ԱՐՑԱԽԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈւԹՅԱՆԸ

5

Հայաստանում դեռևս թարմ են ընտանեկան բռնության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնության արձագանքները: Նախաձեռնությունը հանրությանը երկու կտրուկ թևերի՝ բանակների բաժանեց ու հասարակության տարբեր շերտերի ալեկոծման շարժառիթ դարձավ: Աղմուկը փոքր-ինչ նահանջեց՝ զինծառայության մեջ առաջարկվող  փոփոխությունների  փաթեթի պատճառով, սակայն խիստ վաղաժամ է այն մարած համարելը:

Քննարկման բուռն օրերին շատերի  հայացքն ուղղվեց դեպի Արցախ, հասկանալու համար, արդյոք  այս նախագիծն էլ իներցիայով կհասնի  Ստեփանակերտ, թե՝ ոչ: Պարզվեց, որ  Արցախի իշխանություններն ամենևին էլ  չեն շտապում հետևել Հայաստանի  օրինակին և «Ընտանեկան  բռնության  կանխարգելման մասին»  օրենքի նախագիծ շրջանառել։  Արցախում  համարում են, որ ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, լավագույն դեպքում այն ժամանակավրեպ է, քանի որ արցախցի տղամարդիկ իրենց կանանց կամ երեխաներին չեն ծեծում։

Հայաստանյան  պարբերականներից  մեկին  տված հարցազրույցում  ԼՂՀ  ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության  անդամ Ռուդիկ Հյուսնունցը նաև վիճակագրական թվեր է բերել՝   ապացուցելու համար ասվածի իրավացիությունը. «Վիճակագրությունն Արցախում ավելի բարվոք է։ Եթե Հայաստանում 4-5 ընտանիքներից  1-ն է  բաժանվում, ապա Արցախում՝ 12-14  ընտանիքներից՝ 1-ը։ Արցախում  ընտանիքի ինստիտուտն  ավելի ամուր է, ավելի կայացած, ավելի ավանդապաշտ։ Բավական խոր արմատներով  մենք  գնահատում և   փայփայում  ենք ընտանեկան ինստիտուտը»:

Մինչ կփորձենք հասկանալ, թե ի՞նչ է հուշում նման  վիճակագրությունը, նկատենք, որ ընտանիքների կայունության մասով արցախցի պատգամավորի դիտարկման մեջ ճշմարտություն կա: Պատերազմական իրավիճակում   արդեն  տասնամյակներ  ապրող  ԼՂՀ-ն բյուրեղացրել է իր ուժերն  ու որակները: Ընտանիքներն էլ կարծես պետության մոդելը լինեն՝ միակամ, վճռական, զինվոր ու թիկունք պահող: Թշնամուն դեմ-հանդիման կանգնած արցախցի տղամարդն իսկապես մի հակառակորդ է ճանաչում և լավ գիտի, թե ում գլխին  պիտի իջնի իր բռունցքը:   Ընտանիքը նրա խաղաղ հանգրվանն է, որտեղ  նա ուժ է ստանում իր հողն ու տունը   պաշտպանելու  համար: Սակայն միայն արտաքին թշնամին չէ, որ  փորձարկում է ընտանիքի  ամրությունը:

«Իմ տունն իմ ամրոցն է» հին առածը հուշում է մարդուն՝ ամեն  կերպ ամուր ու շեն պահել իր անձնական կյանքը՝ խարսխված սիրո ու երջանկության վրա: Վիճակագրությունը նաև փաստում է, որ ամուսնալուծություններն ավելի շատ տարածված են մեծ քաղաքներում, քան գյուղական բնակավայրերում: Այստեղ մեծ դեր ունեն սոցիալական կապերը և եթե ցանկանանք պարզապես վերանալ չոր թվերից, ապա կտեսնենք, որ կարևորը ոչ թե թվերն են, այլ դրանց ետևում թաքնված իրականությունը: Եթե ամուսնալուծությունների թիվը քիչ է, դա նշանակում է արդյոք, թե տվյալ միջավայրում իշխողը սերն ու երջանկությունն են և ոչ ամենևին՝  համակերպվածությունն ու ավելորդ հանդուրժողականությունը: Ընտանիքն  ամուր է այնտեղ, որտեղ  գերակայում է փոխադարձ սերն  ու հարգանքը, որտեղ մարդիկ  որպես անհատներ կայացած են, հասունացած՝ ինքնուրույն կյանքի ու գործունեության համար: Նման ընտանիքներում համատեղ կյանքը ներդաշնակություն է շնչում և այս դեպքում այն վարակիչ է դառնում անգամ շրջապատի համար: Նման ընտանիքներում  մեծացող երեխաներն էլ միայն   ավելացնում  են երջանկության չափաբաժինը:

Վաղուց արդեն «մի  բարձի»  գաղափարը   նյութապես  ընդարձակվել  է՝ բմբուլների  չափ երանգ ու  եզր ստացել, տարածվել ու   ծավալվել՝ անհատական  ձևաչափերով. կարևորը  սրտի պես տաք միջուկը պահպանելն   է, մեկ էլ չհնացող  պատվիրաններին  տիրություն  անելը, ամեն մեկն իր ներսում:

Սյունե Սևադա  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register