ԵՐՓՆԵՐԱՆԳ «ԴԵՍԱՆՏ» ԵՐԵՎԱՆՈւՄ

ball4

«Skyball»-ը՝ Հայաստանում գործող միակ օդապարիկը տարբեր երկրներից ժամանելիք այլ օդապարիկների հետ միասին այս շաբաթ հայտնվելու է երևանյան երկնակամարում: Կրակի և քամու միջոցով ղեկավարվող բացահայտված թռչող օբեկտները մի քանի օր շարունակ Երևանում և մարզերում հանրության համար իսկական տոնական տրամադրություն են ստեղծելու: Երևանում միայն մեկ անգամ՝ 2008 թվականին է օդապարիկներով թռիչքի միջազգային փառատոն անցկացվել: Այս անգամ անցկացվելիք փառատոնի կազմակերպիչները մտադիր են այն դարձնել ամենամյա: Փառատոնի մանրամասներին ծանոթանալու համար «Ճամփորդը» զրուցել է «Սքայբոլ» ընկերության հիմնադիր, Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիայի նախագահ Նաիրի Բարսեղյանի հետ.

Հոկտեմբերի 14-ին՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառման շրջանակում «Սքայբոլ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպում է օդագնացության միջազգային փառատոն, որին մասնակցելու են տարբեր երկրներից ժամանելիք մոտ 15 օդապարիկ: Բացման պաշտոնական արարողությունը կայանալու է հոկտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին՝ «Հանրապետության» հրապարակում: Անցկացվելու է օդապարիկների խմբային թռիչք: 1-1.5 ժամ երևանյան երկնակամարը գունազարդած օդապարիկները վայրէջք են կատարելու քաղաքի վարչական շրջանների տարածքներից դուրս»,- պարզաբանում է Նաիրի Բարսեղյանը:  Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան՝ 7.00 – 8:30-ը՝ «Հանրապետության» հրապարակից մեկնարկելու են նոր թռիչքներ: Նույն օրը երեկոյան, 17:00 -ից սկսած՝ «Հանրապետության» հրապարակում կլինեն օդապարիկների կապված թռիչքներ, որը կուղեկցվի համերգային ծրագրով: Մայրամուտից հետո կսկսվի օդապարիկների գիշերային լուսավորությունը:

ball

Եթե փառատոնի շրջանակում Երևանում նախատեսած բոլոր թռիչքներն իրականացվեն (ամեն ինչ կախված է եղանակից), ապա հոկտեմբերի 16-ին և 17-ին փառատոնը շարունակվելու է  նաև մարզերում, մասնավորապես Կոտայքի մարզում` Գառնի գյուղի տարածքում և Արագածոտնի մարզում` Ապարանի ջրամբարի մոտակայքում: «Վճարովի թռիչքների իրականացման հնարավորություն իրականում չկա, քանի որ թռիչքներին մասնակցելու հնարավորությունը խիստ սահմանափակ է (մոտ 20-30 մարդ՝ ամբողջ փառատոնի ընթացքում): Հիմնականում թռիչքների մասնակիցն են դառնալու լրատվամիջոցների հավատարմագրված  ներկայացուցիչները, լուսանկարիչները: Փառատոնի նպատակը՝ միջազգային հանրության շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև մեր երկրում տուրիզմի, փոքր ավիացիայի և հատկապես օդագնացության հետագա զարգացմանը նպաստելն է:

ball1

Այս պահին ունենք մասնակիցներ Լիտվայից, Բուլղարիայից, Ռուսաստանից և «Skyball»-ը` որպես Հայաստանի միակ օդապարիկ: Առայժմ եղանակային պայմանների մասին հստակ տեղեկություններ չունենք: Հոկտեմբերի 10-12-ին կունենանք եղանակային կանխատեսումներ: Սակայն ամենակարևորը հենց թռիչքին նախորդող իրավիճակն է: Միայն համապատասխան ճշտումներից (օրինակ` քամու արագություն) հետո է թույլատրվում թռիչքը: Մեր նպատակն է, որ փառատոնը դառնա ամենամյա: Երբ նախաձեռնությունը ներկայացրեցինք քաղաքապետարան, բավական լավ ընդունվեց: Այժմ փորձում ենք ամեն ինչ անել, որ փառատոնը դառնա պարբերական, քանի որ գրեթե բոլոր խոշոր քաղաքներում ամեն տարի անցկացվում են նմանատիպ փառատոներ, որոնք զբոսաշրջիկների բավական մեծ հոսք են ապահովում»,- ասելիքն ամփոփեց Նաիրի Բարսեղյանը:

 

Գարեգին Ալեքսանյան

Լուսանկարները` skyball.am-ի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register