ԽՄԲԱԳՐԱԿԱՆ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

4

«Առողջություն» բառը մեր բառապաշարում հաճախ է կիրառվում բարեմաղթանքի տեսքով: Եվ ամեն քայլափոխին առողջության կարևորությունը շեշտելով, թվում է, թե պիտի ավելի հոգատար լինենք մեր անձի նկատմամբ. եթե մի բառ-մաղթանք այսքան կիրառելի է, ուրեմն իսկապես մեծ նշանակություն ունի ու չգրված կանոն պիտի որ լիներ նրան հետևելը: Բայց արի ու տես,որ բառերն այս դեպքում գործողություն չեն դառնում:

Շաբաթվա  հերթական աշխատանքային օրն էր, «Ճամփորդի» խմբագրությունում զբաղված էի իմ գործերով, ու մեկ էլ հանկարծ հայտնվում եմ հիվանդանոցում: Ու ստիպված եմ  հոդվածիս մտքերը հենց այստեղից շարադրել հիմա:

Ինչ խոսք, պետք է անկեղծանամ ու նշեմ, որ բնավորության այս գծով ես ամենաիսկական հայ եմ. ուշադրություն չեմ դարձնում ինչ-ինչ խնդիրներին, մտածում եմ.«Դե լավ, հետո ժամանակ կլինի, կզբաղվեմ, հաստատ լուրջ բան չկա, անհանգստանալ պետք չէ»: Հիմա՝ հիվանդանոցում պառկած հետ եմ նայում ու հասկանում, որ այսօրվա հետազոտությունը վաղվան թողնելով հասցրել եմ գլորել ուղիղ տասը տարի: Այո, այդքան երկար ժամանակ աչք եմ փակել, ստից-մտից բուժվել, բայց համակարգված կազդուրման հերթը չի հասել: Հենց այդ պատճառով  էլ հայտնվեցի հիվանդանոցում: Ու հիմա «հայավարի» հետ եմ նայում ու մտածում, որ  ժամանակին էր պետք զբաղվել, որ հիմա չհասնեի այստեղ: Բայց կարևոր է, որ սխալն ուղղվող է, առիթն էլ՝  խորհելու նյութ:

Խնդրի բախվելիս ենք միայն հասկանում, որ նոր գիտելիքի, ինտելեկտի ետևից գնալիս հաճախ ենք մոռանում մեր մարմնի մասին: Ու չնայած նրան, որ ինքս նաև  սպորտային մարդ եմ, սիրում եմ ակտիվ հանգիստ, մեկ է, չեմ զլանում մեղքեր գործել անձիս նկատմամբ՝ ինչպես մեզանից շատերը: Բայց կարծում եմ, որ այդպես երկար շարունակել չի կարելի: Հետահայաց հասկանում եմ՝ սնվելով գիտելիքով ու հոգեղեն արժեքներով, չպիտի մոռանանք, որ այդ երկուսն էլ «կաղապարված» են մեր արտաքինի մեջ, հետևաբար ավելի քան ճիշտ է «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» ասացվածքը:

Մենք ինչպես որ քայլ առ քայլ մեր մտքերի, գիտակցության վրա ենք աշխատում, նույնկերպ էլ, փոքր քայլերով մեր մարմինը պիտի կերտենք, էներգիայի ու ոգու պաշար ամբարելով մեր ներսում: Գիտեմ, որ բժշկական հետազոտությունները թանկ են, հաճախ կարծում եք, որ իմաստ չունի փոքր գանգատի համար գումար ծախսել, որովհետև այն կարելի է ավելի  խելամիտ օգտագործել… Իրականում,սակայն,  ամենագիտակիցը հենց առողջության պահպանումն է:

Հիշենք, որ միայն առողջ և նպատակասլաց մարդն է կարողանում հաստատուն գնալ իր երազանքի ճանապարհով. դեպի նպատակ ու ավելի բարելավված վաղվա օր:  Դեպի ներքին խաղաղություն ու ձգտումներ:

Մի խնայեք գումարը, եթե խոսքը վերաբերում է առողջությանը: Որովհետև հենց նույն առողջ մարմինն է ձեր երջանկության երաշխավորը, ձեր  մշտական ուղեկիցը: Ի՞նչ արժեք ունեն ձեր հաջողությունները, եթե  որևէ խնդիր անընդհատ կսմթում է ձեզ և բարդացել է հենց ձեր թույլտվությամբ: Մինչդեռ ցանկացած խնդիր սկզբնական շրջանում լուծելի է. հիշենք ու պահանջկոտ լինենք ինքներս մեր նկատմամբ. սա կարևոր է հատկապես կանանց դեպքում, որովհետև ընտանիքի կինը, մայրը պետք է առողջ լինի, որպեսզի առողջ սերունդ մեծացնի և ընտանիքն էլ առողջությամբ շնչի:

Իսկ առողջության հետ խաղալ հաստատ պետք չէ, ռիսկը մեծ է ու չարդարացված: Երբ դուք առողջ եք, առողջ են նաև ձեր մտքերն ու նպատակները, քայլերն՝ ավելի հաստատուն: Հիշեք, թե ամենասովորական ատամնացավից  անգամ ինչպես են խամրում կյանքի գույները:

Կյանքի բոլոր կետերից ավելի առաջ պիտի լինի առողջությունը: Բոլոր քայլերը, նպատակները պիտի  ուղղորդված հենց իր կողմ տանեն: Կենսակերպը, տրամադրությունը, մտքերն ու քայլերը: Երբ այս ամենը կա, հաճախ առանձին ուշադրություն մեր ինքնազգացողությունը մեզնից չի էլ պահանջում: Իսկ երբ ինքներս ենք սկսում ներսից մեզ մաշել, առանց «վառելիք» ավելացնելու, մեր պահուստը վաղաժամ ենք սպառում:

Անչափ կարևոր է  առանց մեծ ու վատ սթրեսների ապրելը: Դրանք դրական, թե բացասական, լինում են մեր կյանքում: Ինչքան կարող ենք, խուսափենք վատ էմոցիաներից, նեգատիվ դաշտերից, լինենք երջանիկ ու վայելենք մեր գեղեցիկ կյանքը: Այս բանաձևը բոլորինս է, մերը դարձնենք, մեզնով անենք:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բժշկական անձնակազմին՝ իմ նկատմամբ ցուցաբերած շատ հոգատար ու սիրալիր վերաբերմունքի համար: Նաև պրոֆեսիոնալիզմի, որի օգնությամբ ես շատ արագ սկսեցի ինձ ավելի լավ զգալ:

Անչափ  շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք այս օրերին սրտացավ են ու ինձ հետ են: Ես Հայաստանում չունեմ բարեկամներ, բայց տպավորություն ունեմ, թե Հայաստանի ամբողջ տարածքով նոր հարազատների եմ գտել: Եվ, իհարկե, ինձ տեսության է շտապել իմ երկրորդ մայրը Հայաստանում՝ Լևոնի մայրիկը: Նրա օգնությամբ ես ավելի արագ կհաղթահարեմ այս փորձությունը:

Օրական տասնյակ զանգեր եմ ստանում: Ոմանք անգամ խմբագրություն են զանգահարում՝ մաղթելով ինձ առողջություն ու արագ ապաքինում: Ինձ փոխանցում են ձեր ջերմ խոսքերը հատիկ-հատիկ, դրանք ինձ ուժ են տալիս ու ստիպում ժպտալ: Ես իմ մաշկի վրա զգացի հայկական մեկ այլ սովորույթի՝  հիվանդին ջերմ մաղթանքների հետ նաև համեղ կերակրելու բարերար ներգործությունը: Դարակներս ու սիրտս լիքն են ձեր  հասցրած գայթակղիչ ուտեստներով ու սիրով, ինչի համար անչափ շնորհակալ եմ : Եթե ինձ ամեն ջերմ խոսքի, զանգի ու այցելության  համար մեկ դոլար տային, ես կգերազանցեի բոլոր միլիարդատերերի  կարողությունները՝ միասին վերցված: Ձեր սերը լավագույն դեղահաբն  ու սպեղանին է ինձ համար: Շատ շուտով ոտքի կկանգնեմ:

Առողջ լինենք:

 

Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register