«ՎԵՈԼԻԱ ՋՈւՐ»-Ի ՎԵՆԴԵՏԱՆ

1

-Կներեք, ջուր չունենք, էլի կտրել են,-այսօր Կենտրոն վարչական շրջանում ամենաշատ հանդիպած  ու լսած միտքն է։ Եվ ոչ միայն Կենտրոնում, առհասարակ՝ վերջին մի քանի օրում Երևանի տարբեր ծայրամասերից անընդհատ բողոքներ են հնչում՝ ջուր չկա։ Սոցցանցերում էլ վերացական հարցեր են ուղղված «Վեոլիա ջուր» ընկերությանը՝եթե  դուք մեր փոխարեն լինեիք, այսքան երկար կդիմանայի՞ք առանց ջուր։

Հավանաբար, չէին դիմանա։ Եվ իսկապես, ամռան ընթացքում առանց զգուշացումների այսպես երկարաժամկետ առանց ջուր մնալը վտանգավոր է առողջության ու նյարդերի համար։ Բայց արի ու տես, որ կազմակերպությունը մարդկանց հետ հաշվի չի նստում, և անգամ զանգահարել հնարավոր չէ՝ հեռախոսին չեն պատասխանում, որպեսզի լրագրողը փորձի ավելի մանրամասն հասկանալ, թե ինչ վթար է տեղի ունեցել կամ այդ ինչ տեխնիկական աշխատանքներ են, որ մի քանի վարչական շրջանում քանի օր է երկար ժամանակով ջուր չի լինում։ Քաղաքացիների համար գործող թեժ գիծը ևս անհասանելի է, լավագույն դեպքում կրկնում է՝ տեխնիկական աշխատանքներ են։

Եթե հարցնես, կասեն՝ զգուշացրել ենք, խոսում ես ջուր չունեցող տարածքներում ապրող մարդկանց հետ, ասում են՝ չեն զգուշացրել։ Կարող էր խաբել մեկը, երկուսը, բայց երբ համատարած, իրար անծանոթ մարդիկ նշում են, որ իրենց ոչինչ էլ չեն զգուշացրել, պարզ է դառնում, որ, ընկերությունը կամ իսկապես չի զգուշացրել, կամ էլ «կես բերան» է զգուշացրել խնդրի մասին, ասենք՝ տնային համարներին զանգահարելով աշխատանքային ժամերին, երբ մարդիկ, բնականաբար տանը չեն, սա էլ, իրականում, չզգուշացնելու հաշիվ է։ Դե էլ ի՞նչ զգուշացնել, եթե մարդիկ անտեղյակ են։

Մինչդեռ բողոքներից կարելի էր շատ հեշտ ազատվել․ որքան էլ տհաճ է առանց ջուր մնալը, մեկ է, նախօրոք զգուշացնելու դեպքում շատերը կարող էին ջուր հավաքել, և  խնդիրն արդքան շոշափելի չէր զգացվի։ Բայց այսպես մարդիկ փաստի առաջ են կանգնում։  Հենց այդպես․ առավոտյան զարթնում ես՝ հազար ու մի գործ մտադրած, լվացք, լողանալ, ճաշ եփել, մալական կանչել մաքրության համար և այլն։ Տրամադրված մտնում ես խոհանոց կամ լոգասենյակ ու… անակնկալ՝ ջուր չկա։ Չկա ու վերջ։

Իսկ զգուշացնել չէ՞ր կարելի։ Երեկոյան ժամերին զանգահարելով, հեռուստատեսությամբ՝ էլի ոչ աշխատանքային ժամերին ինֆորմացիան հրապարակելով, սոցցանցերում ակտիվ ժամերին գրառումներ տարածելով․․․հազար ու մի տարբերակ կար։ Տարբերակը կար՝ ցանկություն չկար։

Տխուր է, որ մարդիկ պատասխանատվություն չեն կրում իրենց արածների համար։ Մեզ էլ դե ի՞նչ, մնում է սպասել,  մինչև նորից հետ կբերեն մեր ջրերը։

Հ․գ․ Եթե ժամանակին «ջրի նման երկար կյանք ունենաս»-ը օրհնանք էր ու բարի ցանկություն, ապա «Վեոլիա ջրի» հետ ապրելու դարաշրջանում սա շատ ավելի նման է անեծքի։ Մի կտրեք մեր ջրերը, դրանով քար եք գցում հին ու բարի օրհնանքերի վրա։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register