Ո՞ՐՆ Է ՁԵՐ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ

3

Արտասահմանյան հայտնի խոսք կա. «Մի՛ շպրտեք քարեր ապակե տների վրա»:  Մարդկանց  քննադատելուց ու դատելուց ավելի հեշտ ոչինչ չկա: Շատ ավելի դյուրին է քննադատել մարդկանց խմբի, անգամ նրանց, որոնք քեզնից ավելի  հզոր ու կարող են, քանի որ հաճախ մեր բառերի համար պատասխանատվություն չենք կրում: Չգիտեմ՝ ինչու է այդպես, բայց սա ճշմարտություն է:

Եթե դու կիսում ես մեծամասնության կարծիքը, ապա հեշտ ես հարձակվում փոքրամասնության վրա, բայց հաճախ շատերին միանալ ստիպում է ոչ թե գաղափարը, այլ հասարակ «նորաձևությունը», որը վերաբերում է ոչ միայն հագուստին, այլ նախևառաջ մտածելակերպին: Ես մնում եմ այն համոզմանը, որ ինքնությունը գտնելուն, ինքնության ճանաչմանը կոչված  քաղաքական ու կրոնական հայացքները շատ հաճախ հիմնովին ընկալված չեն, կրում են ձևական բնույթ ու շատերը դրանց հետևում են սոսկ այն պատճառով, քանի որ վախենում են տարբերվել հասարակությունից ու, հետևաբար, արժանանալ նրա հանդիմանությանը:

Կեղծիքն օդի պես պարուրում է մեզ: Յուրաքանչյուրիս շրջապատում էլ կան ծանոթ մարդիկ, որոնք ցանկանալով երևալ ավելի կիրթ ու «բարձրաշխարհիկ», նշում են, օրինակ, որ սիրում են Խաչատրյան ու Կոմիտաս լսել՝ իրականում երբևէ լսած չլինելով, էլ ուր մնաց՝ սիրեն:  Գրական բարձրաճաշակությունն ընդգծելու  համար նշում են, որ ռուս դասականներին են կարդում՝ Գոգոլ, Տոլստոյ, Դոստոևսկի, Դովլաթով, երբ իրականում, թվարկած հեղինակների գրքերը լավագույն դեպքում ուղղակի թերթել են: Առօրյա այս օրինակներում  հրաշալի երևում է գլոբալ խնդիրը: Կեղծելով առօրյան, կեղծում ենք նաև հավատքը, բարոյական նորմերը, մտածելակերպն ու աշխարհայացքը:

Մենք պետք է վերջ տանք երկերեսանիությանը:  Ո՞րն է ձեր իրական կրոնական դեմքը: Կաթոլի՞կ եք, առաքելակա՞ն, գուցե մուսուլման կամ աթեի՞ստ: Իսկ քաղաքակա՞նը: Հանրապետակա՞ն եք, դեմոկրա՞տ, միգուցե դաշնա՞կ…Ո՞րն է ձեր ընդհանրական-իրական դեմքը: Պատասխանելով այս հարցերին նախ մտածեք՝ ինչ եք ուզում, հետո նոր որոշեք, թե որն է նորաձև:

Ու եկեք նաև չքննադատենք ու չմեղադրենք: Որովհետև ինքներս մեզ վերծանելով կտեսնենք, որ մենք հաճախ երկերեսանության ենք դիմում, որ մենք նույնպես խճճվում ենք գաղափարական  մացառուտներում ու ժամանակ է հարկավոր՝ սուբյեկտիվորեն ճիշտ ուղին գտնելու համար: Եկեք մեզ ու դիմացիններին ժամանակ տանք սեփական դեմքը կերտելու, հարցերին անկեղծորեն պատասխանելու համար: Եվ նաև ներենք ինքներս մեզ ու դիմացիններին՝ եղած ու լինելիք սխալների համար: Քննադատելը հեշտ է, սեփական  անձը կեղծելն՝ առավել ևս: Եկեք բարդ ճանապարհով գնանք…

 

Սիրով` ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register