ԵՐԵՎԱՆԻ ՅՈւՐԱՀԱՏՈւԿ ԵՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԾԱՌԵՐԸ

1

Ի՞նչ բնութագրում կարող ենք տալ Երևանում մեզ հանդիպած ծառերին. մեծ, բարձր, փոքր, լայն, կանաչ, պտղատու, ոչ պտղատու, ծաղկման շրջանում՝ գեղեցիկ, աչք շոյող, բուրումնավետ, արևից պաշտպանող, մաքուր օդ ապահովող, փոշու դեմ պայքարող և այլն: Մյուս կողմից, շատ քիչ տեղեկություններ ունենք մեզ շրջապատող յուրահատուկ ծառերի մասին: Օրինակ՝ պարզվում է, որ Երևանի պետական համալսարանի բակում կա մետասեքվոյա գլիպտոստրոբոնման, որը պատկանում է նոճազգիների ընտանիքին, աճում է Կենտրոնական և Հարավ Արևմտյան Չինաստանում: Հայաստանում ներմուծված է և եզակի հանդիպող: Այն ամերիկյան գիգանտ սեքվոյաների ցեղակիցն է, որ չնայած Երևանի պայմաններում չի հասնում առավելագույն չափերի, այդուհանդերձ ակնհայտ լավ հարմարված է։

3

Մետասեքվոյան և 22 այլ ծառեր Երևան քաղաքի բնակիչների կողմից առաջադրվել և ընդգրկվել են Arjekner.am կայքում: Նրանց վրա փակցված են հատուկ ցուցանակներ, որոնց վրա նշված են ծառի հայերեն անվանումը, ծագումը (երկիրը), լատիներեն անվանումը, հերթական համարը և «QR» կոդը: Վերջինս ակտիվացնելով՝ կարելի է հակիճ տեղեկություններ ստանալ կոնկրետ ծառի մասին:

Արեժեքային մակարդակում ծառերի կարևորությունը ընդգծելու մտադրությամբ է գործարկվել նշված կայքը մի խումբ մտահոգ քաղաքացիների կողմից՝ Արեգ Կարապետյանի գլխավորությամբ, ում հետ «Ճամփորդը» զրուցել է նախաձեռնության մանրամասների շուրջ:

«Փորձում ենք հանրության ուշադրությունը հրավիրել այնպիսի արժեքների վրա, որոնք ցավոք սրտի ներկաումս երկրորդ պլան են մղված, առհասարակ քիչ է դրանց անդրադարձ կատարվում: Խոսքը ոչ նյութական արժեքների մասին է, այս դեպքում՝ բնական արժեքների: Բացի մոլերից, ավտոսրահներից նաև պետք է որոշակի ուշադրություն դարձնել մեզ շրջապատող ծառերի, բույսերի վրա, որոնք այդքան կարևոր են մեզ համար: Վստահ ենք, որ միայն նյութապաշտորեն առաջնորդվելով երբեք դրական արդյունքի չենք հասնի»,- նշում է Արեգ Կարապետյանն, ով մասնագիտությամբ ծառագետ է:

4

Զրուցակիս պարզաբանում է, թե ինչ սկզբունքով են որոշվում ծառերի բարձրաժեքությունը: Ծառերի ընտրությունը կատարվում է պրոֆեսիոնալ թիմի կողմից, որտեղ ներգրաված են մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Բարձրարժեք ծառերը 4 խմբի են բաժանում՝ բնապահպանական տեսանկյունից (օդի մաքրություն, հողապաշտպան ֆունկցիա), սոցիալական(կոնկրետ ծառը կարող է լինել պաշտամունքի առարկա, թեև դեռ նման օրինակ չունեն Երևանում), կենսաբանական(յուրահատուկ տեսակներ, հիբրիդներ), մշակութային (մշակույթի կրող է, պատմություն ունեցող ծառ):

«Ծառը գնահատվում է ոչ թե փայտանյութի իր քանակով, որը զուտ նյութական գնահատումն է, այլ գեղազարդ տեսքով կամ յուրահատուկ տեսակով, էկոհամակարգում իր կատարած ներդրման տեսանկյունից: Ցավոք, քաղաքում գնալով պակասում են կանաչ տարածքները, որոնք փոխարինվում են անճաշակ բետոնապատ կառույցներով»,- տարակուսում է Արեգ Կարապետյանը:

Մշակութային բարձրաժեքության առումով զրուցակիցս որպես օրինակ բերում է շատերիս հայտնի թթենու ծառը, որը գտնվում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հարևանությամբ՝ Սայաթ-Նովա փողոցից դեպի ԵՊՀ տանող զբոսուղու մեջտեղում.

6

«Այս սպիտակ թթենին բավական հին է, 100-120 տարվա պատմություն ունի: Քաղաքի այս մասում մինչև 1960-ական թվականները եղել են սեփական տներ, որոնք սկսել են քանդել ԵՊՀ-ի շենքի կառուցմանը զուգահեռ: Այս ծառը եղել է հենց սեփական տան բակում: Պտղաբեր ծառ է, այսքան տարի աճում է, հրաշալի տեսք ունի: QR-կոդը ակտիվացնելով կունենանք հետևյալ տեղեկությունը՝ «Սաղարթի չափերը բնորոշում են նրա բարձրարժեքությունը։ Այն նաև առատ պտղաբերում է և ակնհայտ առողջ է, որ կարողանում է դիմակայել տերևային զանգվածի, ձյան ծանրությանը»:

Բացի Արեգ Կարապետյանից բնապահպանական այս քարոզարշավով զբաղվում են Վահե Մարտիրոսյանը(անտառագետ), Արսեն Գասպարյանը(կենսաբան), Ռուզաննա Իսպիրյանը(գյուղատնտես), Նելլի Մուրադյանը(բուսաբան), Մանիկ Գրիգորյանը(բուսաբան), որոնք մասնագիտական խմբի կազմում են: Երբ քաղաքացիները առաջադրում են որևէ ծառ, այն ուսումնասիրվում և քննարկման է դրվում տվյալ խմբի կողմից: Մինչ այժմ ընտրվել է 23 ծառ՝ ընդհանուր առաջադրվածների 1/3-ը: Այդ բոլոր ծառերի վրա փակցվում է հատուկ ցուցանակ: Արեգն ուրախությամբ նշում է, որ իրենց գործունեության 2 տարվա ընթացքում չի եղել դեպք, որ ընտրված ծառերը վնասվեն:

«Arjekner.am»-ի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կարող է դառնալ բարձրաժեք ծառի խնամակալ: Խնամակալը իրականացնում է ծառի մշտադիտարկում և լուսանկարում յուրաքանչյուր եռամսյակ։ Գարնանային և աշնանային խնամքի աշխատանքներն ևս կատարվում են խնամակալի միջոցներով, որը կազմում է տարեկան 6000դրամ:

«Աշխարհում բավական լայն տարածում ունի և շատ հետաքրքիր պրակտիկա է, երբ մարդը գիտակցաբար ընտրում է հանրային վայրում գտնվող ծառ և վերցնում իր խնամքի տակ: Խորհրդանշական գումարի դիմաց՝ արվում է պարարտացում, շրջապատի խոտերն են մաքրվում, չոր սեզոնին ծառը ոռոգվում է, ավելորդ ճյուղերը հեռացվում են: Հիվանդության օճախներ հայտնաբերելու դեպքում՝ կփորձում են դրանք վերացնել: Նմանատիպ պրակտիկա գործում է Երևանի կենդանաբանական այգում և կարելի է նույնը քաղաքի ծառերի դեպքում անել»,- վստահեցնում է զրուցակիցս:

5

Այս պահին «Arjekner.am»-ում ներառված  են սերկևիլենի սովորական, սոսի արևելյան, մետասեքվոյա գլիպտոստրոբոնման, կաղնի ամառային, հաճարենի արևելյան, թթենի սպիտակ, բարդի կանադական, դրախտածառ սովորական, փշատենի արևելյան, հացենի սովորական, սզնի հայկական, սոճի ղրիմյան, լորենի կովկասյան, մակլուրա նարնջագույն, հուդայածառ եվրոպական, թխենի սովորական, թթենի սպիտակ լացող: Նախաձեռնության անդամները չեն սահմանափակվելու միայն ծառերով և առաջիկայում միտք ունեն նաև քաղաքի ուշագրավ և նշանակալի ցայտաղբյուրների քարտեզ կազմել:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register