ԵՐՎԱՆԴԱՇԱՏ ԳՅՈւՂԻ ԴԴՄԱՇԽԱՐՀԸ

2

21-ամյա Հերիքնազ Խաչիկյանը Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում ստեղծել է իր հեքիաթը՝ դդմաշխարհը: Արդեն մի քանի տարի է՝ նա դդումներ է աճեցնում տնամերձ այգում, որոնք նրա թեթև ձեռքով վերածվում են արվեստի գործերի:

1

– Տատիկս Արևմտյան Հայաստանի Բագարան գյուղից է գաղթել Երվանդաշատ: Պատմում էր, որ գաղթի տարիներին ափսեներ և այլ պարագաներ չլինելու պատճառով դդումների մեջ փորել են ու դրանց մեջ ցորեն, գարի, չրեր պահել… Որոշեցի, որ այդ դդումներով պետք է ես էլ զբաղվեմ, – ասում է Հերիքնազը:

Դդումների լեզուն հասկանալը հեշտությամբ չի տրվել: Ասում է՝ մի քանի տարի դրանք փչացել են, մինչև կարողացել է հասկանալ՝ ինչպես է պետք աճեցնել ու խնամել դրանք: Դդումների առողջ աճին նպաստել են նաև նրանց հետ ունեցած զրույցները:

– Շատ նուրբ են դդումները, նրանց նկատմամբ վերաբերմունքն էլ պետք է մեղմ լինի: Հաճախ գնում կանգնում եմ նրանց մոտ, ու ժամերով զրուցում նրանց հետ,- պատմում է Հերիքնազը:

Հերիքնազն ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կիրառական արվեստի բաժինը: Տիրապետում է արվեստի տարբեր ճյուղերի, փորձում դրանցից յուրաքանչյուրը կիրառել դդումների վրա: Նա արդեն փորձել է դդումների վրա նկարել, գոբելենագործել, ասեղնագործել, փորագրել: Հիմա էլ մտածում է մետաղն ու դդումը համատեղելու մասին: Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում քչերն են դդմարվեստով զբաղվում: Հերիքնազի ստեղծած դդումները տարբերվում են ոչ միայն ոճային առանձնահատկություններով, այլև կիրառելիությամբ:

3

– Շատերը պարզապես յուղաներկով նկարում են դդումների վրա: Ես մշակում եմ դդումները, չորացնում դրանք,հետո միայն ասեղնագործում, նկարում, կամ փորագրում դրանց վրա: Դրանք առօրյայում էլ կարող են օգտագործվել. մարդիկ կարող են դրանց մեջ չրեր, ընկուզեղեն, կոնֆետներ պահել,- ասում է նա:

Տարիների ընթացքում ավելացել է օգտագործվող դդումների տեսականին: Հերիքնազն ասում է, որ ամենահարմարը կուռմադդումները կամ շշադումներն են: Հերիքնազն այժմ մտածում է դդումներն այնպես մշակելու մասին, որ դրանց մեջ հնարավոր լինի նաև գինի պահել:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register