ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱՆ

2

  Հունվարի 18-ին Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը հրավիրել է այս տարվա առաջին նիստը։ Վահե Նիկոյանը՝ աշխատանքային խմբի ղեկավարը և Երևանի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։

Ըստ նոր նախագծի, ներկա պահին գործող երթուղային 115 գծերի փոխարեն գործելու է 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցի փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Տրանսպորտային միջոցներն այսուհետ փոխլրացման տարբերակով են աշխատելու։ Բացառվելու են կրկնվող գծերը, նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։

«Ներկայացված նախագծով բացառվելու են կրկնվող գծերը։ Միևնույն ժամանակ տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Ի պատիվ խորհրդատու կազմակերպության, հարկ է նշել, որ նոր ցանցի նախագծման շրջանակում իսկապես մանրակրկիտ աշխատանք է կատարվել, որի շնորհիվ շուրջ երեք անգամ կրճատվում է առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը, որոնք նախկինում ձևավորվել էին իրավիճակային լուծումների հետևանքով և որպես այդպիսին տրամաբանական ցանց չէին կազմում։ Անհրաժեշտ է նաև նշել, որ նոր ցանցի նախագծման համար այսօր առկա երթուղիները հիմք չեն հանդիսացել», – հանդիպման ընթացքում նշել է Վահե Նիկոյանը։

Նոր նախագծի շնորհիվ այլևս չեն գործելու միկրոավտոբուսները, դրա փոխարեն տրանսպորտային շեշտադրումն ուղղվելու է ավտոբուսների, տրոլեյբուսների ու մետրոյի վրա, որոնք նախ գրագետ կերպով պետք է ինտեգրվեն ու ներառեն քաղաքի ամբողջ տարածքը։

Ըստ նախագծի, մայրաքաղաքի մոտակա գյուղերը չեն սպասարկվելու։ Նոր ցանցի գործարկումից հետո այդ գյուղերում ապրող մարդկանց Երևան հասնելու նոր տարբերակներ են առաջարկվելու:
«Երթուղային ցանցը նախագծվել է Երևան քաղաքի վարչական տարածքի համար: Դա ունի իր պատճառները: Երևանից դուրս ուղևորահոսքերի ծավալը, ինչպես տեղյակ եք, էապես տարբերվում է և այդ առումով սակավ ուղևորահոսք ունեցող ուղղություններով երթուղիների շահագործումը կարող է հանգեցնել էական ծախսերի ավելացման և սակագնի վրա ազդեցություն ունենալ: Երևանի վարչական տարածքից դուրս որոշ տեղերում բացակայում է լիարժեք ճանապարհափողոցային ցանցը, որը կապահովեր նոր տրանսպորտային տեսակների շահագործման համար անհրաժեշտ պայմանները: Նաև Երևանի վարչական տարածքից դուրս երթուղիների պարագայում կառաջանան անարդյունավետ ծախսերի առաջացման ռիսկեր: Այս տրամաբանությունը հաշվի առնելիս՝ հիմք է ընդունվել միջազգային փորձը»,-նշել է Վահե Նիկոյանը և հավելել՝-«դեռևս գործող ցանցով, հասարակական տրանսպորտի աշխատաժամերը, որոշ վերապահումներով, ժամը 07:00-23:00-ն է: Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտի շահագործումը սկսվի առավոտյան 06:45-ից՝ շարունակվելով մինչև կեսգիշեր՝ 24:00-ն: Նոր ցանցով առաջարկվում է շուրջ 25 տոկոսով ավելացնել կանգառների թիվը՝ 834-ից դարձնելով 1181: Տեղում ուսումնասիրություններ անելու ճանապարհով աշխատանքային խումբը դեռ պետք է քննի դրա նպատակահարմարությունը: Բրիտանական խորհրդատու կազմակերպությունը նաև առաջարկել է առկա կանգառներից շատերի տեղափոխություն՝ ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ նորմատիվներին համապատասխանության»:

3

Գործող ցանցով ուղևորների 94 տոկոսը երթևեկում է առանց տեղփոխի, երթուղային նոր ցանցի դեպքում, խորհրդատուի առաջարկությամբ, երթևեկողների 38 տոկոսը կունենա մեկ տեղփոխ: Այսինքն՝ անհրաժեշտ վայր կհասնի երկու տրանսպորտով: Երթևեկողների 10 տոկոսի դեպքում տեղփոխը կլինի երկուսը, այսինքն՝ երեք տրասնպորտ: 3 տեղփոխի կամ չորս տրանսպորտ փոխելու անհրաժեշտություն կունենան ուղևորների 3 տոկոսը:

«11 հիմնական երթուղիները սպասարկվելու են մեծ՝ 18 մետր երկարություն և 150 ուղևոր տեղատարողություն ունեցող միակցված ավտոբուսներով: Որոշ երթուղիներ նախատեսվում է սպասարկել մեծ՝12 մետր երկարություն և 90-100 ուղևոր տեղատարողություն ունեցող չմիակցված ավտոբուսներով: Մնացած բոլոր սնուցող երթուղիները նախատեսվում է սպասարկել միջին չափսի ավտոբուսներով՝ երկարությունը՝ 7.5-8 մ, տեղատարողությունը՝ 45-50 ուղևոր»,- մանրամասնել է Երևանի փոխքաղաքապետը: Նոր մոդելի կիրառման համար գործելու է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ: Ներդրվելու են էլեկտրոնային չվացուցակների հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ, գործարկվելու են տոմսային և վճարային տերմինալներ, իրականացվելու է վճարումների վերահսկողություն՝ ժամանակից տեխնիկական միջոցներով:
Նոր ցանցի մասնագիտական ուսումնասիրությանն ու վերջնական հաստատմանը հաջորդելու են բարեփոխման մյուս փուլերի շուրջ աշխատանքները, ինչպես նաև նոր ցանցի առանձնահատկությունների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը։ Քաղաքապետարանի ներկայացրած համեմատական գրաֆիկը՝ ստորև։

1

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register