկ 23 տոկոսը համապատասխանաբար 16-29 տարականների:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register