ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈւՄՆԵՐԻ ՑՈւՑԱՀԱՆԴԵՍ

«Շարժումը մի զգայուն կետը մյուսին կապելու գործընթացն է: Այդ զգայուն լարման կետերը քաղաքային տեղանքն են, անկյունը, որտեղ կա հիշողություն, կռիվ, զգացում, և այլ նման անկյուններին կապվելու կարիք ունեն։ Շարժումը դիմադրության արդյունք է: Շարժումը փոփոխության կարևորագույն գործոնն է, այն երբեք չի դադարելու»:
ՀԲԸՄ ցուցահանդեսները ներկայացնում են Պետո Պողոսյանի «Շարժում» անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են տարբեր տարիների քաղաքացիական նախաձեռնությունները, բողոքի ակցիաները, շարժումները, լարված իրավիճակները պատկերող 22 աշխատանքներ` ընդհուպ մինչև 2018թ. մայիսի Թավշյա հեղափոխությունը:
Նկարչի նախընտրելի արտահայտչամիջոցը ջրաներկն է, որի շերտ առ շերտ թափանցիկ վրձնահարվածների միջոցով նա պատկերում է այն հետքերի ողջ խորությունը, որ թողել են վերջին քաղաքացիական նախաձեռնությունները: Պետոն ցանկանում է ցույց տալ մարդկությունը «շարժման» մեջ, կլինի դա քաղաքական, ֆիզիկական կամ պատկերավոր: Նա պատկերում է փողոց դուրս եկած զանգվածներին՝ երթի ժամանակ, նստած վիճակում, անձրևի կամ արևի տակ, որոնք ձգտում են տարիներ շարունակ կուտակված ուժի միջոցով հասնել փոփոխությունների: Նրա գործերը և՛ վավերագրական են, և՛ նոստալգիկ, նկարագրում են փողոցում տեղի ունեցող զուտ անձնական փոխանակությունը, որոնք միշտ չէ, որ նկատելի են լայն սփռում ունեցող միջազգային լրատվամիջոցներում: Այդպիսով Պետոն մեզ է ներկայացնում շարժման նկարագիրը, որը ոչ միայն խորապես մարդկային է, այլև սերտորեն կապված է քաղաքային համայնապատկերին՝ որպես սոցիալական հարաբերակցության և խմբային հիշողության միջավայր:
Պետո Պողոսյանն իր ջրաներկ աշխատանքներով ներկայացել է տարբեր հեղինակավոր միջազգայաին ցուցադրությունների և բիենալեների, այդ թվում Շանհայի միջազգային բիենալեն (2011թ.), Շենզենի միջազգային բիենալեն (2013թ.), ԱՄՆ ազգային ջրաներկի ասոցիացիայի միջազգային ցուցադրություն (2015թ.), «Ջրաներկի վարպետներ» հրավիրյալ միջազգային ցուցահանդես (Սանկտ-Պետերբուրգ, 2017թ.) և այլն:
Դեկտեմբերի 5-13, 2018, 11:00 – 20:00
Բացումը՝ դեկտեմբերի 5-ին, 18:30
Մուտքն ազատ է:
* Ցուցահանդեսի վաճառքից որոշակի գումար կհատկացվի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը: