ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՈՒՋԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ

2

Սեպտեմբերի 15-20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ կինոգործիչներ կապրեն և կսնվեն հյուրընկալ գյուղացիների տներում, իսկ Ուջանի դպրոցի դահլիճն ու հրապարակը կդառնան հետաքրքիր կինոցուցադրությունների ու բուռն կինոքննարկումների վայր:

Բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում: Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:

ՓԱՌԱՏՈՆԻ ՆՊԱՏԱԿԸ. «Ծիրանի ծառը»  «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպության նախաձեռնությունն է: Նման կինոփառատոնի գաղափարը ծագել է երկրի մշակութային կյանքն ապակենտրոնացնելու ձգտումից, քանի որ գյուղում և փոքր քաղաքներում ապրող բնակչությունը զրկված է համաշխարհային և նույնիսկ հայրենական արվեստի արդի գործընթացներին մասնակից լինելու հնարավորությունից:

ԲԱՑՈՒՄ 2018. Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ 19:30-ին, Ուջանի Զորավար Անդրանիկի հրապարակում: Բացման ֆիլմը՝ ուկրաինացի ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու «Վագրիչն ու սև քառակուսին», որը պատմում է հայազգի նկարիչ Վագրիչ Բախչանյանի կյանքի մասին, կցուցադրվի նույն հրապարակում ժամը 20:30-ին:

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ. Այս տարի փառատոնի 2՝ լիամետրաժ և կարճամետրաժ մրցութային ծրագրերում 17 ֆիլմ է ընդգրկված՝ աշխարհի 12 երկրից՝ Ֆրանսիայից՝ Չինաստան, Ռուսաստանից՝ Իրան և այլն: Կարելի ասել՝ այստեղ ներկայացված են վավերագրական կինոյի բոլոր ժանրերը՝ ազգագրական ֆիլմից մինչև կենսագրական, խրոնիկալ-հրապարախոսականից մինչև անիմացիոն վավերագրություններ:

ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ. Երևանի «Գյոթե» կենտրոնի հետ համագործակցությամբ կլինի նաև անվանի գերմանացի գրող Թոմաս Մանի երեխաների զարմանալի ճակատագրերի մասին պատմող «Փախուստ դեպի կյանք. Էրիկա և Կլաուս Մաների պատմությունը» ֆիլմի հատուկ ցուցադրությունը՝ հեղինակի՝ անվանի գերմանացի վավերագրող, Բեռլինի կինոփառատոնի համակարգող և այս տարվա ժյուրիի Վիլանդ Շփեկի ներկայությամբ: Վերջինս նաև հատուկ վարպետության դաս կանցկացնի հանդիսատեսի և կինոուսանողների համար:

CineDOC-Tbilisi միջազգային կինոփառատոնի հետ համագործակցության արդյունքում՝ «Ծիրանի ծառի» արտամրցութային ծրագրում տեղ են գտել վերջին տարիների լավագույն ռուսական վավերագրական ֆիլմերից երկուսը՝ «Խարույկներ և աստղեր» և «Տարօրինակ մասնիկներ»:

Հատուկ վարպետաց դասով հանդես կգա նաև անցյալ տարվա փառատոնի դափնեկիր՝ ռումինացի ռեժիսոր Անդրեյ Դասկալեսկուն իր «Պետրիլա մոլորակը» ֆիլմի ցուցադրությունից հետո:

Ֆիլմերը ցուցադրվելու են Ուջանի հրապարակում և դպրոցում, ինչպես նաև Երևանում` «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմացանկին, ֆիմերի տևողություններին և ընդհանուր ծրագրին կարելի է ծանոթանալ  այստեղ

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register