ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

111

Բարև մամ, ես լավ եմ, ամեն ինչ լավ է:

Տանից այդքան էլ հեռու չեմ (Զորամասի անունը գրել չեմ կարող՝ պետական գաղտնիք է): Այստեղ ժամանակը շատ արագ է անցնում: Առաջին շաբաթը չզգացի ինչպես անցավ: Արագ կանցնի նաև ամիսը: Ասում են, որ մեկ ամսից կարանտինը կվարտվի ու կկարողանաք ինձ այցելության գալ: Մինչ այդ չփորձեք գալ ինձ տեսության՝ չի կարելի:

Նորեկներս բավական շատ ենք այստեղ. քանիսն ենք՝ էլի չեմ կարող գրել:

Մինչև հիմա բակային ու դպրոցական տղաների հետ իմ գիտեցածը ընկերություն է եղել, այստեղինը ընկերությունը ավելի շատ նման է ընտանիքի: Միասին արթնանում ենք, հաց ուտում, սովորում ենք՝ սկսած կանոնագրքերից մինչև ռազական արվեստ:

Հիմա եմ հասկանում ինչու էր կարևոր ռազմագիտության ժամը: Շարայինը այստեղ հիմա ամենաշատն են պահանջում, իսկ ես արդեն առաջին օրվանից բոլորից լավ եմ քայլում:

Տղերքը ասում են՝ համազգեստը ինձ սազում է: Էդ էլ երևի ուղիղ կեցվածքիս պատճառով է՝ բռունցքով թիկունքիս թրխկացնելու դասերիդ արդյունքը: Հագնելու պահից սկսած ուզում եմ ինձ այսպես տեսնես, ինձ՝ քո զինվորին, մամ ջան: Համ էլ՝ կուզեի ինձ զինվորական համագեստով տեսնեին նաև մեր աղջիկները:

Արդեն ինձ կցված զենք ունեմ՝ Կալաշնիկովի ավտոմատ: Ավագ ծառայակից ընկերներս ասում են, որ զինվորական երդում տալուց հետո շատ ենք կրակելու հրաձգարանում: Զենքը զինվորի համար ամենակարևորն է: Ամեն անգամ շարային դասերից հետո զենք ենք մաքրում: Դետալները պիտի փայլեն: Ամենահաճելի պարտականությունն է:

Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ես էլ գնալու սահման՝ խրամատում, գիշերը զենքը ձեռքիս հերթապահելու, հսկելու Հայրենիքիս խաղաղությունը: Այդ ժամանակ արդեն իսկական զինվոր կզգամ ինձ: Էդ ժամանակ թող միայն փորձի հակառակ կողմի զինվորը մեր խաղաղ գյուղերի անդորրը խանգարել: Եթե պետք լինի, Հայրենիքիս ու ընկերներիս  պաշտպանության համար պատրաստ եմ ամեն ինչի: Եթե դրանց ձեռքը չի դողում մեր գյուղերի ուղղությամբ կրակ բացելիս, իմն էլ չի դողա հայրենիքիս խաղաղության սպառնալիքը վերացնելու համար:

Հիմա եմ հասկանում թե ինչ է նշանակում հայրենասիրությունը: Մինչև ինչ-որ բան չես զոհաբերում հանուն Հայրենիքիդ, չես կարող անգամ պատկերացնել ինչպես է պետք սիրել հայրենի երկիրդ: Յուրաքանչյուր զինվոր բանակում առաջինը զոհաբերում է իր ազատությունը: Չնայած, ի՜նչ եմ ասում. զոհաբերություն չկա: Ազատությունը չի զոհաբերվում, ընդամենը այն փոխանակում ես ծնողներիդ, հարազատներիդ, ընկերներիդ հանդարտ քնի հետ:

Այս երկու տարին էլ նման է կարանտինի՝ մի քիչ դանդաղ, բայց հաստատ կանցնի, կգամ տուն, կգրկեմ քեզ, բոլորիդ՝ ամուր-ամուր, մայրիկ….

 

Գրիգոր Գրիգորյան

 

 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register