ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ՀԱՅ ՎԱՐՊԵՏԸ. ԳԱՐԻ ԴԱՎԹՅԱՆ

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում կա մի գողտրիկ անկյուն, որն իր գոյությամբ զարդարում և իմաստավորում է իր շուրջբոլորը: Մի հայկական կոլորիտ, որտեղ ներկա գտնվելը միայն գերագույն հաճույք է: Մի փոքրիկ արվեստնոց`լի տիկնիկներով, հեքիաթային հերոսներով, իրական մարդկանցով: Այնտեղ մտնելուն պես, ասես, կտրվում ես իրականությունից և հայտնվում մի կախարդական աշխարհում, որտեղ թագավորում է բարությունը, սերը, հրաշքի սպասումը:
Փայլուն հագուստով, լայն ժպիտով եւ գիտակ հայացքով Անչափը երգում եւ նվագում է Լուի Արմսթրոնգի երաժշտության ներքո` ստիպելով հավատալ, որ կյանքը հրաշալի է: Ծեր երաժիշտներ Ռիժան, Կուրշան եւ Բոկլոն ուշադիր հետեւում են Անչափի ելույթին: Նրանք չեն նախանձում եւ անգամ չեն տխրում, որ Անչափը ողջ ուշադրությունն իր վրա է սեւեռել: Չէ՞ որ ոչ բարի տիկնիկներ չեն լինում:
Գարի Դավթյանի տունը դժվար չէ գտնել: Հարցրեք Հավլաբարում ապրող յուրաքանչյուր մարդու, նրանք ամենայն մանրամասնությամբ կբացատրեն, թե որտեղ է Թբիլիսիի ամենահայտնի տիկնիկագործի եւ իր տեսակի մեջ եզակի տիկնիկային թատրոնի հիմնադրի տունը: Իրականում, սակայն սա սովորական տուն չէ, այն միաժամանակ եւ թատրոն է, եւ բարի տիկնիկների բնակավայր, իսկ տիրուհին Ժաննա Դավթյանն է:
Արդեն իսկ բակում ծաղկող ծաղիկների առատությունից պարզ է դառնում, որ սովորական վայրում չես հայտնվել: Դռան վրա կախված ցուցանակն անմիջապես հուշում է` «Ոչ բարի տիկնիկներ չեն լինում»: Գարի Դավթյանի խոսքերն են: Վարպետի տունն էլ լի է բարությամբ եւ սիրով: Տիկնիկներն այստեղ են ապրում, նրանց ներկայությունը չի կաշկանդում, թեպետ նրանք ուշի ուշով հետեւում են այցելուների յուրաքանչյուր քայլին: Իսկ այցելուներ այստեղ շատ են լինում: Եվ թեպետ վարպետն արդեն յոթ տարի է, ինչ իր տիկնիկների հետ չէ, յուրաքանչյուր այցելուին սիրով ընդունում եւ ճանապարհում է վարպետի կինը` ժաննա Դավթյանը: «Իմ կյանքի նպատակը վարպետի ստեղծածը պահպանելն է: Ես ընդամենը մարդկանց եմ փոխանցում այն, ինչ ստեղծել է Գարին»,- ասաց ժաննա Դավթյանը:
Թատրոնը վարպետը հիմնադրել է 1992 թվականին: Դրսում պատերազմ էր, իսկ վարպետը տիկնիկներ էր կերտում: Մարդիկ սկզբից զարմանում էին, իսկ հետո այցելելով թատրոն այլեւս չէին ուզում հեռանալ: Այստեղ բարություն էր տիրում: «Այնպես էր լինում, որ գիշերները լուսացնում էինք թատրոնում: Գարին հոգնում էր, բայց երբեք չէր դադարում ժպտալ»,- հիշում է Ժաննա Դավթյանը:
«Տիկնիկը` բարդագույն մեխանիզմ է, որը պահանջում է ճիշտ տրամադրվածություն և սեր, այլապես նա չի «ծնվի»։ Չար տիկնիկներ չեն լինում։ Երբեք չգիտեմ` ինչ եմ ցուցադրելու, որովհետև տիկնիկները նայում են հանդիսատեսին և ցուցադրում այն, ինչը նա ուզում է տեսնել»,–ասում է Ժաննա Դավթյանը` Գարի Դավթյանի մարիոնետների թատրոնի ղեկավարը։
Գրիշան թատրոնի առաջին տիկնիկն էր եւ բնակիչը: Հետո Թբիլիսիի հայկական թատրոնում բեմադրվեց առաջին ներկայացումը` «Քաջ Նազարը»: Սցենարի հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն էր: «Դե, իսկ հետո տիկնիկներն սկսեցին ապրել իրենց ուրույն կյանքով եւ իրենք էին մեզ թելադրում, թե ինչ ներկայացում պետք է բեմադրենք: Գիտեք, նրանք շատ բարի են, բայց մի փոքր կամակոր: Եթե չցանկանան, երբեք ելույթ չեն ունենա: Այ, Անչափն այսօր շատ պատրաստակամ է, բայց վարպետը հրաժարվում է ելույթ ունենալ»,- նկատեց Ժաննա Դավթյանը:
Վարպետ անունը կրող տիկնիկը նման է Գարի Դավթյանին: Իրականում այն վարպետի դիմապատկերն է: Թատրոնում բոլորը նրան շատ են սիրում: «Տիկնիկները կերտելիս Գարին իր հոգին էր ներդնում, բայց այս մեկն առանձնահատուկ է: Նա ամենից լավ էր հասկանում վարպետին», ասաց Ժաննա Դավթյանը: Վարպետի կինը, դուստրը եւ որդին, իսկ այսօր արդեն թոռնիկը, բեմադրություններ են ներկայացնում յուրաքանչյուր այցելուի համար: «Սա կոմերցիոն թատրոն չէ, այդ իսկ պատճառով այս տունն ինձ համար անգին է: Մենք այստեղ ենք ապրում` տիկնիկների կողքին»,- ասաց թատրոնի տիրուհին:
Անչափը շարունակում է երգել: Պարզվում է, նա մի փոքր էլ փառասեր է: Ծափեր շատ է սիրում: Իր երգն ավարտում է միայն ծափահարությունների ներքո: Այսօր ծափահարությունների պակաս չեղան, Անչափը երջանիկ է: Երջանիկ է նաեւ վարպետը: Լուսանկարից բարի ժպիտով վարպետը հետեւում է Անչափի ելույթին եւ ունկնդրում հնչող ծափահարությունները: