ԵՐԵՎԱՆԸ՝ ՀՅՈՒՐԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

hndik

Ազգությամբ հայ ուսանողների կողքին այսօր Երևանի տարբեր ԲՈՒՀ-երում սովորում են նաև հարյուրավոր այլազգի ուսանողներ: Ինչպես ենք նրանց ընդունում ու վերաբերվում:  Դա խոսում է ոչ միայն մեր հյուրերի, այլև մեր մասին: Մայրաքաղաքում կրթություն ստացող շատ օտարազգի ուսանողների համար Հայաստանը երկրորդ տուն է դարձել՝ մարդկային հյուրընկալությամբ ու ազնիվ փոխհարաբերություններով: Երևանը հյուրերի աչքերով խորագրի մեր հյուրն այս շաբաթ ազգությամբ հնդիկ Քալիշվարան Մուրուգան է: 22-ամյա Քալիշը 6 տարի է Հայաստանում է, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Ընդհանուր բժշկության» ֆակուլտետում: Ինչու հենց Հայաստանում:

– Արդեն 16-17 տարեկանում ես հաստատ գիտեի, որ բժիշկ եմ դառնալու: Սկսեցի հետաքրքրվել՝ թե որտեղ կարելի է լավ բժշկական կրթություն ստանալ: Ընկերներս, որոնք Հայաստանում էին սովորել, խորհուրդ տվեցին Հայաստան այցելել, թեպետ Հնդկաստանից ԽՍՀՄ մյուս պետություններում սովորող ուսանողներ էլ շատ կան: Երբ հետաքրքրվում էի ընկերներիցս, թե ինչպիսի՞ն է Հայաստանը, նրանք բոլորը մի բան էին ասում՝ որ մարդիկ այստեղ շատ հյուրընկալ ու բաց են: Գալուց առաջ դեռ որոշակի կասկածներ ունեի, բայց երբ եկա՝ 1 շաբաթ անց համոզվեցի, որ դա իսկապես այդպես է: Մինչ այստեղ գալս գիտեի միայն, որ Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունն է: Այն նաև առաջին երկիրն է, որը ես այցելել եմ իմ նահանգից դուրս: Արդեն 6 տարի է այստեղ եմ, և Երևանը ինձ համար երկրորդ տուն է  դարձել:Հայաստանի բնությունն եմ շատ սիրում: Շատ լավ է, որ այստեղ բնակելի շենքեր կառուցելու համար՝ ծառերը չեն հատում, անտառները չեն վերացնում: Իմ երկրում, որտեղ բնակչությունն անընդհատ աճում է, այդպիսի դեպքերի ես հաճախ եմ ականատես դարձել:

Երևանում շատ են վարդագույն շենքերը, անգամ տուրիստներին դրանք շատ են գրավում: Հայաստանում շատ են պատմական, մշակութային կենտրոնները: Կարող ես անընդհատ շրջագայել և նորանոր բաներ բացահայտել քեզ համար: Ես ինձ շատ հանգիստ եմ զգում այստեղ, անգամ ուշ ժամերին կարող ես դուրս գալ ու անվտանգ զբոսնել. աշխարհի շատ քաղաքներին պակասում է հանգստության զգացողությունը:Հայաստանում շատ եմ շրջել: Ամբերդում եմ եղել, Ծաղկաձորում, Սևանում, Բյուրականում, հին եկեղեցիներում… Ամեն տեղ հյուրընկալ մարդկանց եմ հանդիպել: Անգամ ինձ չճանաչելով, չիմանալով որ բժշկական համալսարանի ուսանող եմ՝ առաջարկել են գնալ իրենց տանը սուրճ խմել կամ հաց ուտել…

Հաղթանակի զբոսայգում հաճախ եմ լինում, ամբողջ քաղաքն այդտեղից երևում է, կարող ես օրվա ցանկացած ժամի նստել ու նայել Երևանին: Թումոյի այգին եմ սիրում, վերջերս գնացել էինք այնտեղ՝ լուսնին նայելու. կամուրջը, լուսինը, ծառերը շատ գեղեցիկ էին նայվում: Հայկական ուտելիքներից ամենաշատը սպասն եմ սիրում՝ մածունով և ձավարով: Տոլմա չեմ փորձել, որովհետեւ տավարի միս չեմ ուտում, բայց ընկերներս ասում են, որ այն ևս շատ համեղ է: Տարվա մեջ մեկ անգամ Հնդկաստան եմ գնում՝ հարազատներիս տեսնելու: Միշտ ինձ հետ երեք բան եմ տանում Հայաստանից՝ շոկոլադ, ընկույզ ու թուրիջ: Հնդկաստանում հայկական շոկոլադի նման համեղ շոկոլադ չես կարող գտնել, իսկ ընկույզն ու թուրինջը շատ ավելի էժան են այստեղ, քան Հնդկաստանում: Բացի այդ, համը բոլորովին այլ է:Հայ ընկերներ շատ ունեմ, սկսել ենք հայկական տոները միասին  նշել: Ամենից շատ Նոր Տարին ու Սբ Զատիկն եմ սիրում, երբ մարդիկ նվերներ են գնում  և իրար տուն այցելում:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register