ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ ՔՆՆԱԴԱՏՈւԹՅՈւՆ ՉԷ

2

Եթե փորձենք իրար խառնել սոցցանցային և իրական՝ չակերտավոր քննադատությունները, այսպիսի ընդհանուր միտք կդառնա․ «Հիմա ես քեզ ասում եմ/ քո էջում գրում եմ, որ դու հիմար ես, և դու պետք է համաձայնես, այլապես կստացվի, որ դու քննադատություն չես ընդունում, քանի որ  եթե փորձես հակառակը պնդել՝ կասեմ, որ չես կարողանում հակառակ կարծիք լսել»։

Ի՞նչ տեսք է ունենում հակառակ կարծիքը սոցցանցային մեր իրականությունում․ սովորաբար անխնա ու  վիրավորական։ Իսկ սա ամենևին էլ կապ չունի քննադատության հետ՝ որքան էլ փորձում են վիրավորանքը քննադատությամբ որակել։

Վիրավորանքը քննադատություն չէ, այլ ուղղակի քննադատություն, որին մարդը կարող է և չանդրադառնալ, քանի որ գուցե չի ուզում խառնվել ձեր նեգատիվին, դուք խոսեք՝ դուք պատասխանեք, դուք էլ փչացրեք ձեր օրը, երկրորդ անձին խառնելն անիմաստ է։ Եթե, օրինակ, որևէ հոդվածի մեկնաբանություններում գրում են․ «Այս ինչ հիմար հոդված է», սա քննադատություն չի կարող լինել։ Բայց եթե հոդվածի հեղինակը պատասխանի մեկնաբանությանը՝ նշելով, որ  չի կարծում, թե այն հիմար է, քանի որ ներառում է, ասենք, հավաստի ու ստուգված ինֆորմացիա և այլն,  մեկնաբանության հեղինակը հաստատ կգրի, թե տվյալ լրատվական կայքը կարողանում է միայն դրական խոսքեր լսել իրենց մասին, իսկ բացասականին պատրաստ չէ։

Առհասարակ, ինչո՞ւ ենք մտածում, թե որևէ մեկը պետք է պատրաստ լինի իր մասին վիրավորանք լսելու։ Դա ձեր ընրտրությունն է՝ վիրավորելը, զրպարտելը, դուք եք զայրանում, վատացնում ձեր տրամադրությունը, և դիմացինը պարտավոր չէ ամբողջ նեգատիվն իր վրա վերցնել, եթե չի ուզում։ Ուղղակի պետք է լինել անկեղծ, ասել՝ այս պահին ուզում եմ ինչ-որ մի վատ բան անել, ուզում եմ մեկին վիրավորել, ցավացնել,  ուզում եմ օր փչացնել։ Սա է իրական ցանկությունը, այլ ոչ թե՝ «օբյեկտիվ քննադատությունը»։ Որովհետև օբյեկտիվ քննադատությունը կարող է և ցավոտ չլիներ։

Վերևի հոդվածի օրինակը շարունակենք, եթե հոդվածն ինչ-որ մեկին դուր չի եկել, կարելի է ուղղակի գրել․ «Հարգելի հոդվածագիր, դուք գրել եք այս ու այս հարցերի մասին, բայց, օրինակ, առաջին կետում մոռացել եք այսինչ-այսինչը նշել, գուցե վերանայե՞ք։ Որպես ավարտ էլ առաջարկում եմ ավելացնել այսինչ լուրը։ Նման ձևով հոդվածը թերի է թվում, շատ ուրախ կլինեի տեսնել լրացումները, քանի որ դրանք կօգնեն հոդվածն ավելի ամբողջական պատկերացնել»։ Ահա և վերջ։

Ի՞նչ եք կարծում, ո՞ր տարբերակն ավելի համոզիչ կլինի՝ վիրավորա՞նքը, թե՞ թերություններն ընկերական ու ջերմ տոնով նշելը։ Բնականաբար, երկրորդը։ Որովհետև քննադատությունն ի սկզբանե պետք է միտված լինի մարդուն ավելի լավը դարձնելուն, և ոչ թե՝ ցավացնելուն՝ ինչպես շատերն են անում։

Այսպիսով, ամեն անգամ, երբ այս կամ այն հայտնի մարդուն կամ երևույթը քննադատելիս դրանց տարատեսակ պիտակներ եք փակցնում, հիշեք, որ դա քննադատություն չէ, հասարակ վիրավորանք է։ Քննադատությունը, անգամ ամենակոշտը, նախ մարդուն օգնում է սխալներն ուղղել՝ առաջարկելով մի քանի տարբերակ՝ օրինակ, և հետո՝ միշտ տեղ է թողնում՝ այդ ուղղման համար, չի ոչնչացնում, ոտատակ չի տալիս մարդու կարողությունները։ Համենայն դեպս, դա բացարձակ կապ չունի քննադատություն լսել չկարողանալու հետ ու հակառակ կարծիք չլսելու հետ՝ եթե մարդը չի համաձայնվում ձեր վիրավորանքների ու կոպիտ խոսքի հետ։

Ուզում եք վիրավորել մարդկանց՝ վիրավորեք, բայց մի քողարկեք դա «քննադատություն» բառի տակ, դրանով որակազրկում եք առողջ քննադատությունը, անգամ՝  ձեր վիրավորանքը։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register