ՅՈՒՍՈՒՖ ՔԱՐՇ. «ՄՌՆՉԱՑՈՂ ԱՌՅՈՒԾՆԵՐԻՆ «ՍԱՆՁՈՂԸ»

beatles

Լուսանկարչությունը  գեղանկարչություն  չէ: Լուսանկարչին ճիշտ է, նկարիչ չեն համարում, սակայն նա ունի իր ուրույն  ընկալումը,իր ինքնատիպ  հայացքն այն ամենի հանդեպ, ինչը  մենք  ամեն օր տեսնում,բայց չենք նկատում: Լուսանկարիչը   վավերացնում է ակնթարթը, որի  կողքով անտարբեր անցնում ենք: Ու միայն հետո, այդ լուսանկարը տեսնելով՝ ապշել ու զարմացել ենք դրա գեղեցկությունից, միաժամանակ զարմանալով, թե ինչպե՞ս կարող էինք դա չնկատել:

Լուսանկարիչը  գեղեցկություն է տեսնում և ընկալում  այնտեղ, որը  մենք համարում  ենք  սովորական, խորություն է տեսնում հայացքում,որը մենք չենք հասկանում, հավերժացնելու արժանի պատկեր է տեսնում ծառ ու թփի կողքին ծվարած փոքրիկ ծաղկի մեջ, որը մենք անփութորեն տրորում  ենք  և  անցնում։ Այդ  պատճառով  լուսանկարիչ  լինել, այն  էլ տաղանդավոր, վիճակված է եզակիներին: Այդ  եզակիներից  մեկն  էլ  աշխարհահռչակ  հայ  լուսանկարիչ  Յուսուֆ Քարշն էր:

Յուսուֆը  (իսկական  անունը՝  Հովսեփ)  ծնվել  է 1908 թվականի դեկտեմբերի  23-ին, Օսմանյան  կայսրության  Մարդին  քաղաքում: Նրա մանկությունն անցել  է ծանր ժամանակներում, մանուկ հասակում սովից մահացել է նրա քույրը: Քրոջ մահից  հետո Յուսուֆը ցեղասպանության ականատեսն է դարձել: Այդ օրերին են  ձերբակալվել, ապա թուրքերի կողմից  սպանվելնրա  երկու  հորեղբայրները:

«Ես  տեսնում  էի, թե ինչպես  են իմ հարազատները կոտորվում, մինչ  մեզ  գյուղից  գյուղ  էին  քշում՝ ճանապարհին ինչպես  քույրս սովամահ  եղավ», հետագայում  գրել է Յուսուֆը: 1922 թվականին  նրա  ընտանիքը  կոտորածից  մազապուրծ լինելով արտագաղթում է Սիրիայի  Հալեպ քաղաք՝ Թուրքիայում թողնելով  ողջ ունեցվածքը: Երկու  տարի անց, ծնողները  16-ամյա Յուսուֆին ուղարկում  են Կանադա, լուսանկարիչ  մորեղբոր՝  Ջորջ   Նախաշի (Գևորգ Նաքաշյան) մոտ:  Ծնողները  Յուսուֆին ուղարկում  են  Կանադա, որպեսզի նա այնտեղ  սկսի նոր  կյանք: Նրանց ցանկությունն  իրականություն  է  դառնում, քանի որ Կանադա  մեկնելով Յուսուֆը  ոչ  միայն  հայտնվում  է  նոր  իրականության մեջ, այլև կանխորոշում  իր  հետագա  կյանքն  ու  գործունեությունը:

Քեռի  Նախաշի մոտ  հանգրվանելը  դառնում  է Յուսուֆ  Քարշ  լուսանկարչի կենսագրության  սկզբնակետը: Կանադայում  Յուսուֆը  սկսում  է  հաճախել դպրոց  և միաժամանակ  ստուդիայում օգնել  լուսանկարիչ  քեռուն:  Հենց այդ ժամանակ է, որ Նախաշը նրա մեջ մեծ լուսանկարիչ դառնալու ձիրք է նկատում: 1928  թվականին  նա Յուսուֆին  ուղարկում  է ԱՄՆ-ի  Բոսթոն քաղաք՝ դիմանկարային լուսանկարչություն  ուսանելու  մեկ  այլ  հայազգի հայտնի լուսանկարչի՝ Ջոն (Հովհաննես) Գարոյի մոտ: Բոսթոնում  սովորելով՝ Յուսոֆը դառնում է լուսանկարչության իսկական մասնագետ: 4  տարի  անց  նա  վերադառնում  է  Կանադա և  1932 թվականին  մայրաքաղաք  Օտտավայում բացում  իր լուսանկարչական ստուդիան՝ պատվերով դիմանկարներ ստեղծելու համար: 1936  թվականին  արդեն,  Յուսուֆ  Քարշը  կազմակերպում  է  իր  առաջին անձնական  ցուցահանդեսը  Օտտավայի «Շատո   Լորիեր» hյուրանոցում:

arm1

1973 թվականին, լինելով արդեն աշխարհահռչակ լուսանկարիչ, Յուսուֆն  իր ստուդիան   տեղափոխեց  այդ  հյուրանոց, որտեղ էլ աշխատեց մինչև իր լուսանկարչական գործունեության ավարտը: 1990-ականներին Յուսուֆ Քարշը տեղափոխվում  է Բոսթոն, որտեղ էլ 2002 թվականի հուլիսի  13-ին,  ծանր վիրահատությունից  հետո մահանում է 93 տարեկան հասակում: Նա թաղված  է  Օտտավայի «Նոտր-դամ» գերեզմանատանը: Յուսուֆ  Քարշը հայտնի է որպես   20-րդ  դարի մեծաթիվ հայտնի անձանց նկարած լուսանկարիչ: Լուսանկարչական գործունեության  ընթացքում  նա լուսանկարել է «International  Who’s  Who» («Ով ով է»)  գրքում  ներկայացված  20-րդ  դարի 100 ամենահայտնի անձանցից  51-ին: Ընդ որում, նրա արած լուսանկարները համարվում են  այդ անհատականությունների  ամենահայտնի  և հաջողված լուսանկարները, որոնք վերապրել են թե՛ նկարում պատկերված անձանց, և թե՛ իրենց հեղինակին՝ Քարշին, և այսօր էլ շարունակում են մնալ որպես դիմանկարային  լուսանկարչության  անգերազանցելի  նմուշներ:

Դեռ  երկար ժամանակ  մարդկությունը  այդ  հայտնի  մարդկանց  կտեսնի և կճանաչի հենց  Յուսուֆի լուսանկարներով:  Քարշն անմահացրել է Ուինսթոն  Չերչիլին,  Էռնեստ  Հեմինգուեյին, Ալբերտ Էյնշտեյնին, Մայր Թերեզային, Ուոլթ Դիսնեյին, Օդրի Հեփբերնին, Մուհամմեդ Ալիին, Ֆիդել Կաստրոյին, Դուայթ Էյզենհաուերին,  Սոմերսեթ Մոեմին,  Ֆրանկլին  և  Էլիանոր  Ռուզվելտներին,  Պաբլո  Պիկասոյին,  Ջոն Քենեդուն, Բիլ և Հիլարի Քլինթոններին, Շառլ դը Գոլին, Բերնարդ Շոուին, Ալբեր  Քամյուին,  Ժան  Կոկտոյին,  Մարտին  Լյութեր  Քինգին,  Յուրի Գագարինին,  Սալվադոր  Դալիին,  Միխայիլ  Գորբաչովին,  Նելսոն Մանդելային և շատ այլ նշանավոր անձանց:

Քարշի  աշխատանքները  սփռված  են  աշխարհի  հայտնի թանգարաններում  և  պատկերասրահներում:  Դրանք   ներկայացված  են Կանադայի Ազգային պատկերասրահի,  Նյու  Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի, Մետրոպոլիտեն  արվեստի  թանգարանի,  Ջորջ իսթման Հաուզի  լուսանկարչության  և  կինոյի  միջազգային  թանգարանի, Ֆրանսիայի  ազգային  գրադարանի, Լոնդոնի  և Ավստրալիայի  ազգային պատկերասրահների  հավաքածուներում:  Քարշի  լուսանկարչական ապարատները և սարքավորումները  գտնվում են Կանադայի գիտության և տեխնիկայի թանգարանում: Իր կյանքի ընթացքում Քարշը տպագրել է 15  ժողովածու, որոնցում  ամփոփված  են նրա  արած  լուսանկարները, ինչպես նաև  այն  կարճ հարցազրույցները, որոնք  լուսանկարելու  ընթացքում նա անցկացնում  էր  լուսանկարվող հայտնի  անձանց  հետ: «Յուսուֆ  Քարշն  իր հզոր  դիմանկարների  միջոցով  մարդու դեմքը  դարձնում  է  լեգենդ», իր «Լուսանկարչական  պատկերի  պատմություն»  գրքում  գրել է Պետեր Պոլակը:

Սակայն  Քարշի անթիվ-անհամար  լուսանկարների  մեջ  իր ուրույն  և բացառիկ  տեղն  ունի  Մեծ  Բրիտանիայի  վարչապետ Ուինսթոն  Չերչիլի՝ 1941  թվականին  արված լուսանկարը,  Չերչիլի ամեհայտնի  լուսանկարներից  մեկը:

arm3

Այդ լուսանկարը  համաշխարհային հռչակ  բերեց  մինչ  այդ  ոչ  այնքան հայտնի հեղինակին: Լուսանկարին  նախորդած  և  արդեն  լեգենդ դարձած նախապատմությունն առավել քան հետաքրքիր է: Իսկ ամեն ինչ եղել էր այսպես։1941  թվականին  Չերչիլը  Կանադայի  խորհրդարանում ելույթ ունենալու նպատակով ժամանել էր Օտտավա: Նրան նախապես չէին զգուշացրել, որ պետք է իրեն լուսանկարեն: «Նա տրամադրված չէր դիմանկարչության  և երկու րոպեն այն ամենն  էր, ինչ նա ինձ կտրամադրեր` մինչ  անցնում  էր  Համայնքների  պալատից  դեպի նախասենյակ», հետագայում պատմական այդ ակնթարթի մասին իր հուշերում  գրել էր Քարշը: Երբ Յուսուֆը խնդրում է Չերչիլին   թույլատրել  իրեն  նկարել, Չերչիլը մի կերպ համաձայնվում է նրան տրամադրել 2 րոպե: Չերչիլի ատամների արանքում գտնվող սիգարը, սակայն, ամենևին   չէր խոսում  նրա դեմքի լրջության  հետ, այդ իսկ պատճառով էլ Յուսուֆը խնդրում է  նրան հանել սիգարը:

Ստանալով Չերչիլի մերժումը՝ երիտասարդ լուսանկարիչը դիմում է իր կյանքի թերևս ամենահանդուգն քայլին. մոտենում է Չերչիլին, ներողություն է  խնդրում և, առանց նրա թույլտվությունը  ստանալու, իր իսկ ձեռքով  նրա  բերանից հանում է սիգարը : Ապշահար այդ անսպասելի  արարքից, Չերչիլը Յուսուֆին  է նայում զայրալից հայացքով և արդեն պատրաստվում է դուրս հրավիրել նրան, երբ լսվում է լուսանկարչական ապարատի չըխկոցը: Պատմական լուսանկարն   արված էր:

Այն  հետագայում   բազմիցս   տպվեց լրատվամիջոցներում՝  Յուսուֆ Քարշին դարձնելով   իր   ժամանակների ամենահայտնի լուսանկարիչներից մեկը: Իսկ Չերչիլը այդ դեպքից հետո նայել էր Յուսուֆին և ասել.«Դու  մռնչացող  առյուծին  անգամ  կարող  ես ստիպել  հանգիստ  կանգնել  լուսանկարվելու  համար»: Հենց  այդ պատճառով էլ Յուսուֆը  այդ   հայտնի   նկարը   վերնագրում է  «Մռնչացող առյուծը»: Սակայն որքան էլ Քարշը  հայտնի   է  որպես   անցյալ  հարյուրամյակի ամենահայտնի   անձանց նկարած լուսանկարիչ,   նրա  համար կարևորը միշտ եղել է մարդկանց  ներաշխարհն  ի ցույց  դնելը՝ անկախ   նրանից, հայտնի  մարդ  է  եղել լուսանկարվողը  թե ոչ: «Իմ  ամենամեծ ուրախությունն  է  նկարել  այն բոլոր  հրաշալի  բաները, ինչ կա մարդկանց  սրտում,մտքում  և  հոգում: Ու ամենևին  էլ  էական  չէ,  թե  դա  հայտնի,  թե  հասարակ մարդ է», իր աշխատանքի մասին ասել է  Յուսուֆ Քարշը

 

 Արմեն  Հախինյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register