ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՓԱԿ Է ԼԻՆԵԼՈւ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՐԴՈՐՈւՄ Է ՕԳՏՎԵԼ ՄԵՏՐՈՅԻՑ

5

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից, թե երթևեկության ի՞նչ սահմանափակումներ են լինելու հոկտեմբերի 11-ին ու 12-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ:

«Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 22:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության ու Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում, Աբովյան-Թումանյան խաչմերուկում, Նալբանդյան փողոցում, Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում, Տիգրան Մեծից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում, Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Հանրապետության հրապարակ հատվածում», –  ասաց ՀՀ ոստիկանապետը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8։30-ից մինչև 10։30-ն, արգելվելու է երթևեկությունն Աճառյան փողոցից դեպի կենտրոն, Մյասնիկյան պողոտա-Հերացի-Կորյունի փողոցներով, Ազատության պողոտայով՝ Ազատության պողոտա-Բաբայան խաչմերուկից, Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում։

«Ամբողջությամբ երթևեկության համար փակ են լինելու Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին։ Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 5-ից մինչև միջոցառման ավարտն արգելվելու է երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցում, իսկ ժամը 8։30-ից փակ է լինելու Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Իտալիայի, Բեյրութի և Զաքյան փողոցները, Խորենացի փողոցը՝ Ագաթանգեղոսի խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծ- Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ հատվածում, Արամի փողոցը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից», – ասաց Վալերիյ Օսիպյանը։

Վարչապետը հստակեցրեց, որ հոկտեմբերի 11-ին առավոտյան 8։30-ից երթևեկության համար փաստացի փակ է լինելու Երևանի կենտրոնը։ Կառավարության ղեկավարը հորդորեց հնարավորության դեպքում քաղաքացիներին օգտվել մետրոպոլիտենից։

«Կարծում եմ՝ մետրոպոլիտենը պետք է շարժակազմերի քանակն այս օրերին մեծացնի, պարոն Օսիպյան, կարծում եմ, որ այս ուղղությամբ արժի հատուկ հանձնարարական տալ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք գալա-համերգին՝ ոստիկանապետը հորդորեց դրան մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիներին հրապարակ գալ համերգից 2-3 ժամ շուտ, քանի որ անվտանգության նկատառումներով զննումներ են լինելու։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register