ՎԱՐՁՈՎ ԵՆ ՏՐՎՈՒՄ…ԳՐՔԵՐ

books

…Եվ սա ամենևին էլ վերնագիր չէ՝ ուղղակի տպավորելու համար: Վահե Բաղինյանն, իսկապես, արդեն մի քանի ամիս է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Գրքերի վարձույթ» էջի  միջոցով  օգտատերերին առաջարկում է մեկ-երկու շաբաթով, հինգ հարյուրից հազար դրամ սահմաններում գրքեր վարձել: Հետաքրքիր մտահղացումը շատ արագ սիրվեց օգտատերերի կողմից, Վահեն անգամ հասցրել է սիրված գրքերից երեք-չորսական օրինակ գնել՝ ընթերցողներին չսպասեցնելու համար: Գաղափարի հեղինակի հետ զրուցեցինք նոր մտահղացման, դրա իրագործելիության ու հետագայում մեզ սպասող նոր գրքերի մասին:

 – Գրքերի՝վարձակալելու տարբերակը նորություն է մեզ համար, Դուք առաջինն եք, ով նման հետաքրքիր աշխատանք սկսեց: Ինչպե՞ս ծնվեց գաղափարն ու ինչո՞վ է գրքերի վարձույթը տարբերվում, ասենք, հասարակ գրադարան այցելությունից:

– Սկսելու գաղափարը ծնվեց հանկարծակի: Ծնվեց մի օր, երբ ես գրախանութում՝ նոր թարգմանված ու տպված հերթական գիրքը ձեռքիս մտածում էի գնե՞լ, թե՞ ոչ: Թանկ էր, ու չգիտեի՝ արդյոք լավն է լինելու: Այդ պահին էլ հասկացա, որ գրքերին նախ ծանոթանալու հնարավորություն է պետք տալ, հետո էլ կան մարդիկ, որոնք գումար չունեն, որոշ գրքեր իսկապես շատ թանկ են, պիտի չկարդա՞ն, այլընտրանք է պետք մտածել: Որպես գաղափար ահագին ժամանակ խմորվում էր մեջս: Քանի որ գրքերի վարձույթի պես ծառայություն չկար, մարդկանց արձագանքը կանխատեսելն էլ փոքր-ինչ դժվար էր: Բացի դա, ընկերներս, ծանոթներս, կարելի է ասել՝ բոլորը դեմ էին՝ պատճառաբանելով՝ հիմա ո՞վ է կարդում: Ես չլսեցի նրանց  ու  գործի անցա:

Իսկ թե ինչով է տարբերվում գրադարաններից, կարող եմ պատասխանել այսպես՝ տարբերվում է նրանով, որ վճարովի է, և դրան զուգահեռ նրանով, որ այս պահին մենք կարողանում ենք ամենախստապահանջ ըներցողին հասանելի դարձնել բնագրից թարգմանված և երկու օր առաջ տպագրված համաշխարհային ճանաչում ստացած ժամանակակից հեղինակի գործը, որը կամ չկա այլ գրադարաններում, կամ էլ պետք ամիսներով հերթ կանգնես կարդալու համար: Որոշ գրադարաններում հայերեն թարգմանություններից կամ աշխարհահռչակ, այլալեզու գրքերից լավագույն դեպքում երկու օրինակ կա, որը տեղում բռնացնել գրեթե հնարավոր չի: Ես այդ գրքերից ունեմ երեք-չորս օրինակով, հիմնականում թիրախավորում ենք հենց գրադարաններում չճարվող գրքերը: Նախաձեռնության նպատակը ընթերցողի համար անհասանելի գրքերը հասանելի դարձնելն է, գիրքը գնելուց առաջ գրքին շատ մատչելի գումարով ծանոթանալու հնարավորություն ընձեռնելը: Իսկ դրա դիմաց վճարը սահմանել ենք այնքան, որ ծառայությունից օգտվեն բոլորը՝ անկախ ֆինանսական վիճակից:

 – Արձագանքն ուժգին էր, գրքասերները Ձեր մտահղացումը ջերմորեն ընդունեցին: Ինչո՞վ եք պայմանավորում այս մեծ հետաքրքրությունն ու հաջողությունը:

– Այո, ես հպարտությամբ կարող եմ ասել, որ արձագանքն անսպասելի էր: Հաջողության մասին դեռ վաղ է խոսել: Բայց այն, ինչին հասել եք մոտ 2 ամսվա ընթացքում խոսում է միայն նրա մասին, որ դատարկ են այն բոլոր կարծիքները, թե հիմա չեն կարդում: Իսկ լավ արձագանքները եկել են ու դեռ շատ կգան լավ մարդ-ընթերցողներից: Պատկերացրեք մի ընթերցողի, որը ուզում է կարդալ, օրինակ, Հերման Հեսսեի բնագրից նոր թարգմանված ու տպված՝ «Հուլունքախաղը» գիրքը, բայց չի կարողանում գտնել կամ գնել, գինը թանկ է՝ 7000դր: Ու հանկարծ հայտնվում ենք մենք ու առաջարկում. վճարեք 500 դրամ և 7 օրվա ընթացքում կարդացեք այդ գիրքը: Դա էլ բավական չէ, ասում ենք, հարգելի ընթերցող, ժամկետը կախված է գրքի ծավալից և ընթերցողի զբաղվածության աստիճանից: Եթե աշխատում եք, կամ նորածին, փոքր երեխա եք խնամում, մենք գիրքը կտանք 15 օրով ու ոչ մի լրացուցիչ վճար: Կարծում եմ՝ նման պայմաններից հետո կիրթ մարդկանց կողմից այլ արձագանք չէր կարող լինել:

– Շատ են ասում, որ սերունդը չի կարդում, ճիշտ նկատեցիք: Ի՞նչ են պատմում վարձակալած գրքերը՝ հյուր գնացած ընտանիքներից:

 – Գիտեք, ես արդեն ծիծաղում եմ այդ արտահայտության վրա: Ես հավաստիացնում եմ, որ կարդում են, ավելին ասեմ՝ շատ են կարդում: Ունենք շատ կիրթ, զարգացած ընթերցողներ: Ու ամենակարևորը՝ ճաշակով ընթերցողներ: Հատկապես 17-25 տարեկանների մեջ ու հատկապես աղջիկների:

– Ո՞ր գրքերն են Ձեզանից ամենաշատը խնդրում, դրանց մեջ տեղ ունե՞ն հայ գրողները:

 – Այս երկու ամիսների ընթացքում 3 գիրք կա, որ ամեն օր կարելի է ասել հարցնում են ու ցանկանում վարձակալել: Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունն» է և Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը»: Որքան էլ զարմանալի է, շատ են վարձակալում Հիտլերի «Իմ Պայքարը» գիրքը: Հայ գրողներից Լևոն Խեչոյանի գրքերն են պահանջված: Ես ինքս պարտադիր առաջարկում եմ հայ գրողների գրքեր: Հաջորդ ամիս, կարծում եմ, կկարողանամ կյանքի կոչել մի ծրագիր: Եթե ոչ բոլորին, ապա շատերին գիրք պատվիրելուց պարտադիր առաջարկելու եմ հայ գրողների գրքերն անվճար: Կարծում եմ՝ մի փոքր գումար և ցանկություն ներդնելուց հետո կստացվի կատարել սա:

– Գրադարանը հաճախ եք թարմացնում: Ո՞ր գրքերին սպասենք մոտ ժամանակներում՝ վարձույթի ակնկալիքով:

– Մեր գրադարանն ամեն օր է թարմացվում՝ հիմնականում պատվերների հիման վրա: Ինչ գրքերի սպասե՞ք: Անձամբ ես սպասում եմ իմ սիրած հեղինակներից մեկի՝ Իտալո Կալվինոյի հայերեն թարգմանված գրքին, որը մոտ ժամանակներս արդեն կլինի վաճառքում և վարձույթում: Սպասում ենք նաև Նաբոկովի «Լոլիտա» գրքի հայերեն թարգմանությանը: Վստահ եմ՝  Զավեն Բոյաջյանի թարգմանության շնորհիվ այդ գիրքը կսիրվի: Այս տարի շատ լավ գրքեր են թարգմանվելու և տպվելու: Իսկ մենք պարտադիր ունենալու ենք դրանք:

Զրուցեց՝ Սյունե Սևադան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register