ՈՐՔԱ՞Ն Է ՀԱՐԿԱՎՈՐ  ՇՈՒՆՉԸ ՉՓՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂ

Նյութապաշտ չեմ, բայց վաղուց հասկացել եմ, որ փողը  շատ չի լինում, մանավանդ՝  սեփական աշխատանքով վաստակածը: Իսկ երբ երկրի բյուջեն է աղքատիկ, փողի քչությունը սեփական մաշկի վրա զգում է հասարակության ճնշող, ես կասեի՝ ճնշված ու մեծաթիվ հատվածը, որը ստիպված է ապրել նվազագույն միջոցներով:  Իսկ ինչ է իրենից ներկայացնում սպառողական նվազագույն զամբյուղը, ինչ է այն պարունակում: Տեսնենք, թե այս մասին ինչ է ասում Ազգային վիճակագրական  ծառայությունը:

2017  թվականի  առաջին եռամսյակում  մեր  հանրապետությունում նվազագույն  սպառողական  զամբյուղի արժեքը, միջին ընթացիկ գներով, կազմել է  մեկ   մարդու   համար  56 հազար 918.7 դրամ՝ ամսական կտրվածքով, և  683  հազար 24.6 դրամ՝   տարեկան կտրվածքով: Նշենք, որ սպառողական  զամբյուղը մարդու առողջության պահպանման  և կենսագործունեության  ապահովման համար  անհրաժեշտ   սննդամթերքի, ոչ պարենային  ապրանքների ու ծառայությունների  հիմնավորված  նորմերով  և  նորմատիվներով սահմանված  նվազագույն քանակն է:

Պաշտոնական վիճակագրությունը  սահմանում է նաև սպառողական զամբյուղում  ներառված     պարենային  զամբյուղի  չափը,որը, նույն եռամսյակում կազմել է 32 հազար 157.5 դրամ՝ ամսական կտրվածքով, և 385 հազար 889.6 դրամ՝ տարեկան կտրվածքով: Մասնավորապես, պարենային զամբյուղի համար դիտարկվել է, թե մեկ  չափահաս մարդուն  ամսական նվազագույնը որքան սնունդ  է հարկավոր. օրական կազմը՝   հացամթերք, տավարի միս, կաթ, կաթնաշոռ, կենդանական  և բուսական յուղ, պանիր, կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, շաքար, կես ձու, ձուկ, մարգարին:

Կարծես թե այնքան էլ վատ չէ, սակայն եթե դիտարկում  ենք  զբաղվածության մակարդակը, պարզ է դառնում, որ շատ  ընտանիքներում աշխատողը հաճախ մեկն է լինում, որի վաստակը  4 հոգանոց և ավելի անդամներով  ընտանիքում  չի  բավականացնում անգամ  սննդի նվազագույն ծախսերին:  Նույն վիճակագիրները  հաշվել են նաև, որ, հագուստի ու կենցաղային այլ կարիքների համար նվազագույնն անհրաժեշտ է սննդամթերքի վրա ծախսվող գումարի 77%-ը: Այս համեստ  հաշվարկներն իրականությունից  շատ  հեռու են, քանի որ նվազագույն աշխատավարձը մեր երկրում 55 հազ. դրամ է, միջին աշխատավարձը ևս շատ չէ, իսկ նվազագույն  կենսաթոշակը 16 հազար դրամ է: Եվ եթե աշխատունակ  տարիքում   ինչ-որ կերպ  անապահով  ընտանիքները գոյատևում  են, ապա շատ ավելի տխուր վիճակում  են թոշակառուները, որոնք  նվազագույն ծախսերի  շրջանակում  հաճախ նաև բուժման ու դեղորայքի կարիք են ունենում:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ոչ պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականի հունիսի վերջին արդեն նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 51.200 դրամ: Միջին կենսաթոշակը ընդգրկում է դրա միայն 75 տոկոսը: Պատկերը շատ ավելի տխուր կլինի տարվա վերջին եռամսյակում. թանկացումների ալիք է սկսվել, որն ակնհայտ կշարունակվի մինչև  Ամանոր: Տոն, որ շատերի համար իրապես նոր հոգսերի դուռ է բացում, որովհետև անգամ ամենահամեստ տոնական սեղանը տասնյակ  հազարավոր դրամներ արժե, որը թոշակառուին կզրկի հաջորդ ամսվա նվազագույն ծախսերից: Էլ չասեմ  կոմունալ վճարումները, որ բնակարանում նվազագույն տաքություն ապահովելու  համար հաճախ ամսվա եկամտի չափն են  գերազանցում:

Ահա այսպիսի տխուր խոհեր ստացվեցին նվազագույնի մասին, ու ստացվում է, որ մարդը մեր երկրում ապրում է ուտելու համար: Այն պարզ պատճառով, որ սննդի ծախսից հետո ընտանեկան բյուջեում հաճախ գումար չի մնում կյանքի հաճույքների համար. զբոսանք, ժամանցի վայրեր, մշակութային հաստատություններ այցելելը ևս թանկ հաճույք է դիտարկվում, երբ ընտանիքի բյուջեն սուղ է, երկրի բյուջեի պես:

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register