ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ

mandat

Ի՞նչ գիտենք մենք՝ քաղաքական կուսակցությունների մասին: Եթե հակիրճ, ապա գիտենք, որ նրանք հիմնականում բաժանվում են իշխանական կամ ընդդիմադիր ճամբարների, գիտենք նաև, որ լինում են խորհրդարան անցած կամ դուրս մնացած, երկարակյաց կամ նորելուկ, անվանափոխված կամ որ ընդունված է ասել՝ «քաղաքական առնետավազքում» հմտացած կուսակցություններ: Իսկ իրականում՝ կուսակցության գաղափարախոսությունն է իր շուրջը ժողովում մարդկանց, որոնք հավակնություն ունեն ներկայացնելու ժողովրդին, ընդունելու բոլորիս համար կարևոր որոշումներ, մասնակցելու ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանը:
Պարզվում է, որ կուսակցությունների գործունեության ու գոյատևման վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունները թերատ են: Մենք սովոր ենք ընտրությունների ժամանակ տեսնել թեկնածուների հսկայածավալ պաստառները, ամեն քայլափոխի հանդիպող գովազդային վահանակները: Այս հոլովույթում իբրև իրերի տրամաբանական շարունակություն են դիտարկվում նաև քարոզարշավներին ուղեկցող համերգներն ու մարզային այցելությունները: Բազմաթիվ գրասենյակների վարձակալական ծախսերն ու հանրահավաքներ կազմակերպելը շոշափելի գումարներ են պահանջում: Ուրեմն, հարց է առաջանում`որտեղի՞ց են կուսակցությունները գումար հայթայթում: Գուցե շատերի համար անակնկալ լինի, բայց խորհրդարանական ընտրություններում 3 տոկոսից ավել ձայն հավաքած կուսակցությունները ֆինանսական աջակցություն են ստանում պետությունից: Ժողովրդավարական երկրներում կիրառվող այս պրակտիկան միտված է քաղաքական դաշտի կայացմանը, ազատ մրցակցության ապահովմանն ու անհատների խոշոր ֆինանսավորումից կախում չունենալուց կուսակցությունների ապահովագրմանը: Սակայն, ի տարբերություն այլ երկրների, հատկացվող գումարը մեզ մոտ այնքան էլ մեծ չէ, ինչպես ասում են՝ «դրանով չես ապրի»: Կուսակցությունների մասին օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,04-ապատիկի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից»:
Փորձենք գլուխ հանել այս կետից: Այսպես, օրենսգրքում որպես նվազագույն աշխատավարձ սահմանված է 1000 դրամը: Ապրիլի 2-ին կայացած ընտրություններում ցուցակներում ընդգրկված էր 2.585.134 ընտրող: Այսինքն ստացվում է, որ կուսակցություններին տրվող ընդհանուր գումարը` 0.04*1000*2585134=103.405.360 դրամ է: Ուրեմն` 3.72 տոկոս ձայն ստացած «Հայկական վերածնունդը», թեև խորհրդարան չի անցել, բայց տարեկան պետբյուջեից ստանալու է մոտ 3 միլիոն 8 հարյուր հազար դրամ: «ԵԼՔ»-ը ընտրություններում ստացել է ստացել է ձայների 7.78 տոկոսը: Հետևաբար՝ տարեկան պետբյուջեից այս դաշինքին փոխանցվելու է մոտ 8 միլիոն դրամ: «Ծառուկյան դաշինքը» ստանալու է 28,իսկ «Հանրապետական» կուսակցությունը` 50 միլիոն դրամ գումար: Ընդդիմադիր քաղաքական գործիչները նշում են, որ հատկացվող գումարն ամենևին էլ բավարար չէ ծախսերը հոգալու համար: Հատկապես դաշինքների դեպքում` հատկացվող գումարը հավասարապես բաժանվում է կուսակցությունների միջև` էլ ավելի փոքրացնելով յուրաքանչուր կուսակցությանը բաժին հասնող գումարի չափը:
Կուսակցությունների ֆինանսավորման տարածված և հայտնի միջոց է անհատների, կազմակերպությունների նվիրատվությունները, որոնց մասով ևս կան սահմանափակումներ և բացառություններ: Մեկ տարվա ընթացքում կուսակցությանը տրվող նվիրատվությունը՝ մեկ առևտրային կազմակերպության կողմից չի կարող գերազանցել 10.000.000 դրամը: Մեկ ոչ առևտրային կազմակերպության կողմից հատկացվելիք գումարը չի կարող գերազանցել 1.000.000 դրամը և 10.000.000 դրամը` մեկ ֆիզիկական անձի կողմից: Առհասարակ` նվիրատվությունների գումարային չափը մեկ տարվա ընթացքում չպետք է գերազանցի մեկ միլիարդ դրամը: Միևնույն ժամանակ նվիրատվություններ չեն թույլատրվում`բարեգործական կամ կրոնական կազմակերպություններից, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացիություն չունեցող անձանցից, անանուն անձանցից: Եթե կուսակցությունը ստանում է վերը նշված սահմանները գերազանցող նվիրատվություն, ապա գերազանցող մասը պետք է փոխանցի պետական բյուջե: Նույնը վերաբերվում է նաև չթույլատրվող նվիրատվություններին: Ըստ նույն հոդվածի 8-րդ կետի` մեկ միլիոն դրամը գերազանցող դրամական հատկացումները կատարվում են անկանխիկ:
Կուսակցությունների ֆինանսավորման երրորդ եղանակը` անդամավճարներն են: Կուսակցության շարքերում գտնվող մարդիկ պարբերաբար վճարում են ներքին կանոնադրությամբ սահմանված որոշակի գումար: Բնականաբար, միայն անդամավճարներով կուսակցությունները չեն կարող մրցունակ լինել:
Կուսակցությունների ծախսերը կտրուկ աճում են քարոզարշավի մեկնարկից առաջ: Քաղաքական ուժերը նախընտրական հիմնադրամների հաշվին են փոխանցում որոշակի գումար, որը նախատեսում են տնօրինել քարոզարշավի ընթացքում: Այս հիմնադրամների աշխատանքին հետևում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, որը վերահսկողություն է իրականացնում կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ: Այս կառույցը քարոզարշավի ընթացքում պարբերաբար` 3 աշխատանքային օրը մեկ, ստանում է համապատասխան տեղեկություններ, նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Այս հաշվետվությունները տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2003-2013 թվականներին կենտրոնը ակտիվորեն հետազոտել է քարոզարշավի ընթացքում ներկայացվող ֆինանսական փաստաթղթերը, սակայն վերջին տարիներին դադարել է այդ տեսակ մոնիտորինգից:
« 2011 թվականի և այժմ էլ` 2016 թվականի Ընտրական օրենսգրքով մի շարք կետեր փոփոխությունների են ենթարկվել, ինչի արդյունքում հնարավոր չէ քարոզարշավի շրջանում կուսակցությունների կատարած ծախսերի վերաբերյալ լուրջ հետազոտություն իրականացնել: Օրինակ` հնարավորություն է տրվում հաշվետվություններում չներառել բենզինին, տրանսպորտային միջոցներին վերաբերող ծախսերը, ստվերային ծախսերը թաքցնելու բազմաթիվ այլ եղանակներ ևս կան: Ստանում ենք մի քանի անհայտով հավասարում: Կարծում եմ, որ այս գործընթացը շատ ավելի թափանցիկ պետք է լինի»,- ասելիքն ամփոփեց Վարուժան Հոկտանյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը տեղադրել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամների վերաբերյալ տեղեկատվություն: Ինչպես կայքում է նշված` ապրիլի 19-ի դրությամբ` «Ելք» դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ մուտք չեն ունեցել, իսկ «Հանրապետական» կուսակցությունը հատկացրել է 10 միլիոն դրամ, որից 8 միլիոն 230 հազար դրամը` հանվել է հիմնադրամի հաշվից:
Համեմատելով Երևանի ավագանու նախորդ` 2013 թվականի մայիսին կայացած ընտրությունների հետ, նույն «Հանրապետական» կուսակցության նախընտրական հիմնադրամին փոխանցվել էր 75 միլիոն դրամ, որի մեծ մասը քարոզարշավի ժամանակ ծախսվել էր: Այդ ընտրություններին 70 միլիոն դրամ էր փոխանցվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաշվին: «Բարև Երևան» դաշինքի դեպքում այդ թիվը կազմում էր 7 միլիոն,«Հայ Ազգային Կոնգրեսի» դեպքում` 29 միլիոն, ՀՅԴ-ի պարագայում 5 միլիոն, «Օրինաց երկիր» կուսակցության դեպքում 3 միլիոն դրամ:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register