ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

ariii

Հոգեբանները պնդում են, որ նոր սովորություն ձեռք բերելու, այն ամրապնդելու համար մարդկանց անհրաժեշտ է 22- 40 օր: Օրինակ, եթե դուք ցանկանում եք առողջ սնունդի անցնել, կամ առավոտյան մարմնամարզությամբ զբաղվել, պետք է մոտ մեկ ամիս առանց դադարի, սկզբնական շրջանում թեկուզ ստիպողաբար կատարեք վարժությունները, առողջ սնվեք: Ըստ նրանց, տվյալ ժամանակը բավարար է, որպեսզի ուղեղի նեյրոնների մոտ պահպանվի նոր սովորության մասին հիշողությունն ու նախկին կյանքն այլևս գայթակղիչ չթվա:

Ինչքանով է այս տարբերակը աշխատում՝ չգիտեմ: Դեռևս առիթ չի եղել փորձարկելու: Բայց մի բանում համոզված եմ. միշտ էլ լավ է ցանկացած քայլ ու որոշում երկարաժամկետ դիտարկել, որովհետև այդպես մեծանում է հաջողության հասնելու հավանականությունը: Ցավոք, հայերը ունեն երկարաժամկետ հիշողություն, բայց կարճաժամկետ գործողությունների պլան, ինչն էլ հաճախ բերում է ձախողումների:
Երբ ծնվում են մեր երեխաները, դեռ մի քանի օրական լինելով արդեն պատկերացնում ենք՝ ինչպես ենք նրանց համար մեքենա ու տուն գնում, ինչպես են բարեհաջող ամուսնացել ու արդեն մտովի խաղում ենք մեր թոռների հետ: Պատկերացնում ենք, բայց չենք գծագրում՝ երազանքն իրականություն դարձնելու համար: Ճանապարհն առանց քայլերի ենք տեսնում, մինչդեռ ավելի լավ է նախ մեր ոտքերին նայել ու տեսնել՝ ճի՞շտ կոշիկ ենք ընտրել՝ առաջ գնալու համար, այս ճանապարհը հարմա՞ր է մեր ոտքերին, որքա՞ն պետք կլինի քայլել ու մեր ուղու ո՞ր հատվածներում ենք դադարներ տալու:

Ոչ միայն կյանքում, այլև աշխատանքում հեռուն նայող պլաններ միշտ կան, բայց դեպի երջանկություն տանող ճանապարհի կիլոմետրերն անհայտ են մեզ համար: Բիզնես պլանները պատկերացնում են մեկից երկու տարվա կտրվածքով, սեփական գործը սկսելու բուն նպատակը մեկն է լինում՝ ինչքան հնարավոր է արագ գումար վաստակել՝ առանց հաշվի առնելու, որ գուցե տասը տարի անց ունենանք շատ ավելին, քան հիմա կարող ենք պատկերացնել: Պետք է համբերել ու չտրվել մոտ գտնվող հաճույքներին:
Վերջերս էլ սպորտում լավ օրինակներ եղան: Օլիմպիական խաղերի ընթացքում շատ հայ մասնագետներ պնդում էին, որ եթե մենք խաղերին պատրաստվեինք շատ ավելի վաղ, ունենայինք հստակ պատկերացում ու առանց խուճապի աշխատեինք մեզ վրա, մեր հաղթանակները քառապատիկ շատ կլինեին: Որ կողմ էլ նայես՝ պլանավորումը պետք է: Երկարաժամկետ պլանավորումն՝ առավել ևս:

Մեր երազանքները գեղեցիկ են ու վառ: Մեզ պակասում է դրանք շոշափելի տեսնելն ու գծագրելը: Հողեղեն երազանքները սովորական պատկերացումներից ավելի ամուր են: Պատկերացնո՞ւմ եք՝ որքան ավելի մեծ հաջողություններ կունենանք, երբ սովորենք պլանավորել մեր կյանքը:

Սիրով `ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register