ԵՐԵՎԱՆԱՍԵՐ. ՍՅՈւՆԵ ՍԵՎԱԴԱ

2

Մարդկանց ու քաղաքներին սիրում են  տարբեր կերպ, սակայն  այդ սիրո մեջ ընդհանուր մի բան  կա՝ հոգածությունն է: Երկու դեպքում էլ սերը վերածվում է պաշտպանության ու հոգածության, որ սիրելին խաղաղ, ապահով ու անվտանգ լինի: Եվ հետաքրքիր մի բան էլ  կա, սիրելի մարդու կողքին ու սիրելի քաղաքում այնքան էլ չես զգում այդ սերը, ավելի  ճիշտ այն  ընկալում ես որպես բնականոն  մի վիճակ և անսերը չես էլ պատկերացնում:

Օրեր առաջ Երևանի կամերային թատրոնում մի ներկայացում դիտեցի՝ «Սիրո խոստովանություն», որ տակնուվրա արեց Երևանը սիրելու իմ աշխարհը: Ու ամեն  ինչ սկսվեց նրանից, որ առաջարկվեց քաղաքից ընդմիշտ հեռանալուց առաջ, վերջին երկու  ժամում ամփոփել իմ ու յուրաքանչյուրի բաժին Երևանը: Պատկերացրեք՝ Կամերային թատրոնի փոքր ու հարմարավետ դահլիճը, որտեղ ոչ միայն բոլոր նստատեղերն էին զբաղված, այլև աստիճաններն ու նստելու  հնարավոր բոլոր տեղերը, և ընդամենը հինգ դերասանի  խաղ, որ առաջին  իսկ րոպեներից դահլիճ ու բեմ  իրար ձուլեց,  ինչպես և լինում է սովորաբար այս թատրոնում:

Թատրոնն օրեր առաջ իր սիրված դերասաններից մեկին էր կորցրել՝ Գեորգի Ամիրաղյանին: Ներկայացումը նվիրվեց նրա հիշատակին, լռության ու հարգանքի տուրքին դահլիճը միակամ միացավ: Իսկ երբ  ներկայացումը սկսվեց,  կարողացան շատ արագ կորստյան դառնությունը փոխարինել ներկայացման տրամադրությամբ:

Այստեղ շատ կարծրատիպեր են կոտրվում. բեմական  խոսքից սկսած, որ այնքան  բեմական է, որ թվում է՝ բեմական  չէ բնավ,  յուրաքանչյուրի խաղն ու դիմախաղը սեր էին  ճառագում Երևանի ու միմյանց հանդեպ:

Նայում ու դա էի մտածում,  ինչու գոնե  քաղաքի տոներին հենց այսպիսին չեն  լինում սիրո ներկայացումները՝ տաք, լուսավոր, գունեղ ու անմիջական: Այստեղ էլ են Էրեբունի-Երևանից խոսում, բայց ոչ վերամբարձ նոտաներով: Եվ անգամ մեր հայկական  համով սնապարծությունը կար՝ սիրուն  ծիծաղով, թեթև սարկազմով: Էն որ ասում ենք՝ մեր  հարևաններն ուր էին, որ մենք…, էլ չասեմ՝ եվրոպաներն ու ամերիկաները:

Այս ներկայացման  մեջ Մասիս էլ կա, բայց առանց ՝ պարտադիր կուտակայինի. հենց հատակին են նկարում, Մասիս, սիրտ, սեր ու քեզ էլ գամում բեմին, հետո արդեն՝ թատրոնից դուրս գալուց հետո,  հասկանում ես, որ քեզ մի նոր թելով էլ են քաղաքին  կապել:

Պաթոսը սիրո թշնամին է, որտեղ այն երևում է, հողմի պես փոշի է ցանում: Այս ներկայացման մեջ գրեթե պաթոս չկար, բայց կար  շատ զգայուն տեքստ՝ քաղաքի ու իր մարդկանց, սիրելի անկյունների մասին:

Երաժշտական այս թատրոնում երաժշտությունն էլ համուհոտով է մատուցվում. Երևանին նվիրված սիրուն երգերի պատառիկները  տաղանդավոր դերասանների կատարմամբ ստիպում էին դահլիճին ամբողջ ընթացքում ձայնակցել, իսկ ծափերը հնչում էին ներկայացման ամբողջ ընթացքում՝ կարճատև դադարներով:

Լրագրողիս անչափ ուրախացրեց նաև դահլիճի տարիքային բազմազանությունը՝ երեխաներից, ուսանողներից մինչև  ալեհեր տատիկ-պապիկներ: Լավ է, որ մշակութային կյանքն այսքան ակտիվ է, լավ է, որ Երևան կա, ու մենք էլ կանք՝ այս քաղաքում։

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register