ԸՆՏՐՈՂԻ «ԱՅԲԲԵՆԱՐԱՆ»

yntr

Ազգային ժողովի ընտրությունները ՀՀ-ում կայանալու են ապրիլի 2-ին: Քվեարկության ավանդական «արարողակարգն» այս տարի ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ-ի) պաշտոնական կայքի տարածած տեսանյութը մի կողմից ներկայացնում է քվեարկության անցկացման կարգի մանրամասները, մյուս կողմից՝ ստիպում լուրջ մտածմունքների մեջ ընկնել՝ քանիսը կկարողանան իրացնել իրենց ընտարական իրավունքը՝ խուսափելով հնարավոր բոլոր «խախտումներից»:

Եվ այսպես, ապրիլի 2-ին ընտրողն ընտրատեղամաս է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով. դա կարող է լինել նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր, ոչ կենսաչափական անձնագիր, անձնագրին կամ լիազոր մարմնի կողմից տրված նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ:

Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով, և փաստաթուղթը ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ: Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կարմիր նշան, ինչից հետո անմիջապես հրավիրվում են ոստիկանության աշխատակիցները: Եթե մարդը գրանցված չէ տվյալ ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան: Այդ դեպքում մարդուն դուրս են հրավիրում քվեարկության սենյակից:

Եթե սարքավորումն ինքնուրույն չի ընթերցում անձը հաստատող փաստաթուղթը, ապա փաստաթղթի տվյալները ներմուծվում են սարքավորման մեջ մասնագետի կողմից: Եթե դուք գրանցված եք տվյալ ընտրատեղամասի ընտրողների ցուցակում և դեռևս չեք մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան: Դուք ներմուծում եք ձեր աջ ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է ձեր քվեարկության կտրոնը: Մասնագետը կտրոնը և ձեր անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ձեզ, որից հետո դուք մոտենում եք  ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին և տալիս ձեր քվեարկության կտրոնը:

Հանձնաժողովի անդամն ընտրողների ցուցակում գտնում է ձեր անուն-ազգանունը, դուք ստորագրում եք ձեր տվյալների դիմաց: Հանձնաժողովի անդամը ձեր ստորագրության դիմաց և ձեր քվեարկության կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը: Ձեր անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում: Եթե չեք կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունեք դիմելու այլ քաղաքացու օգնությանը՝ բացառութամբ ընտրական հանձնաժողովի անդամների: Գրանցվելուց հետո մոտենում եք հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում քվեարկության կտրոնն ու ստանում քվեաթերթիկներն ու 1 ծրար:

Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները ստանալու համար պետք է ուշադիր լինել: Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց: Եթե փորձությունների առաջին փուլը հաղթահարում եք, ապա անցնում եք քվեարկության փուլին: Քվեախցիկում քվեարկում եք գաղտնի: Նախ ընտրում եք այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը, որին կողմ եք: Քվեաթերթիկի առաջին էջում նշում չեք կատարում: Ձեր ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի թեկնածուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի  հակառակ կողմում գտնում եք նրա տվյալները և կատարում միատեսակ նշում, ապա  քվեաթեթրիկն առանց ծալելու դնում եք ծրարի մեջ: Չօգտագործված քվեաթերթիկները գցում եք առանձին արկղի մեջ:

Հանձնաժողովը պետք է ապահովի քվեարկության գաղտնիությունը՝ այնպես, որ ձեր քվեարկության մասին իմանաք միայն դուք: Այսքանից հետո քվեարկության կտրոնով հեռանում եք քվեախցիկից: Եթե ինքնուրույն չեք կարող լրացնել քվեաթերթիկը, ապա հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո իրավունք ունեք քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու:  Եթե կարծում եք, որ սխալ եք լրացրել կամ վնասել եք քվեաթերթիկը, ապա կարող եք դիմել հանձնաժողովի նախագահին՝ նորը ստանալու համար: Մոտենում եք քվեատուփին: Հանձնաժողովի անդամը վերցնում է ձեր կտրոնը և առանց քվեարկության ծրարը  ձեզնից վերցնելու՝ քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը: Դուք գցում եք քվեարկության ծրարը քվեատուփի մեջ և հեռանում ընտրատեղամասից:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register