«ՊՍՏՈ, ԱՐԻ՛ ԽԱՂԱՆՔ»

1

Օրերս «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Stand up նախագծի անդամ և «Դե» խաղերի ստեղծման նախաձեռնության հեղինակ Հայկ Մկրտչյանի «Պստո, արի՛ խաղանք» խորագրով ինտելեկտուալ խաղերի շնորհանդեսը։ Մինչ Հայկը հանդես կգար ողջույնի խոսքով, պստոներն արդեն առանձին անկյուններում եռուզեռի մեջ էին, իսկ ծնողները կարող էին հանգիստ հետևել բացման արարողությանը։ Սկզբում Հայկը ներկայացրեց խաղերի ստեղծման պատմությունը, մամաներին և պապաներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ միավորելու նպատակը և նշեց, որ խաղերը Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորման են անցել և կարող են արդեն օգտագործվել որպես ուսումնաօժանդակ նյութեր նաև դասապրոցեսների ժամանակ, որից հետո ներկայացրեց խաղերի ընդհանուր բնույթը.

«Փոքրատառ»

Նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար: Խաղի միջոցով երեխաները սովորում են հայոց այբուբենը, զանազանում պատկերները և դրանց անվանումները։ Խաղը ներառում է 18 խորանարդ, 150 խաղաքարտ, ավազի ժամացույց ու կանոնների գրքույկ։ Այն միաժամանակ 5 տարբեր խաղեր է առաջարկում, քանի որ կիրառության այլ եղանկաներ ևս ունի:

«Դե խաղա, պստո»

Ուղղված է ընտանեկան ուրախ մթնոլորտի ապահովմանը, արդյունավետ ծնողավարմանը, առաջին հայալեզու ընտանեկան խաղն է։ Մշակված է 30-ից ավելի մանկավարժների, հոգեբանների, լոգոպեդների կողմից։

«3 ույու 4»

Մաթեմատիկական խաղ է, որն ունի բարդության 4 մակարդակ և խաղալու 5 տարբերակ։ Խաղը թվերի, հաշվարկների, լարված նյարդերի, հաղթելու մեծ ցանկության և միտքը մարզելու մասին է։ Այն իր մեխանիզմով նորություն է։

2

Այնուհետև խոսքը փոխանցեց ՀՀ-ի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանին, ով հատկապես արժևորեց վիրտուալ իրականությունից դուրս երեխաների համար այլընտրանք ձևավորելու մշակույթը և հորդորեց շարունակել, թևաթափ չլինել ու կատարելագործվել։ Խոսնակների թվում էին նաև հոգեբան Մարի Ամիրխանյանը, Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ, ֆեյսբուքյան հարթակում ակտիվ մայրիկ Լյուսի Քոչարյանը և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը։ Լյուսի Քոչարյանը բարձրաձայնեց երեխաների՝ ուշ խոսելու խնդրի մասին, և նշեց, որ խաղերը հնարավորություն են տալիս ձևավորել փոքրիկների խոսքը։

Տիկին Ասատրյանը կարևորեց ոչ ֆորմալ կրթության ձևավորումը, ասաց, որ իրենք էլ են աշխատանքներ տանում այդ ուղղությամբ և նման գաղափարներով երիտասարդներին աջակցելու նպատակով իրականացվում են դրամաշնորհային ծրագրեր։ Ընդհանուր նպատակը մեկն է՝ խաղը դարձնել ոչ ֆորմալ կրթության համար կարևորագույն գործիք։ Հոգեբան Մարի Ամիրխանյանն ընդգծեց, որ խաղերն օգնում են ծնողներին՝ երեխային որպես անձ ճանաչել, երեխաների մեջ ձևավորում համագործակցելու և կանոններին հետևելու կարողություն, ինչպես նաև սովորեցնում կարողանալ պարտվել։

Միջոցառման պաշտոնական մասից հետո գրատանն աշխույժ մթնոլորտ էր։ Այն բաժաված էր «խաղային գոտիների», որտեղ երեխաները հնարավորություն ունեին փորձարկելու  նոր խաղերը, շփվելու, ինքնադրսևորվելու և իհարկե՝ մրցանակներ ստանալու, որոնք ևս խաղերի տեսքով էին։ Խաղերի ներկայացումն ու երեխաներին ներգրավվելու գործը վստահված էր շնորհանդեսի «մեգակամավորներին»։ Պստոների համար ամեն ինչ հիանալի էր. փուչիկներ, նկարվելու համար նախատեսված գեղեցիկ անկյուն, անակնկալներ, լիքը խաղընկերներ։ Ծնողներն էլ ժամանակ չէին կորցնում՝ ծանոթանալով և կիսվելով իրենց տպավորություններով։ Վերջում խոսեցի Հայկի հետ և իմացա նաև նրա տպավորությունների մասին.

– Կոպիտ օրինակով՝ ոնց որ դու քո սեփական երեխաներին հանձնես հասարակությանն ու ասես՝ գնա՛, ապրիր։ Սա մեր ընդհանուր գաղափարն է եղել ու շատ պարտավորեցնող էր։ Ես ինքս էլ սպասում եմ՝ ամեն ինչ հանդարտվի, որ սկսեմ կարծիքներ հավաքել, թե ինչն էր լավ և ինչը՝ վատ։ Հետո նախատեսում ենք այս ամենը զարգացնել, արտահանել, ուրիշ խաղեր մշակել, վերլուծել և հասկանալ, սովորել մեր սխալների վրա։ Հիմա կենտրոնացած ենք պստոների վրա, հետո միգուցե դասարան առ դասարան բարձրանանք։

Աննա Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register