«Ո՛Չ»՝ ԵՐՋԱՆԿՈւԹՅԱՆԸ

ariana

Գրեթե ամեն օր մենք տասնյակ հոդվածների ու տեսանյութերի ենք հանդիպում, որոնք հուշում են՝ ինչպես երջանիկ լինել, որտեղ փնտրել ու գտնել երջանկությունը, ինչպես վերագտնել այն։ Իրականում, սակայն, կյանքի փորձը վկայում է, որ երջանկության փնտրտուքը մարդկանց ստիպում է զբաղվել ինքնախաբեությամբ և ինչն ավելի անբնական է՝ ամաչել իրենց կրած տառապանքներից։

Որպեսզի կյանքը խորություն և իմաստ ունենա, ցավոտ վերքերը նույնպես անհրաժեշտ են: Ու որքան էլ փորձենք «մոռացության» տալ այդ մասին միտքը, մեկ է՝ այն կա  և ունի իր որոշակի իմաստն ու նշանակությունը։

Եթե երջանկությունն է քո միակ նպատակը, ապա քո կյանքը մակերեսային կլինի, և տառապանքի առաջին իսկ նշույլի ի հայտ գալու դեպքում՝ այն միանգամից կփլուզվի․սա անխուսափելի է։ Անխուսափելի է, որովհետև հիասթափությունը, ցավն ու կորուստները նույնքան բնական են, որքան և երջանիկ լինելը։

Ես սկզբունքորեն դեմ եմ երջանիկ լինելու  քարոզին։ Ըստ իս՝ «կյանքի իմաստը երջանիկ լինելու մեջ է» համոզման կողմնակիցները մոլորության մեջ են, հեռու իրական կյանքից, նրա առաջադրած լրջագույն խնդիրներից։ Երջանկության բուն իմաստին մարդը հասու է դառնում՝ իրականության հասցրած առաջին դաժան հարվածից հետո միայն։ Կյանքում կլինեն դեպքեր, երբ երջանկության սպասումը ձեզ կստիպի հայտնվել բացարձակապես սխալ հոգեբանական վիճակում: Դա կխանգարի պատրաստ լինել նրան, ինչ պետք է արվի տվյալ իրավիճակում, ինչը կօգնի լուծել անլուծելի թվացող  հարցերը։ Մարդիկ ստեղծված են մոտիվացիոն և էմոցիոնալ վիճակների  ընդգրկուն շրջանակում հայտնվելու և այդ մասին արտահայտվելու  համար։

Այսպիսով, երբեմն պետք է կարեկից լինել, երբեմն՝ անհանգիստ։ Առողջ ու կայուն մարդը  տիրապետում է հակազդման մի ամբողջ  արսենալի, որը չի կարող համապատասխանել միմիայն մի, ասենք՝ երջանկությունն ընդդեմ դժբախտության գաղափարի: Կյանքն այդքան պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Հնարավոր չէ միշտ երջանիկ և ուրախ լինել, դա մեծապես կխանգարի մեր հոգեկան ու մտավոր աճին։ Կյանքը բարդ է, դրամատիկ ու դժվար։

Հասարակության՝ երջանկությունը՝ որպես մարդկության կատարյալ վիճակ սահմանելու պատկերացման խնդիրն է, որ ստիպում է բազմաթիվ երտասարդների ամաչել սեփական տառապանքից։ Նրանք կարծում են, որ եթե տառապում են և իրենց կյանքն  էլ իր ողջ էությամբ տառապանք են համարում, ուրեմն որևէ բան այնպես չէ հենց իրենց հետ, և սա միանգամից անհնար է դարձնում իրենց սեփական ողբերգության մասին որևէ իրական միտք հաղորդելը։

Եթե դուք մշտապես բավարարված և երջանիկ եք, ոչինչ չի կարող այնպես խորը ազդել ձեզ վրա, որ դուք ինքներդ էլ դառնաք խորը անհատականություն, իսկ կյանքն առանց խորության, իր սահմանմամբ իսկ, մակերեսային  է ու անիմաստ։ Որևէ բան իսկապես կարևոր համարելու համար, պետք է նաև դրա կորուստն իսկապես իմաստալից համարել, իսկ դա նշանակում է, որ դուք պետք է մշտապես  բաց լինեք խորիմաստ փորձառությունների համար։ Սա միաժամանակ նշանակում է նաև, որ դուք բաց պիտի լինեք նաև խորը վերքերի և տառապանքի համար։

Եթե դուք միշտ այդպես եք վարվում և ձեր զգացմունքները ներդնելով ձեր հարաբերություններն ավելի բազմաշերտ եք դարձնում, ապա դա պետք է լինի բնական, այլապես հարաբերությունները չեն կարող իրական լինել։ Դուք կարող եք համեմատել, օրինակ, մերօրյա թեթև երաժշտությունը՝ Բեթհովենի սիմֆոնիաների հետ։ Այնպես չէ, որ սիմֆոնիաներն ավելի երջանիկ են, քան այն թեթև ու դյուրամարս երաժշտությունը, որը նախընտրում ենք միացնել պարելու համար։ Փաստացի, ամեն ինչ ճիշտ հակառակն է, սիմֆոնիաներն ավելի խորն են, ավելի իմաստալից  ու հարուստ, ավելի ընդգրկուն և խոսուն։ Եվ հենց դա է կյանքի իրական փոխաբերությունը․ոչ թե երջանկությունը, այլ խորությունը, տարբերակված որակը և իմաստալիությունն են համապատասխանում տառապանքով ձեռք բերված մտքի խորությանը։ Եվ հավատացեք, ընտրելով աշխարհին իրատեսական աչքերով նայելու որոշումը, մենք կարող ենք շատ ավելի երջանիկ լինել, քան եթե անընդհատ ստենք ինքներս մեզ՝ բղավելով, թե ոչ մի խնդիր չունենք ու ամեն բան հիանալի է։ Երջանիկ կարելի է լինել նաև խնդիրների հետ միասին, անգամ դառը կորուստներից հետո։

Երջանկությունը որոշում է, և այն ավելի գիտակից ու հասուն որոշում է դառնում՝ ամեն խնդիր ու խոչընդոտ հաղթահարելուց հետո։ Ուրեմն մնում է «ոչ» ասել՝ երջանկության բոլոր քարոզներին, չվախենալ սխալներից, ցավից, կորուստներից, քանի որ մենք նախևառաջ ապրում ենք, որպեսզի ստեղծենք ու աճենք։

Սիրով՝ ձեր Արիանա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register