ԵՍ ԳԵՂԵՑԻԿ ԵՄ

cover

Երբևեք փորձե՞լ եք հայելու մեջ նայելիս ինքներդ Ձեզ ասել, որ գեղեցիկ եք: Վիճակագրությունը վկայում է, որ հայելու մեջ նայելիս աղջիկների մեծ մասը մտածում է ոչ թե այն մասին, թե որքան գեղեցիկ է իր աչքերի գույնը, այլ որքան գեր է ինքը, կամ թե հագուստն ինչու չի սազում իրեն:

«Հոնքերս դարձյալ անհամաչափ ստացվեցին»,- կասեք Դուք սովորական մի առավոտ: Իսկ Ձեր ամենամտերիմ ընկերուհին կավելացնի՝ «Շատ եմ գիրացել: Քաշ գցելու ժամանակն է: Ո՞վ կհավանի ինձ պես գիրուկին»: Եթե փոքր քույր ունեք, ննջասենյակից շտապելով կգա, Ձեզ կհեռացնի հայելու մոտից ու բարձրաձայն կհայտարարի. «Ոտքերս ինչքա՜ն տգեղ են, երբ եմ կարողանալու կարճ զգեստ հագնել…»:

Ամեն օր սովորականի պես Դուք կկանգնեք հայելու առաջ ու Ձեր աչքերի գեղեցկությունն ընդգծելու փոխարեն կփորձեք ինքներդ Ձեզ համոզել, որ ինչ-որ բան պակասում է գեղեցիկ զգալ: Մեկին՝ անհամաչափ հոնքերը, մյուսին՝ ավել քաշը, երրորդին՝ կարճ կամ ծուռ ոտքերը… Որտեղի՞ց այսքան անվստահություն ինքներդ ձեր նկատմամբ:

…Ի՞նչ կմտածեիք դուք աղջկա մասին, ով ունի կանաչ աչքեր, շեկ, երկար մազեր, գեղեցիկ ոտքեր ու մարմնի կազմվածք: Կմտածեիք՝ գեղեցիկ է, չէ՞: Բայց արի ու տես, որ ես՝ կանաչ աչքերով, մարզված կազմվածքով աղջիկս տարիներ շարունակ ինձ գեղեցիկ չէի համարում: Ավելին՝ գեղեցիկ լինելն ինձ համար մեղք գործելու պես մի բան էր: «Ինչպե՞ս կարելի է գեղեցիկ լինել: Աշխարհում, ախր, ինձնից գեղեցիկ այնքա՜ն աղջիկ կա»,- մտածում էի ես:

Չեմ կարող ասել հստակ, թե պատճառն ինչ էր. միգուցե այն, որ մեր ընտանիքում երբևէ չեն հպարտացել իմ գեղեցկությամբ, փոխարենը շարունակաբար կրկնել են «Գեղեցիկ լինելը քիչ է, պետք  է խելացի ու կրթված լինել»: Գուցե պատճառն այն էր, որ ընկերս մի օր որոշել էր տեղափոխվել այլ երկիր՝ առանց ինձ տեղյակ պահելու ու ջնջել էր ինձ իր կյանքից: Գուցե պատճառն այն էր, որ մեր բակի գեղեցկուհի աղջիկներից մեկն անհաջող ամուսնության հետևանքով դժբախտացել էր,  ու ես փորձում էի «գեղեցիկ չլինելով» հեռու պահել ինձ իր ճակատագրից…

Իրականում, հազար ու մի պատճառ կարող է լինել, որ դուք ձեզ գեղեցիկ չհամարեք: Այդպես անգամ հարմար է ապրելը՝ դուք առաջինն եք դժգոհում ինքներդ ձեզնից, շրջապատի մարդիկ կամ լուռ համաձայնում են ձեզ հետ, կամ… հիմնականում համաձայնում են ձեզ հետ:

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ կլիներ ձեր ու ձեր կյանքի հետ, եթե ինքներդ ձեր մեջ թերություններ փնտրելու փոխարեն փորձեիք առավելություններ տեսնել: Օրինակ, ի՞նչ կլիներ, եթե դուք հավանեիք անհամաչափ հոնքերով աղջկան, որին ամեն օր տեսնում եք հայելու մեջ: Չէ՞ որ հոնքերի համաչափությունից առավել կարևոր հոգու ներդաշնակությունն է: Ի՞նչ կլիներ, եթե գիրությունից դժգոհող ընկերուհուն ասեիք՝ «Դու այսպես էլ գեղեցիկ ես: Մարմնի քաշը միայն կրկնապատկում է քո գեղեցկությունը»: Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեր մեկը, ում համար դուք կլինեիք ամենագեղեցիկ աղջիկն աշխարհում…

Իսկ ի՞նչն է խանգարում ձեզ դառնալ այն մարդը, որն առաջինն է հիանում է իր արտաքինով:

Գիտե՞ք, մեզնից բոլորին թողել են մի օր ու հեռացել, ու մեզնից յուրաքանչյուրի կյանքում եղել է մեկը, որը մեզ գեղեցիկ չի համարել… Իրականում, գեղեցիկ զգալու հատկությունը ոչնչից կախված չէ՝ ոչ աչքերի գույնից, ոչ հոնքերի ձևից, ոչ մարմնի քաշից: Ուղղակի ամեն առավոտ հայելու մեջ նայելիս անհամաչափ հոնքերի հետ նկատեք փայլը, որը ճառագում  է ձեր աչքերից, երբ ասում եք. «Ես գեղեցիկ եմ»:

Հավատացեք Ձեր գեղեցկությանը, ու կհայտնվեն Ձեզ պես հարյուրավոր մարդիկ, որոնք Ձեզ գեղեցիկ կհամարեն:

Տաթեւիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register