ԵՐԵՎԱՆԻ ԾԱՌԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԽՈՐ ԷՏԸ ԵՎ ՓՈՇՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ

1

Հարցազարույցը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 12 -ին: Մայրաքաղաքի բնապահպանական հարցերի և բնակիչների կողմից բարձրացվող  ոլորտի խնդիրների շուրջ «Ճամփորդ» շաբաթաթերթը զրուցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի հետ: 

Երևանում ներկա պահին քանի՞գրանցված ծառ կա: Ի՞նչ տեսակի ծառեր կան Երևանում, ինչպե՞ս է կատարվում ծառերի ընտրությունը, ընտրության հարցում ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվումԱռաջիկայում ի՞նչ նոր ծառատեսակներ կարող են հայտնվել Երևանում:

-Գույքագրման տվյալներով մայրաքաղաքում առկա է շուրջ 1մլն 850 հազար ծառ: Ծառերի հիմնական տեսականիներն են հացենին, թեղին, բարդին, սոսին, ակացիան, սոֆորան, կաղնին և ուռենին: Վերջին չորս տարիների ընթացքում ծառերի ընտրությունն ու ծառատնկման աշխատանքներն իրականացվում են Երևան քաղաքի ֆունկցիոնալ կանաչապատման ծրագրի շրջանակում, որը մշակվել է ԳԱԱ-ի Էկոնոսֆերային ինստիտուտի տվյալների հիման վրա: Ըստ վարչական շրջանների, ըստ փողոցների տրված է, թե ծառատունկերի շրջանակում կոնկրետ ի՞նչ ծառեր պետք է տվյալ վայրերում տնկվեն, որպեսզի ֆունկցիոնալ նշանակություն ունենան, այսինքն լինեն փոշեկլանիչ,  բարելավեն օդային ավազանը և մի շարք այլ հանգամանքներ, որոնք կարևոր են մասնագիտական կանաչապատում իրականացնելու համար: Առաջիկա տարիներին մենք շեշտը դնելու ենք ակացիաների, սոսիների, կաղնու, հացենու տնկման վրա, որոնք իսկապես համապատասխանում են Երևանի բնակլիմայական պայմաններին:

Հայտնի է, որ քաղաքների համար միջազգային սահմանված չափանիշ գոյություն ունի, ըստ որի որոշվում է մեկ բնակչին բաժին հասնող նվազագույն կանաչ տարածքի չափը: Ծառերի դեպքում միջազգային ընդունված չափանիշ գոյություն ունի՞: Մոտավորապես քանի՞ ծառ է անհրաժեշտ Երևանի նման քաղաքին:

-Ինչ վերաբերում է մեկ բնակչին բաժին հասնող նվազագույն կանաչ տարածքի չափին, ապա նշեմ, որ այսօր յուրաքանչյուր բնակչին ընկնող կանաչ տարածքը մայրաքաղաքում կազմում է 7.8 քմ: Իհարկե այս ցուցանիշը դեռևս անհամեմատ պակաս է նորմայից, բայց մենք ձգտում ենք և ունենք մշակված ծրագիր, որ այդ ցուցանիշը հասցնենք 14քմ-ի:

Վերջերս` մարտի 31-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում տեղի ունեցած ծառատունկշաբաթօրյակի ժամանակ տնկվել են մի շարք ծառատեսակներ, ի մասնավոր ` ակացիա, հացենի, սոսի, կաղնի, կատալպա, բարդի, նոճի, սյունաձև գիհի: Արդյո՞ք կարող եք առանձին ներկայացնել, թե ինչու են հենց այս ծառատեսակները կարևոր: Ինչո՞վ է պայմանավորվում նրանց տրվող նախապատվությունը:

-Մեկ անգամ ևս նշեմ, որ մայրաքաղաքում տնկվող ծառերի նախապատվությունը մենք տալիս ենք ելնելով ԳԱԱ-ի Էկոնոսֆերային ինստիտուտի կողմից կազմած ծրագրից, որը մասնագիտորեն հիմնավորված է:

Հաճախ ծառերի խոր էտը քննարկման առարկա է դառնում, տարակուսանք առաջացնում քաղաքացիների մոտ: Ո՞ր դեպքերում է խոր էտը կիրառելի, կարո՞ղ է արդյոք խոր էտը ծառերի չորացման պատճառ հանդիսանալ:

2

-Խոր էտը ծառերի չորացման որևէ պատճառ չի կարող հանդիսանալ: Այդ աշխատանքներն իրականացվում են մշակված ագրոկանոնների համաձայն: Խոր էտը ոչ միայն ոչ մի վնաս չի պատճառում, այլև ապահովում է ծառերի երիտասարդացումն ու շուրջ 10 տարով ավելացնում է դրանց կենսունակությունը:

Հայկական բարդիներն, ի տարբերություն կանադականների, գարնանային շրջանում ծաղկափոշի պարունակող բմբուլներ են բացթողնում, որի պատճառով ալերգիկները սկսում են հազալ և փռշտալ: Ի՞նչ միջոցառումներէ ձեռնարկում բնապահպանության վարչությունն այս առումով: Հետաքրքիր է, ո՞ր տեսակի բարդիներից են տնկվում Երևանում: Ասում են նաև, որ բարդիները խիստ դյուրաբեկ են, որ մեծ է փոթորկի ժամանակ նրանց տապալման հնարավորությունը, ինչի ականատեսը դարձել ենք քանիցս:

-Ասեմ, որ բարդիների արմատային համակարգն իսկապես մակերեսային է, և հենց այդ նպատակով ենք մենք կիրառում բարդիների խոր էտը, որպեսզի խուսափենք տապալումից: Մայրաքաղաքում հիմնականում տնկվում են կանադական և արծաթափայլ սպիտակ բարդիներ, որոնք բմբուլ չեն առաջացնում և չեն նպաստում ալերգիկ հիվանդությունների սրացմանը:

Մեր շաբաթաթերթի «7 հարց» խորագրով էջում ունենք այսպիսի հարց. «Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում»: Յուրաքանչյուր շաբաթ այս հարցին պատասխանում են Երևանում բնակվող, տարբեր ոլորտներում ներգրաված մարդիկ: Հարցի ամենատարածված պատասխանն է` «Անտառ, այգի` միայն նստարաններով, առանց սրճարանների և զվարճանքի կենտրոնների»:  Իրատեսակա՞ն է մոտ ապագայում նման անտառայգու կառուցումը Երևանում, եթե այո, ո՞ր հատվածում և ի՞նչ ժամկետների մասին է խոսքը:

-Մենք ունենք մշակված նման ծրագիր, որի համաձայն նախատեսում ենք մայրաքաղաքի արվարձաններում ստեղծել բուֆերային գոտիներ, ինչու չէ նաև տվյալ վայրերում ձևավորել այգիներ ու պուրակներ: Պետք է նշեմ, որ արդեն իսկ Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ մայրաքաղաքում կառուցվում են հանգստյան երկու գոտիներ՝ Մյասնիկյանի արձանի ետնամասում և Էրեբունի թանգարանի հարակից հատվածում, որոնք լինելու են կանաչապատ, ջրային մակերեսներով ապահովված և, որ կարևոր է, հանգստի այդ գոտիներում առևտրային որևէ գործունեություն չի նախատեսվում ծավալել:  Իսկ այն հարցին, թե հնարավորության դեպքում ի՞նչ կցանկանայի կառուցել Երևանում, ապա ասեմ, որ, որպես ոլորտի մասնագետ կցանկանայի ոչ թե կառուցել այլ տեսնել երբեմնի կանաչապատ Երևանը, ինչին համոզված եմ այս հետևողականության ու ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքում մենք հաստատապես կհասնենք: Այսօր ոլորտի զարգացումը մենք ապահովում ենք առաջնորդվելով ծրագրային հստակ քաղաքականությամբ, ուսումնասիրում ենք նաև միջազգային փորձը և այն մոտեցումներն ենք կիրառում Երևանում, որոնք առանձնանում են իրենց արդյունավետությամբ:

Տնային տնտեսուհիները հատկապես, տրտնջում են րոպեների ընթացքում բնակարաններում գոյացող փոշուց: Տարեց մարդիկ էլ երանությամբ են հիշում «սովետի» ժամանակները, երբ Նորքի անտառների՝քաղաքի բրոնխների հաշվին քաղաքը հողմերից և փոշուց պաշտպանված էր: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են:

-Ես նշեցի, որ մենք հետևողական աշխատանքներ ենք տանում բուֆերային գոտիների ստեղծման ուղղությամբ: Նախորդ և այս տարիների ընթացքում անտառային գոտի ենք ձևավորել Կարմիր բլուրի հարակից հատվածում, Նոր Նորքի Հայորդաց տան շրջակայքում և մի շարք այլ տարածքներում, որտեղ տնկվել են փոշեկլանիչ ծառատեսակներ: Սրանք աշխատանքներ են, որոնք նպաստելու են փոշու կլանմանն ու թթվածնի ապահովմանը:

Ծառատունկը մի բան է, տնկված ծառերի խնամքը՝ մեկ այլ բան: Հովհարային անջատման տարիների վնասն անդառնալի՞է, թե՞մայրաքաղաքի կանաչ տարածքները ժամանակի ընթացքում լիովին կվերականգնվեն: Հետաքրքիր է, ծառատունկից հետո՝ այն իրականացնողների հետ դուք հետագայում կապ պահպանո՞ւմ եք, թե՞՝ոչ: Ինչպե՞ս է իրականացվում տնկված ծառերի ապագա վերահսկողությունը:

– 90-ական թվականներին էներգետիկ ճգնաժամի արդյունքում իսկապես մեծ վնաս հասցվեց մայրաքաղաքին, հատվեցին շուրջ 400000 ծառեր: Աստիճանաբար մենք վերականգնում ենք այդ բացը ոչ միայն ծառատունկերի, այլև ոռոգման ցանցերի անցկացման շրջանակում: Այսօր ծառատունկերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում, ինչն էլ ապահովում է արդյունավետ կպչողականություն: Այդ նպատակին էր ուղղված 8 խորքային հորերի ստեղծումը: Վերջին տարիներին շուրջ 110 կմ-ով ընդլայնվել է Երևանի ոռոգման ցանցը, իրականացվել են նաև առկա ցանցի արդիականացման աշխատանքներ: Ամենօրյա ու մշտական հսկողության ներքո է նաև տնկված ծառերի ու կանաչ տարածքների խնամքը: Եթե խնամք չապահովվի, ապա միայն ծառատունկով ոչինչ չի ստացվի:

Ծառերի ընտրությանը բնապահպանական կազմակերպությունները, քաղաքի գլխավոր ճարտարապետը, քաղաքի արտաքին տեսքի պատասխանատուները մասնակցո՞ւմ են, թե՞՝ոչ: Կա՞ն նրանց կողմից ներկայացված հետաքրքիր առաջարկներ, որոնք թեկուզ հետագայում, ձեր կողմից հաշվի կառնվեն:

-Գիտնականների և բնապահպանների հետ մեր համագործակցությունը մշտական է: Մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ավարտից հետո էլ մենք ուղղորդում ենք, թե քաղաքի այդ հատվածներում ինչ ծառատեսակներ է հարկավոր տնկել:

4

Երևանում առկա ծառերը ե՞րբ են տնկվել ու քանի՞ տարեկան են:

-Երևանում այսօր կաղնիներ և սոսիներ ունենք, որոնք ավելի քան 60 տարեկան են: Դրանք երկարատև կենսունակություն ունեն: Այս տարիներին տնկվող ծառերը ևս, որոնք թվարկեցի, կունենան մոտ 50-60 տարվա կյանք:

Եվ վերջին հրացը. «Պողոսյան այգիներ»-ի՝ «Սիրահարների այգու» և մնացած հանրային զբոսայգիների տարբերությունը խիստ ակնառու է: Նշված այգում մշտապես խնամք է իրականացվում, մինչդեռ մյուսներում որոշակի գործ արվում է միայն շաբաթօրյակների ժամանակ: Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ վիճակը շտկելու համար:

-Ես այդքան էլ համամիտ չեմ այդ կարծիքի հետ: Սիրահարների այգին իհարկե լավն է, տարածքն էլ մշտապես խնամված է, բայց մենք այսօր մայրաքաղաքում ունենք հանգստի գոտիներ, որոնք ոչնչով չեն զիջում այդ այգուն: Մասնավորապես Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգին, Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցին կից այգին, Շենգավիթ վարչական շրջանի Շողակաթի այգին, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Արաբկիր և մի շարք այլ վարչական շրջաններում ստեղծված այգիները: Դրանք ոչ միայն հարմարավետ են, սիրված մեր համաքաղաքացիների կողմից, այլև գտնվում են ամենօրյա խնամքի ներքո:  Եվ ընդհանրապես, վերջին տարիներին Երևանում կանաչապատման ոլորտում իսկապես մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել և իրականացվում, ինչը չնկատելն անհնար է: Երևանի համաչափ զարգացման հայեցակարգի շրջանակում թե կանաչ տարածքների ընդլայնման, թե կանաչ գոտիների, այգիների ու պուրակների ստեղծման աշխատանքներ են տարվել բոլոր վարչական շրջաններում:  Պատկերացում կազմելու համար պարզապես նշեմ, որ Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը դեռևս Խորհրդային տարիներին կազմում էր շուրջ 970 հա, սակայն 90-ական թվականներին, հայտնի պատճառներով այդ ցուցանիշը նվազեց՝ հասնելով 500 հա-ի: Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը հասցնել ավելի քան 860 հա-ի:  Մեր այս հետևողականությունը շարունակական է լինելու նաև առաջիկա տարիներին:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register